Այսօր՝ 2020-06-04 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Անի Սամսոնյանը նախարարին առաջարկում է ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրություն նախաձեռնել

 

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը բաց նամակով դիմել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանին։

«Օգոստոսի 22-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը թողեց զբաղեցրած պաշտոնը դոկտորական ատենախոսության հետ կապված խնդիրների պատճառով։ Մասնավորապես՝ օգոստոսի 26-ին Բարձրագույն որակավորման կոմիտեն հրապարակեց Ռուբեն Հայրապետյանի դոկտորական ատենախոսության վերաբերյալ բողոքն ուսումնասիրող հանձնաժողովի եզրակացությունը, համաձայն որի «համեմատված հատվածների գերակշիռ մասում առկա են այլ հեղինակներից և աղբյուրներից փոխառված նյութեր՝ առանց համապատասխան հղումների»:

Ձեր՝ օգոստոսի 21-ին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արված հայտարարության մեջ նշված էր, որ՝ «Հաշվի առնելով այն, որ մեր կառավարության և անձամբ ինձ համար կրթական և գիտական համակարգում նման երևույթների բացառումն առաջնային նշանակություն ունի՝ եկանք փոխադարձ համաձայնության, որ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանը կթողնի զբաղեցրած պաշտոնը»:

Պետք է նշեմ, որ հանրության շրջանում տարակուսանք է առաջացել, թե ինչու է ցուցաբերվում խտրական մոտեցում, երբ Բարձրագույն որակավորման կոմիտեն ձեռնամուխ է եղել ուսումնասիրելու միայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյան ատենախոսությունը։ Միևնույն ժամանակ հանրությունը ակնկալում է հավաստիանալ հետևալ հարցում՝ արդյոք մյուս բուհերի ռեկտորների դոկտորական ատենախոսությունները զերծ են գրագողությունից:

Հաշվի առնելով կրթական և գիտական համակարգում գրագողության նկատմամբ Ձեր ցուցաբերած լրջագույն վերաբերմունքը և հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի, 1-ին մասի, 11-րդ կետը՝ առաջարկում եմ նախաձեռնել ՀՀ բոլոր բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորների դոկտորական ատենախոսությունների ուսումնասիրությունը՝ բացառելով խտրական մոտեցումը։

Շնորհակալություն համագործակցության համար»։