Այսօր՝ 2020-06-03 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

0-ից մինչև 23 տարեկանների շրջանում առաջին տիպի դիաբետի տարեկան 9-10 % աճ է նկատվում. «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ղեկավար

 

2018 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով՝ Հայաստանում բնակվում են 860-ից ավելի առաջին տիպի դիաբետ ունեցող 0-23 տարեկան քաղաքացիներ: Վերջիններիս աջակցելու և ժամանակակից անալոգ-ինսուլիններով ապահովելու նպատակով 2015 թվականի նոյեմբերից մեկնարկեց «Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագիրը: Թե ինչ արդյունքներ է գրանցել ծրագիրը, Globnews.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով «Հաղթենք դիաբետը միասին» հիմնադրամի ղեկավար Խանդութ Հովհաննիսյանի հետ:

«Մենք ունենք Առողջապահության նախարարության հետ համատեղ հուշագիր, որի հիման վրա 0-23 տարեկան բոլոր առաջին տիպի դիաբետ ունեցող երեխաներին տրամադրում ենք ժամանակակից անալոգ-ինսուլիններ: Արդեն երեք տարի է՝ գործում է ծրագիրը և ևս երկու տարի իրականանալու է»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց Խանդութ Հովհաննիսյանը:

Բացի այդ, Հովհաննիսյանի խոսքով, ծրագրի շրջանակում դիաբետ ունեցող երեխաներին տրամադրվում են գրիչ-ներարկիչներ, որոնցով իրականացվում է ինսուլինի ներարկում:

«Այդ գրիչները քայլերով են՝ մեկ կամ կես, որը հնարավորություն է տալիս ինսուլինի չափաբաժինն ընտրել անսխալ: Այսինքն՝ այս դեպքում վրիպելու հավանականություն չկա: Բացի դրանից, մենք կազմակերպում ենք դիաբետի դպրոց, որը բուժման համար ինսուլինից հետո երևի երկրորդ կարևոր օղակն է: Այս նպատակով ծրագրի շրջանակներում բացել ենք երեք գրասենյակ Երևանում, իսկ մեկը՝ Գյումրիում։ Կրթությունն իրականացվում է միջազգային ստանդարտներով, գրականությամբ, վերապատրաստված բժիշկ-էնդոկրինոլոգների օգնությամբ։ Եթե դիաբետ ունեցողը ինքը կարողանում է հասկանալ՝ ինչ է կատարվում սեփական օրգանիզմում, ապա կարողանում է նաև իրավիճակը վերահսկել: Արդյունքում ունենում ենք լավ վերահսկված դիաբետ, ինչն էլ բերում է կյանքի որակի բարձրացման: Հատկապես, երբ վատ վերահսկման դեպքում դիաբետը խնդիրներ առաջացնում է»:

«Վերահսկի՛ր դիաբետը, ապրի՛ր լիարժեք կյանքով» ծրագրի շրջանակում մարզերում իրականացվում են տարբեր միջոցառումներ: «Քանի որ ամեն ինչ կենտրոնացված է Երևանում, մենք աշխատում ենք մարզեր այցելել, հանդիպումներ ունենալ, կազմակերպել դիաբետի դպրոց: Մենք գլիկոլիզացված հեմոգլոբինի անվճար ստուգում ենք անում տարեկան երկու անգամ։ Դիաբետի դպրոցին մասնակցելու, անվճար անալիզ ստուգելու համար անգամ երեխաների զգալի մասը չի կարողանում մարզից գալ Երևան: Ստուգումներից, դպրոցից բացի, պարբերաբար ինֆորմացիա ենք հասցնում ընտանեկան բժիշկներին, եթե լինում են դեղորայքային փոփոխություններ։ Այսինքն՝ մաքսիմալ փորձում ենք ուշադրության կենտրոնում պահել մարզերը»,- նշեց Հովհաննիսյանը:

Մարզերում խնդիրն ավելի վատ փուլում է, քան Երևանում: «Ավելի վատ վիճակ է Սյունիքի մարզում, եթե համեմատական անցկացնենք: Բայց փորձում ենք անհատական հանդիպումներով, հեռախոսազանգերով լրացնել բացերը, կատարել շտկումներ»:

Հովհաննիսյանի խոսքով, 0-23 տարեկանների շրջանում առաջին տիպի դիաբետի տարեկան 9-10% աճ է նկատվում, թեև 5 տարի առաջ 7-8% աճ էր նախատեսվում. վիճակագրությունն այդպես էր ցույց տալիս:

«Վիճակը հատկապես մարզերում բավականին վատ է: Մինչև 18 տարեկան երեխաներին պետությունը դեռ որոշ չափով կարողանում է ապահովել արյան մեջ գլյուկոզայի չափման ստրիպերով, բայց դրանից հետո նրանց մեծ մասն անգամ ի վիճակի չի լինում անհրաժեշտ չափումների համար սեփական միջոցներով ստրիպ գնելու: Արյան մեջ գլյուկոզայի չափումը խիստ անհրաժեշտ է դիաբետի վերահսկման համար, որպեսզի հնարավոր լինի ճիշտ ընտրել ինսուլինի պահանջվող չափաբաժինը։ Այս բաց հարցի պատճառով դիաբետի վերահսկումը մարզերում բնակվող երիտասարդների համար դառնում է խնդրահարույց։ Դրա համար ցանկանում ենք անհատապես ֆինանսավորել նրանց կամ տրամադրել անհրաժեշտ քանակով ստրիպեր։ Եթե կլինեն մեկենասներ, ապա բաց ենք համագործակցության համար: Մենք ունենք հաշվետվություններ, որոնք ևս կարող ենք տրամադրել»,- եզրափակեց Խանդութ Հովհաննիսյանը:

Հավելենք, որ մարզերում, սոցիալական դրությունից ելնելով, շատ առաջին տիպի դիաբետ ունեցողներ վաղ թե ուշ դադարում են առողջությանը հետևել, ինչը կարող է շատ վատ հետևանքներ ունենալ: Բացի այդ որոշ մարզային հիվանդանոցներում կա բժիշկների պակաս, իսկ հիվանդը հնարավորություն չունի մայրաքաղաք գնալու և ստուգումներ անցնելու։

Ի՞նչ է առաջին տիպի դիաբետը

Առաջին հերթին պետք է իմանալ, որ առաջին տիպի շաքարային դիաբետի առաջացման պատճառն իմունային համակարգի խախտումն է: Այս համակարգի հիմնական խնդիրը օրգանիզմի պաշտպանումն է մանրէներից և օտարածին տարրերից: Իմունային համակարգի որոշ խախտումների դեպքում այն գրոհում է ինսուլին արտադրող ենթաստամոքսային գեղձի վրա:

Ի՞նչ է ինսուլինը

Ինսուլինն արյան մեջ գլուկոզայի պարունակության մակարդակը կարգավորող հորմոն է, որը պայմանավորում է էներգետիկ փոխանակության գործընթացն օրգանիզմում: Այսպիսով, շաքարային դիաբետը բնութագրվում է արյան մեջ գլյուկոզայի պարունակության քրոնիկ բարձրացմամբ, որն իր հերթին նպաստում է նյութափոխանակության խանգարմանը: Այդ իսկ պատճառով, առաջին տիպի դիաբետ ունեցող երեխան պետք է ինսուլին ստանա: Օրգանիզմը պետք է օրվա ընթացքում փոքր չափաբաժիններով ինսուլին ստանա: Ինսուլինի ներարկում կարելի է կատարել գրիչ-ներարկիչներով՝ նախապես տեղադրված քարթրիջով, և կամ ինսուլինային ներակչով:

Որո՞նք են առաջին տիպի դիաբետի ախտանշանները

Կան նշաններ, որոնք հուշում են, որ մարդու մոտ զարգանում է առաջին տիպի դիաբետ: Բնորոշ ախտանիշներից են բերանի չորությունը, ծարավը, հաճախամիզությունը, մեզի մեջ շաքարի բարձր մակարդակը, քնկոտությունը, տեսողության անկումը, ախորժակի բարձրացումը, քաշի նվազումը: Որքան բարձր է արյան մեջ շաքարի մակարդակը, այնքան ընդգծված են ախտանշանները:

Ինչպե՞ս վերահսկել երեխայի դիաբետը

Երեխայի դիաբետը վերահսկելու համար կարևորագույն գործոններն են՝ արյան մեջ շաքարի մակարդակի չափումը և այդ տվյալները ժամանակի նշումով գրանցելը: Այս տեղեկությունը կօգնի հասկանալ՝ ինչպես հավասարակշռել սննդի հետ ընդունած ածխաջրերի քանակը, ֆիզիկական ակտիվությունն ու ներարկվող ինսուլինը: Արյան մեջ շաքարի մակարդակը ստուգել անհրաժեշտ է օրական առնվազն չորս անգամ՝ կախված, թե ինչ է անում երեխան, երբ է սնվում և այլն:

Եթե երեխան հիվանդացել է, կամ փոխվել է նրա ֆիզիկական զբաղվածությունը, ներարկվող ինսուլինի չափաքանակը կամ տեսակը, ապա անհրաժեշտ է հաճախակի ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը:

Ստացվում է, որ առաջին տիպի դիաբետը վիճակ է, որը հնարավոր է կարգավորել և վերահսկել գլյուկոզայի կանոնավոր չափումների, ինսուլինի ներարկումների և ճիշտ սննդակարգի միջոցով: Եթե նշված գործողությունները կատարվեն, և օղակի որևէ կետ բաց չթողնվի, ապա երեխան կկարողանա վարել ակտիվ կենսակերպ:

Նարե Գնունի