Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Բժիշկը չի ասել, որ երեխայի քիթը կոտրված է, միայն հակաբորբոքայիններ է նշանակել և տուն ուղարկել

 

«Արաբկիր» բժշկական համալիրում բժիշկը հրաժարվել է պետպատվերի շրջանակում ռենտգեն անել 3.5 տարեկան տղայի քիթը՝ նշելով, որ որևէ խնդիր ինքը չի տեսնում և ռենտգենի իմաստ չկա: Մեկ օր անց այլ բուժհաստատությունում երեխային ստուգել և ասել են, որ քիթը կոտրված է և պետք է շտապ վիրահատել: Այս մասին GlobNews.am-ի հետ զրույցում պատմեց երեխայի հորաքույրը՝ Անի Կարապետյանը:

«Հոկտեմբերի 16-ին եղբորս բալիկը վայր էր ընկել, դրանից հետո քիթը կապտել էր ու անընդհատ ցավել: Ծնողները նրան տարել էին 7-րդ Մասիվի պոլիկլինիկա (թիվ 22 պոլիկլինիկան է, խմբ.), այնտեղ քիթ-կոկորդի բժիշկը նկատել էր, որ խնդիր կա և ուղարկել էր երեխային վիրաբույժի մոտ: Ու քանի որ այնտեղ ռենտգենի սարք չկա, վիրաբույժը ուղեգիր էր տվել, որ երեխային տանեն ցանկացած հիվանդանոց՝ քիթը նկարելու ու ախտորոշելու»,- պատմեց Անի Կարապետյանը:

Ծնողները երեխային տարել են «Արաբկիր» բժշկական համալիր, որտեղ Սերգեյ Հակոբյանը, ըստ մեր զրուցակցի, հրաժարվել է երեխային ռենտգեն անել: «Երեխայի քիթիկին կպել ա, նայել ու ասել, որ ոչ մի խնդիր չկա: Հետն էլ նշել ա՝ ամոթ էլ ա, որ էսքան ճանապարհ անցել ու երեխային բերել, հասցրել եք էստեղ: Երեխայի մայրն էլ ասել ա, որ մտածում են երեխայի քիթը ծռվել ա, պետք ա ռենտգեն անեն, բժիշկն էլ պատասխանել ա՝ է ծուռ ա, թող ձեր մոտ բժիշկները միջամտեին: Էս տեսակ պատասխանով մի հատ հակաբորբոքային ա նշանակում, որ հարվածի արդյունքում կարող ա արյուն հավաքված լինի, զուտ դրա համար, որ գա ու մաքրվի»:

Հաջորդ օրը երեխային տանում են ատամնաբույժի, ու ատամնաբույժը նկատում է, որ երեխայի քթի հետ խնդիր կա: «Ու էդ օրը էդ կլինիկայում բժիշկների ժողով ա լինում, ատամնաբույժը մասնագետներից մեկին խնդրում ա, երեխային նայում ա: Նայելուց հետո ասում ա, որ քիթը կոտրված ա: Հաջորդ օրը առավոտյան Սուրբ Աստվածամայր ԲԿ-ում երեխային վիրահատում են»,- նշեց երեխայի հորաքույրը:

Ըստ տրամադրված էպիկրիզի, եթե վիրահատություն չլիներ, երեխան չէր կարողանա ձախ քթանցքով շնչել:

Մենք զրուցեցինք փոքրիկին վիրահատող բժշկի՝ Արմեն Ավագյանի հետ, սակայն վերջինս չցանկացավ ինֆորմացիա տրամադրել, թե ինչ վիճակում է երեխան տեղափոխվել հիվանդանոց: «Դա երեխայի անձնական ինֆորմացիան ա, ու կարող ա բժշկական գաղտնիք պարունակել: Էպիկրիզը ծնողի ձեռքում է, կարող եք դրանից ինֆորմացիա ստանալ: Ծնողը իրավասու է էպիկրիզը պատշաճ ձևով փոխանցել»,- նշեց Արմեն Ավագյանը:

«Արաբկիր» ԲԿ-ի տնօրենի օգնականի Շուշան Մելիքյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը իրավասու չէ մեր հարցին պատասխանելու: «Ինչ վերաբերում է երեխայի ծնեղների բողոքին, ես տեղյակ չեմ՝ ինչի մասին է խոսքը, բոլոր հարցերով պետք է նախարարության միջոցով կապ հաստատեք: Իրենք մեզ հարցում կուղարկեն, մենք էլ կպատասխանենք»:

Սակայն Առողջապահության նախարարության լրատվական բաժնից ասացին, որ որ «Արաբկիր» ԲԿ-ն մասնավոր հիվանդանոց է, և իրենք են պատասխանատու իրենց հետ կապված ամեն խնդիր համար: «Իսկ մեր կողմից հարցումներ իրականացնելը վերաբերում է միայն առողջապահական քաղաքականությանը: Իսկ հիվանդանոցի ներքին հարցերը լուծում են իրենք: Բայց մենք էլ կփորձենք կապ հաստատել ԲԿ-ի տնօրինության հետ՝ հասկանալու՝ ինչու են նրանք ուղղորդել դիմել նախարարությանը»,- ասաց ԱՆ մամուլի խոսնակ Լիանա Եղիազարյանը:

Իսկ Սերգեյ Հակոբյանի հետ խոսել չկարողացանք, քանի որ վերջինս արձակուրդում է: