Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Այս համաձայնագիրը սոսկ իրավական փաստաթուղթ չէ. Սերժ Սարգսյան

 

Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 24-ին, ԵՄ Արևելյան գործընկերության գագաթնաժողովում իր ելույթում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանն, իր ելույթում, մասնվորապես, ասել է.

«Շնորհակալ եմ այս գագաթնաժողովը համբերատարությամբ նախապատրաստելու եւ բարձր մակարդակով անցկացնելու համար։

Կցանկանայի նշել, որ 2017 թվականն իրավամբ կարելի է համարել Հայաստան-ԵՄ հարաբերությունների քառորդդարյա պատմության կարեւոր հանգրվաններից մեկը, որ նշանավորվում է այսօր՝ այս գագաթնաժողովի շրջանակներում, ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրմամբ։ Այն համընդգրկուն փաստաթուղթ է, արտացոլում է մեր երկկողմ փոխգործակցության վերջին շրջանի նշանակալի զարգացումները եւ սահմանում դրանց խորացման համար անհրաժեշտ ուղենիշները:

Այս համաձայնագիրը սոսկ նոր իրավական փաստաթուղթ չէ, այլ մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների վրա խարսխված այն արժեհամակարգի արտացոլումն է, որը մենք դավանում ենք։

Համաձայնագրի հիմքում ընկած են ժողովրդավարության արմատավորման այնպիսի կարեւոր դրույթներ, ինչպիսիք են իրավունքի գերակայությունը, արդարադատության ամրապնդումը, պետական եւ հասարակական ինստիտուտների զարգացումը, լավ կառավարումը։ Այս դրույթներն արդյունավետ կյանքի կոչելը կենսական կարեւորություն ունի մեր երկրում հետագա բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու տեսանկյունից:

Հենց այս համատեղ արժեքների վրա հիմնված զարգացումն է միջազգային հանրության յուրաքանչյուր պատասխանատու անդամի երկարաժամկետ եւ կայուն առաջընթացի գրավականը։ Շնորհակալ եմ Եվրոպական Միության ղեկավարությանն այս գործընթացում ցուցաբերած աջակցության համար:

Այս համաձայնագրի կարեւորությունը չի սահմանափակվում Հայաստան-ԵՄ հարաբերություններով. մեր բազմաթիվ միջազգային գործընկերներ Հայաստանը որակում են որպես տարբեր ինտեգրացիոն կառույցներ մերձեցնող երկիր՝ առաջնորդելով շահերի հաշտեցման ու համադրման, համագործակցության եւ համակեցության ոգով, ինչը չափազանց պարտավորեցնող է։ Ուզում եմ ընդգծել, որ այս ողջ գործընթացում Հայաստանի նպատակն ի սկզբանե եղել է մեր երկկողմ եւ բազմակողմ հարաբերությունների հետագա խորացումը:

ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը բոլորիս համատեղ հաջողությունն է եւ կարող է դրական նախադեպ դառնալ համագործակցային այլ ծրագրերի համար: Շնորհավորում եմ բոլորիս այս կապակցությամբ։

Հարգելի գործընկերներ,

Վերջին երկու տարիների հաջողությունները մեծապես պայմանավորված են Ռիգայի գագաթնաժողովի արդյունքներով, մասնավորապես՝ Համատեղ հռչակագրում ամրագրված՝ Հայաստանին վերաբերող դրույթների իրականացման համար գործադրված համատեղ ջանքերով։ Հայաստանը, թերեւս, ԵՄ այն գործընկերներից է, որին հաջողվեց գրեթե ամբողջովին իրագործել 2015թ․ ստանձնած հանձնառությունները։ Հավատացած ենք, որ այս գործընթացում Հայաստանի, ինչպես նաեւ ԵՄ մեր գործընկերների հաստատակամությունն առաջիկայում հանգեցնելու է մեր հասարակությունների առավել մերձեցմանը, ինչի համար, իհարկե, էական նշանակություն ունի վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը:

Տիկնա՛յք եւ պարոնա՛յք,

Մենք ժամանել ենք Բրյուսել այն համոզմամբ, որ գագաթնաժողովը կարեւոր հանգրվան է լինելու Արեւելյան գործընկերության համար։ Հայաստանն ի սկզբանե սատարել է համագործակցության այս ձեւաչափն այն գիտակցությամբ, որ այս գործընկերությունը կոչված է խթանելու տարածաշրջանային կայուն զարգացումը եւ, հանդիսանալով միավորող գործոն, ջնջելու է բաժանարար գծերը՝ հիմնվելով մարդու եւ ժողովուրդների հիմնարար իրավունքների վրա: