Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Կարոտել եմ Վազգենին, Մոնթեին և գոյամարտում զոհված տղաներին. Սերժ Սարգսյանի բացառիկ հարցազրույցը

 

Առաջին զգացումը, որն ունենում եմ, ափսոսանքի զգացում է: Էն փայլուն տղաները ափսոս, որ զոհվեցին, նրանցից շատերը առաջնորդներ էին: Այս մասին այսօր Արցախի հանրային հեռուստատեսությանը տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:

«Տղաներից շատերը մինչև վերջ նվիրված էին իրենց հայրենիքին, և հիմա կարող էին շատ մեծ օգուտ բերել մեր երկրին: Բայց ափսոսանքին անմիջապես հաջորդում է երախտագիտության զգացումը, իմ կարծիքով տղամարդկային երախտագիտությունն ունի իր նրբերանգները, և առաջին հերթին դա նշանակում է հավատարմություն այն գործի հանդեպ, հանուն որի զոհվել են, կամ ինչին նվիրել են իրենց կյանքը այն մարդիկ, ովքեր զոհվել են: Ես կարծում եմ, որ այսօրվա սերունդը երախտագիտություն է ցուցաբերում, որի համար շատ ուրախ եմ: Այսօր ամենամեծ գործը կլինի այն, որ նոր սերունդը իր հայրերի կամ ավագ ընկերների արածը համարի իրենը, որպեսզի հոգով նվիրվի պապերի գործին»:

Լրագրողի դիտարկմանը, որ Շուշին ազատագրելու համար է Սերժ Սարգսյանը Արցախի հերոսի կոչում ստացել, ի՞նչ զգացում ունի այսօր, Սերժ Սարգսյանը պատասխանեց՝ առանց չափազանցելու ասեմ, որ ամեն անգամ, երբ խոսք է գնում Շուշիի մասին, իմ ականջներում զրնգում են Վալերիյ Չիչյանի խոսքերը, որ նա ռուսերեն արտաբերեց՝ «противника не вижу»: «Դա մայիսի 9-ի առավոտյան էր՝ 5.00-5.15-ի արանքում, երբ երկրորդ անգամ նա դա ասեց, արդեն պարզ էր, որ Շուշին գրավված էր: Շատ երկար տարիներ տարբեր ոչ բարեխիղճ հայտարարությունների առաջն առնելու համար միանշանակ պետք է ասենք, որ Շուշիի օպերացիայի հրամանատարը Արկադի Տեր-Թադևոսյանն էր: Որոշված էր Շուշիի վրա հարձակվել 4 ուղղություններով»,- նշեց Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը պատմեց, որ շարժման ընթացքում Արցախի բոլոր նախագահները եղել են առաջնագծում: «Օրինակ՝ Ռոբերտ Քոչարյանը եղել է զինվորի կարգավիճակում՝ զենքը ձեռքին: Իսկ ընդհանուր պատասխանատուն ես էի, որ հաշվետու էի Ռոբերտ Քոչարյանին և Վազգեն Սարգսյանին: Հաստատապես կրկնում եմ, որ Շուշիի ազատագրումը կանխորոշեց շատ բան»:

«Թող սենտիմենտալ չհնչի, կարոտում եմ առաջին հերթին էն տղաներին, ովքեր գոյամարտի ընթացքում զոհվել են: Շատ եմ կարոտում Վազգենին, Ավոյին (Մոնթե Մելքոնյան), կարոտում եմ Բեկորին, Նորիկին, կարոտում եմ Դուշման Վարդանին, շատ շատերին եմ կարոտում: Եվ այս քանի օրերի ընթացքում կաշխատեմ այցելել մեր տղաներից մի մեծ շարքի շիրիմներին, գոնե ինչ-որ չափով իմ հարգանքը վերահաստատելու: Ակնհայտ է, որ առանց ավագ սերնդի դժվար է շատ լուրջ հաջողությունների հասնել: Անկասկած, երիտասարդների դերը մեծ է, բայց այն ժամանակ, երբ մենք էինք երիտասարդ, չէինք կարողանա հաղթահարել մարտահրավերները, եթե մեր պապերն իրենց այդպես չդրսևորեին»,- եզրափակեց Սերժ Սարգսյանը:

Ավելին տեսանյութում: