Արդեն մի քանի օր է, Արարատի մարզի Խարբերդի 20, 21 և 22 փողոցների 1000-ից ավելի բնակիչներ ամեն օր զանգահարում են «Վեոլիա ջուր» ընկերության թեժ գիծ ու միշտ լսում նույն պատասխանը: Այսօր, հունիսի 27-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Երկար տարիներ է, էս խնդիրը, չգիտես ինչու, չի լուծվում: Ո՞վ է տեսել, 21-րդ դարում մարդիկ ջրի խնդիր ունենան: Շատ բան չենք ուզում: Գոնե օրը մի քանի ժամ մարդավարի ջուր տան: Կանոնավոր վճարումները կատարում ենք, իսկ «Վեոլիա ջուրը» ասես մեզ արհամարի: Ո՞ւմ դիմենք, որ էս խնդիրը վերջապես լուծվի: Պատասխանատու մարմինները ամեն օր հայտարարում են, որ էս համավարակի պայմաններում հետևեն սանիտարահիգիենիկ պայմաններին, հաճախակի լվացվեք: Դուք հասկանում ե՞ք ձեր կոչի իմաստը: Ո՞նց լվացվենք, եթե ամիսներով ծորակները չոր են: Պաշտոնյան ի՞նչ աստիճանի չգնահատի իր քաղաքացուն, որ էս դարում ջուրը կյանքի գնով հայթհայթենք: Էլ չենք ասում, որ «Վեոլիա ջրի» անմարդկային վերաբերմունքի պատճառով էս փողոցները խրամատներ են հիշեցնում: