Այսօր՝ 2020-05-28 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Զովասարում մեկ տարում 3 երեխա է ծնվել. երիտասարդները չեն ամուսնանում, աղջիկ չկա

 

Արագածոտնի մարզի Զովասար համայնքը տարեցտարի դատարկվում է: Համայնքի ղեկավար Կիրակոս Պողոսյանը նշում է՝ պաշտոնը թողնելու հաջորդ օրը ինքն էլ է լքելու հայրենի գյուղը և տեղափոխվելու է Երևան:

«Գյուղի կյանքը բարդ ա, պայմաններ չկան, աշխատանք չկա, երիտասարդները լքում են գյուղը, գնում են Աշտարակ, Երևան, երբեմն նաև Ռուսաստանի Դաշնություն»: Համայնքապետի խոսքը հաստատում են գյուղի բնակիչները, նշելով՝ աշխատանք չկա, ապրուստ չկա, վարկերի ու պարտքերի տակ «ճռռում ենք»:

Համայնքում վերջին տարիներին ծնելիության մակարդակը նվազել է, 2019 թվականին 4 երեխա է ծնվել, իսկ նախորդ՝ 2018 թվականին ողջ տարվա ընթացքում ընդամենը 3 երեխա: Նոր ընտանիքներ չեն կազմվում. գյուղի երիտասարդների 70 տոկոսը չի ամուսնանում: «Գյուղի 60-70 երիտասարդ տղաները, որոնք 30 տարեկանը բոլորել են, մնացել են անամուսնանալ, աղջիկները հարսնության են գնում հարևան համայնքներ, իսկ մեր համայնք հարս գալ ցանկացողներ չկան»,- նշում է Կիրակոս Պողոսյանը:

Բարձրադիր լեռներով շրջապատված համայնքում գյուղացիները հիմնականում զբաղված են գյուղատնտեսությամբ, մշակում են կարտոֆիլ, ցորեն, առվույտ և կորնգան:

«Ստացված բերքը սեփական օգտագործման համար ա, չենք վաճառում»,- նշում են բնակիչները, ապա հավելում՝ կլիման այնպիսին է, որ այլ մշակաբույսեր աճեցնելը ձեռնտու չէ: «5-6 ամիս ձմեռ ա, չնայած վերջին տարիներին մի քիչ կլիման փոխվել ա. բալ, խնձոր, ելակ ևս կարողանում ենք աճեցնել»:

Բացի գյուղատնտեսությունից, համայնքի բնակիչները զբաղվում են նաև անասնապահությամբ: «Համայնքում 320 հեկտար վարելահող կա, որից ընդամենը 170-180 հեկտարն է մշակվում: Անասնագլխաքանակը ևս մեծ չէ՝ 264 գլուխ խոշոր, 1000-1200 մանր եղջերավոր անասուն: Կաթը մթերում են լիտրի դիմաց 120 դրամով»:

Մեր դիտարկմանը, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը նեղսրտում է, թե մազրում աշխատանք կա, իսկ աշխատող՝ ոչ, արդյոք համայնքի բնակիչները չեն կարող գնալ հարևան գյուղեր և աշխատել, Զովասարի բնակիչներից տիկին Շուշանը նշեց. «Հա, ամռան 3 ամիսներին գնան աշխատեն, հետո մնացած ամիսներին ի՞նչ անեն: Մարդիկ ավելի հարմար են գտնում քաղաք գնալ և էնտեղ աշխատել»:

533 գրանցված և 500 փաստացի բնակիչ ունեցող համայնքի զարգացման հեռանկարի մասին խոսելիս գյուղացիները խորը հոգոց են հանում, իսկ գյուղապետը նշում է՝ աշխատուժ չկա, ինչ զարգացման մասին ա խոսքը: «Սկի մանկապարտեզ չունենք, դպրոցում մի փոքր հատված են տրամադրել՝ որպես նախակրթարան, երեխեքը զբաղմունք չունեն: Ամռանը հողերի մեջ անկացնելով մա՞րդ կդառնան»,- նեղսրտում են բնակիչները: Թեև ծնողները նեղսրտում են, երեխաները շարունակում են իրենց աղմկոտ վազքը ցանի կույտերի շուրջբոլորը՝ գոհունակությամբ վայելելով ամառային արձակուրդները: