Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ուզում եմ գնալ էն դիրքը, որտեղ վիրավորում եմ ստացել, ուզում եմ ամեն ինչ վերհիշել. Դանիել Դավթյան

 
Լուսանկարը՝ Կիմա Բաղդասարյանի

«Ապրիլի մեկ լույս երկուսին հակառակորդը ռմբակոծում էր Մարտակերտը, բայց սկզբում չէինք հասկացել, որ կռիվ ա սկսվել: Բայց վաղ առավոտյան մեզ տագնապով բարձրացրին դիրքեր ու ասացին՝ պատերազմ ա սկսվել», պատմում է Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը:

Դիրքեր բարձրանալիս Դանիելը հստակ գիտակցել է՝ ուր և ինչու է գնում, և հաստատ որոշել է՝ պետք է անի առավելագույնը: «Առաջին զգացողությունս էն էր, որ էս հողը մերն ա, պետք ա պաշտպանենք: Կարևորն էն էր, որ հակառակորդին չպետք է թույլ տայինք մեր սահման ներթափանցել: Հողը պահելու, դուխով կռվելու զգացողությունը ավելի էր ուժեղանում, երբ տեսնում էի ծառայակից ընկերներիս ոգևորությունը, մարտական տրամադրվածությունը»:

Ապրիլի 2-ի վաղ առավոտից մինչև ապրիլի 3-ը Դանիելը ընկերների հետ կենաց ու մահու կռիվ է մղում: «Զրահապատ տեխնիկայի վարորդ էի: Ապրիլի 3-ին վիրավորվում եմ՝ ստանալով գլխուղեղային բեկորային վնասվածք: Վիրավորում ստանալուց հետո, երբ ընկերներս ինձ տեխնիկայի միջից դուրս էին բերում, մի պահ գիտակցությունս տեղը եկավ, աչքերս բացեցի ու կապույտ երկինքը տեսա, բայց չհասկացա՝ ինչ ա կատարվում: Դրանից հետո ինձ տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, առաջին վիրահատությունը անում: Ապա ապրիլի 5-ին ինձ տեղափոխում են Երևան և հոսպիտալում երկրորդ վիրահատությունը անում: Երկու շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո, երբ արթնացա, արդեն Երևանում էի, հոսպիտալում պառկած: Երկու օր չէի գիտակցում՝ ինչ է կատարվում, ուր եմ ես, ինչու եմ էդտեղ հայտնվել, հետո արդեն սկսեցի ամեն ինչ հիշել»:

Կոմայից դուրս գալուց հետո Դանիելը երկու օր կարողացել է ձախ ձեռքն ու ոտքը տեղաշարժել, ապա աստիճանաբար անզգայացել է: «Ուղեղի աջակողմյան վնասվածք էի ստացել ու էդ պատճառով ձախ կողմս թուլացել է: Սկզբում այստեղ ասում էին, որ լավ կլինի արտերկրում բուժումս շարունակել, բայց հետո եկան այն համոզման, որ Հայաստանում ինձ համար պայմաններն ավելի լավն են: Հիմա զինհաշմանդամների կենտրոնում եմ բուժում ստանում»:

Պատերազմից հետո Դանիելը որոշել է՝ ոչինչ չի պլանավորելու: «Մինչ կռիվը երազանք էի պահել, որ ծառայությունս ավարտելուց հետո գալու եմ տուն, սովորեմ, լավ խոհարար դառնամ, աշխատեմ, ամուսնանամ, էն էլ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, իմ մոտ ոչինչ չստացվեց: Հիմա էլ ոչ մի բանի մասին չեմ երազում, կենտրոնացել եմ իմ բուժման վրա: Երբ լիովին ապաքինվեմ, կորոշեմ՝ ինչպես կառուցեմ ապագաս: Ես հավատում եմ, որ էդ օրը գալու ա, հավատը ինձ ոտքի հանեց»:

Ամեն անգամ Եռաբլուր հուշահամալիր գնալիս Դանիելը նույն զգացումն է ունենում՝ ինքն իր եղբայրների կողքին է: «Տղերքը ոտքի կանգնած մեզ են սպասում: Մենք ոչ թե իրենց շիրիմին ենք գնում, այլ ուղղակի գնում ենք իրենց տեսնելու: Կարար լիներ, որ մենք իրենց տեղում սպասելուց լինեինք»:

Պատերազմից հետո Դանիելը սկսել է ամեն ինչին ավելի ծանրակշիռ մոտենալ: «Մինչև կռիվը ամեն բան ավելի պարզ էր թվում, ամեն ինչին ավելի թեթև էի նայում, իսկ հիմա ամեն քայլ անելուց առաջ կշռադատում եմ»:

Քառօրյա պատերազմ արտահայտությունը Դանիելի մոտ սարսուռ է առաջացնում: «Ճիշտ ա, ես ամեն ինչ հիշում եմ, բայց քառօրյա բառը լսելիս էլի, անկախ ինձնից սարսռում եմ: Հատկապես, որ բոլորը, անխտիր բոլորը գնահատականներ են հնչեցնում, թեկուզ մի անգամ էլ դիրք բարձրացած չկան»:

Այժմ Դանիելը ծրագրում է գնալ Արցախ, լինել մարտական այն դիրքում, որտեղ վիրավորում է ստացել: «Ուզում եմ գնալ մեր դիրքեր, որտեղ վիրավորում եմ ստացել, ուզում եմ ամեն ինչ վերհիշել: Մինչ այս առողջական վիճակս թույլ չի տվել, բայց այս տարի ուզում եմ գնալ»:

Նարե ԳՆՈՒՆԻ