«Հուլիսի 1-ից Հայաստանում գործում է բջջային հեռախոսով ճանապարհային երթևեկության կանոնների խախտում արձանագրելու կարգը: Սակայն activesociety.am վեբ կայքում հնարավոր է գրանցվել միայն eID կամ MOBILEID համակարգերի միջոցով։ Քաղաքացիները դժգոհում են, որ էլեկտրոնային նույնականացման քարտ կարդալու սարք, մեղմ ասած, ոչ բոլոր քաղաքացիներն ունեն: Երկրորդ դեպքում՝ պահանջվում է բջջային նույնականացման քարտ, որը տրամադրող կազմակերպությունը սպասարկում է միայն «Բիլայն» ընկերության համարներ, այն էլ՝ հատուկ քարտերով, այսինքն՝ քաղաքացին պետք է պարտադիր նոր քարտ գնի: Ստացվում է, որ քաղաքացիները, որոնք ցանկանում են արձանագրել իրավախախտումներ, հայտնվում են անհավասար պայմաններում, սահմանափակվում են օրենքից օգտվելու նրանց իրավունքները: Այս հարցով դիմել էինք ՀՀ ոստիկանություն, որտեղից ստացել ենք պատասխան, որ նման կարգավորմամբ որևէ խտրական մոտեցում չի դրվել: