«Ինձ կախարդական փայտիկ պետք չի, իմ սպիտակ փայտիկն ինձ կաթիլ-կաթիլ առաջ է տանում». Տեսողությունը կորցրած Սիփանը ավագանու թեկնածու է
|
![]() |
Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցում է նաև փոքր հասակում տեսողությունը կորցրած Սիփան Ասատրյանը: «Սիրելի՛ ընկերներ, «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու թեկնածուներից եմ։ Երևանի ավագանու անդամ դառնալը ինքնանպատակ չի լինելու ինձ համար։ Փորձելու ենք իրական դարձնել հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի և ներառական քաղաք ունենալու բոլորիս երազանքը»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Սիփանը։
GlobNews.am-ը ներկայացնում է Սիփանի հետ անցկացրած հարցազրույցը, որն արվել է 2017 թվականի տարեվերջին:
Ազգային առաջնորդության ինստիտուտում հաճախ կարող եք հանդիպել Սիփանին, որ սպիտակ փայտիկը ձեռքին բարձրանում է աստիճանները, ապա, հասնելով իր աշխատասենյակին, շոշափելով գտնում բանալու անցքը, բացում դուռը և մտնում ներս: Անելքին ամենօրյա է. թարգմանություն, ռադիոհաղորդման տեքստի կամ նյութի սղագրում:
«Այստեղ աշխատանքի եմ անցել 2007 թվականից: Շատ հաճելի է, որ ինձ և տեսողության խնդիր ունեցող այլ անձանց աշխատելու հնարավորություն է տրվել: Կարևոր է, երբ հնարավորություն ես ունենում շփվել մարդկանց հետ, ովքեր ունեն նույն խնդիրը, ցույց տալ քո հմտություններն ու կարողությունները, կատարել սիրելի աշխատանքդ»,- պատմում է 28-ամյա Սիփանը:
«Երբ կորցրի տեսողությունս, չորս տարեկան էի: Ես չէի հասկանում կատարվածը, կարծում էի, որ այդպես էլ պետք է լիներ», Սիփանը պատմում է ծանր գրիպի հետևանքով տեսողության կորստի մասին՝ բավականին հանգիստ տոնով, առանց ողբերգություն դարձնելու:
«Երբ գիտակցեցի, որ ի տարբերություն շրջապատի երեխաների, ես չեմ տեսնում, սկսեցի մտածել. թերի եմ նրանցից: Բնականաբար, դա շոկ էր ինձ համար, սկսեցի մեղավորներ փնտրել»:
Սիփանի համար մեղավորներ փնտրելն այն ժամանակ բնավ էլ խնդիր չի եղել, քանի որ դա թերևս հեշտ տարբերակն էր, բացի այդ, տեսողության խնդիր ընտանիքում ուներ միայն նա: «Այդ ժամանակ, իմ կարծիքով, բոլորն ունեին մեղքի իրենց բաժինը. մեղավոր էին ծնողներս, քույրս, հարևանները: Բայց ընտանիքիս շնորհիվ շուտով հասկացա, որ ոչ-ոքի մեղադրել պետք չէ, որ պետք է ընդամենը սովորել ապրել նոր պայմաններում, որ իմ չտեսնելը առանձնահատկություն է, այլ ոչ՝ թերություն»:
Շրջակա միջավայրը, որ պակաս դերակատարություն չունի նման հարցերում, Սիփանի դեպքում առնվազն խոչընդոտ չի եղել, խտրականության զգացումը՝ ոչ այնքան ուժեղ: «Բակի, հետո նաև դպրոցի երեխաները ինձ հետ շփվում էին, ճիշտ է՝ ոչ լիարժեք, բայց ամեն դեպքում խտրականություն այդքան էլ չէի զգում»:
Սիփանի խոսքերով, ավելի լավ է գտնել ելքեր, այլ ոչ՝ մեղավորներ: Մեղավորներ փնտրել բոլորն էլ կարող են, բայց ավելի ճիշտ է, որ այդ ժամանակը ծախսվի ելքեր փնտրելու, կրթվելու և առաջ գնալու համար: Շատ են մարդիկ, ովքեր հաշմանդամության պատճառով մեկուսանում են, սպասում իրենց ամսական թոշակին, տեղում դոփում և զգում, որ շրջապատում ամեն ինչ լճացել է: Այդպես վարվողներին բնական է, որ քչերը կընդունեն: Շրջապատը քեզ չի գնահատի, եթե դու ոչինչ չանես:
