Այսօր՝ 2020-06-02 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցը կոգեկոչվի Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում

 

Պոլսահայ անվանի մտավորական, հրապարակախոս, Ստամբուլում լույս տեսնող հայկական «Ակոս» թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 13-րդ տարելիցի առթիվ Թուրքիայի և աշխարհի մի շարք քաղաքներում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն, տեղեկացնում է էրմենիհաբերը։

Դինքի սպանության օրը՝ հունվարի 19-ին, հիշատակի միջոցառում կանցկացվի հենց դեպքի վայրում՝ «Ակոս» թերթի նախկին խմբագրատան շենքի դիմաց։ Նույն օրը հոգեհանգստի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև Բալըքլըի հայկական գերեզմանատանը և Բաքըրքյոյի հայկական Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Հունվարի 19-ին Ստամբուլի տարբեր վայրերում, այդ թվում՝ «Արաս» հրատարակչության «Եսայան» սրահում, կկազմակերպվեն նաև Հրանտի հիշատակին նվիրված հանդիպում-քննարկումներ, իսկ «Ոմանք» հայկական երաժշտական խումբը Բեյօղլուում հանդես կգա Հրանտի հիշատակին նվիրված համերգով։ Հիշատակի և ոգեկոչման արարողություններ կկազմակերպվեն նաև մայրաքաղաք Անկարայում, Իզմիրում, Բոդրումում։

Թուրքիայից բացի հունվարի 18-ին և 19-ին Հայաստանից և Թուրքիայից ժամանած հյուրերի մասնակցությամբ հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն նաև Անգլիայում (Լոնդոնի Սուրբ Եղիշե հայկական եկեղեցի), ԱՄՆ-ում (Հարվարդ, Լոս Անջելես), Գերմանիայում (Բեռլին, Ուլմ, Աուգսբուրգ), Կանադայում (Օտտավա, Մոնռեալ), Նիդերլանդներում (Ամստերդամ) և Ավստրայում (Վիեննայի Սուրբ Հռիփսիմե հայական եկեղեցի)։ Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել էր 2007թ․ հունվարի 19-ին՝ «Ակոս» թերթի խմբագրատան մուտքի մոտ։ Սպանությունից անցել է արդեն ուղիղ 13 տարի, բայց դեպքի առթիվ հարուցված դատական գործը դեռ չի ավարտվել։ Դինքի սպանության հրահրման և կազմակերպման մեջ մեղադրվում են մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։