Երազանքների Սիփանը չի տրվում: Նրա համար նպատակներ կան, որոնց աշխատում և հասնում է: Ինքնադրսևորվելու հարցում էլ տեսողության խնդիրը չի խոչընդոտել նպատակասլաց երիտասարդի ձգտումների իրագործմանը: Եվ որպեսզի նպատակները, դրանց հասնելու խնդիրներն ու ճանապարհները ինքնուրույն լուծի, Սիփանն ավելի շատ ժամանակ ու ջանք է նվիրել կրթությանը: «Օգտվել եմ ինձ տրված հնարավորությունից անվճար հիմունքներով սովորելու Երևանի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետում, ապա 2 մասնագիտությամբ մագիստրատուրայում խորացրել կրթությունս, հիմա էլ ասպիրանտ եմ, հույս ունեմ, որ մի օր ուսուցիչ կամ դասախոս եմ դառնալու»:
Սիփանի համոզմունքներով, հաջողությունները ստիպում են ավելի վստահ քայլերով առաջ գնալ: «Վստահ եմ՝ տեսողական խնդիր ունեցող երեխաների հետ ես շատ ավելի լավ կկարողանամ աշխատել, քանի որ սեփական մաշկի վրա եմ զգացել այն, ինչ այդ երեխաները»:
Կրթվել, աշխատել ինչպես բոլորը՝ դժվար խնդիր չէ: Բայց երբ կարծրատիպերն են գործում, մնում է անխոնջ պայքարել: Սիփանը պայքարում է, որպեսզի առաջ գնա, ավելի լավ աշխատանք ունենա, իսկ գործատուն նրան երբեմն «չի վստահում»: Վերջերս ավելի բարձր վարձատրվող աշխատանքի դիմելու փորձը չի հաջողել. դեռևս գործում է կարծրատիպ, որ եթե ունես ֆիզիկական խնդիր, ապա ոչինչ անել չես կարող:
«Իմ շրջապատում տեսողության խնդիրներ ունեցող շատ մարդիկ կան, ովքեր միջազգային բուհերում են սովորել, սակայն այստեղ աշխատանք չեն գտնում: Երբ աշխատանքի համար դիմում են, գործատուն շատ արագ արձագանքում է, իսկ հանդիպումից հետո հրաժարվում աշխատանքի ընդունել»:
Սիփանն ըմբռնումով է մոտենում հասարակության վերաբերմունքին, նշելով, թե հասարակությունը դեռևս այնքան կրթված չէ, որ հասկանա՝ ֆիզիկական խնդիր ունեցողի միտքը կարող է առողջ լինել, և տեսողական խնդիր ունեցողը կարող է, օրինակ, լավ հեռախոսավար լինել, կամ տեքստեր հավաքագրող:
Հետաքրքրական է, որ ըմբռնման հետ մեկտեղ մեղադրանք էլ չի հնչեցվում: «Դեռ անսովոր է փողոցում սպիտակ փայտիկով կամ անվասայլակով մարդկանց տեսնել: Խորհրդային տարիներին այդ մարդիկ տանը բանտարկված էին: Պետք է կոտրել կարծրատիպերը: Մարդիկ նախ խեթ-խեթ են նայում, ապա առաջարկում օգնել, երրորդ օրը ուղեկցում են, իսկ չորրորդ օրը ընկերանում քեզ հետ»:
Կրթության ջատագովն ընտանիքի նվիրյալ հայր է և ամուսին: Սիփանի ընտանեկան մոլորակի փոքրիկ հրաշքը՝ Նանեն, մեկ տարեկան է: Ընդմիշտ միայնության դատապատրվածության զգացումն ապրած, ու կրկին անցյալի ոչ վառ էջերի հիշողությունից ժպիտը չկորցնող Սիփանը ամենայն հանդարտությամբ է խոսում այն մտքերի մասին, թե երբևէ սիրված լինելու հույս չի ունեցել:
«Շատ ցածր ինքնագնահատական ունեի: Փորձում էի աղջիկների հետ ինչ-որ հարաբերություններ կառուցել, բայց չէր ստացվում: Սպիտակ ձեռնափայտով շարժվել սովորելիս էլ մտածում էի, որ պետք է սովորեմ ամեն ինչ ինքնուրույն անել, որովհետև ապագայում մենակ եմ մնալու»:
Բայց եղավ հակառակը. սպիտակ ձեռնափայտը Սիփանին տարավ ինքնուրույնության: Եվ ապագա կնոջն հանդիպելուց հետո հասկանալի էր, որ միայնակ լինելու ոչ մի ցանկություն չկա: «Կինս իմ անձն է սիրել, և ինչպես ինքն է ասում՝ ինձ սպասել է շատ երկար: Եվ շատ կարևոր է, որ մենք գիտակցելով՝ ինչ դժվարությունների կհանդիպենք, ամուսնացանք: Այժմ երջանիկ ենք, քանի որ ունենք մեկամյա լույս, ով փոխել է մեր կյանքը»:
Սիփանը վստահ է, որ քայլ առ քայլ հասնելու է իր նպատակներին: «Այժմ ես ունեմ մեկ նպատակ. ասպիրանտուրան գերազանց ավարտել և դասավանդել: Դրա համար ինձ կախարդական փայտիկ պետք չի, իմ սպիտակ փայտիկն ինձ կաթիլ-կաթիլ առաջ է տանում»:
Նարե ԳՆՈՒՆԻ