Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մոմ վառելուց մինչև մանդարին բաժանել. ով որտեղից սկսեց քարոզարշավը

 

Երեկ՝ նոյեմբերի 26-ին մեկնարկեց ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը: 11 քաղաքական ուժերի նպատակը մեկն է՝ մաս կազմել նոր ձևավորվող խորհրդարանի, իսկ թե ինչպես, Globnews.am-ը ներկայացնում է ստորև:

01. ՀՀԿ

Կուսակցությունը, ինչպես և հայտարարել էր, քարոզարշավը հիմնականում մամուլի միջոցով սկսեց: Երեկ տեղի ունեցավ ՀՀԿ պատգամավորներ և առաջադրված թեկնածուներ Արմեն Աշոտյանի ու Արփինե Հովհաննիսյանի համատեղ ասուլիսը: Արմեն Աշոտյանը նշեց, որ հասարակությունը պետք է ընտրի ՀՀԿ-ին, եթե մտահոգ է: Աշոտյանը կոչ արեց դուրս գալ սև ու սպիտակից. «Մենք շատ ավելի գունեղ ենք, վառ ենք»:

Հանրապետականը հրապարակեց իր նախընտրական ծրագրի կարևորագույն դրույթները՝ սեղմագրերով: Մասնավորապես, «ինչո՞ւ ընտրել Հանրապետականին» հարցին, կուսակցությունը հետևյալ պատասխան է տալիս՝ «մենք ունենք պատմություն, գիտելիքներ և փորձ»:

02. ՔՈ կուսակցություն

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը քարոզարշավը սկսեց Երևանի Մաշտոցի պուրակից, իսկ կուսակցականները մանդարին էին բերել, որը, ըստ նրանց, թարմություն էր խորհրդանշում:

ՔՈ կուսակցության գործադիր մարմնի անդամ Արեգ Թադևոսյանը նշեց, որ մանդարինները թարմություն են խորհրդանշում. «Քաղաքական դաշտում թարմություն է պետք, ես մեծ հույս ունեմ, ավելին՝ համոզված եմ, որ այդ թարմությունը մենք բերելու ենք։ Որպես միասնականության խորհրդանիշ՝ ՀՀ-ում օգտագործվում էր նուռը, բայց մենք համոզված ենք, որ մանդարինը շատ ավելի լավ է բնութագրում, քանի որ հավասար բաժանելու, միասնական լինելու խորհրդանիշ է»:

03. ՀՅԴ

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Հայ հեղափոխական դաշնակցություն» կուսակցությունը նախընտրական քարոզարշավը սկսեց Երևանի Հանրապետության հրապարակում՝ Առաջին Հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանի մոտից: Նախ հնչեցին հայրենասիրական երգեր, ինչից հետո բեմ բարձրացան ՀՅԴ թեկնածուները:

«Այս ընտրությունները մի կարևոր տարբերություն ունեն: Լիակատար հույս կա, որ ընտրություններն անցնելու են արդարության պայմաններում, առանց փողի քսակների կամ պարկերի: Բայց այս ընտրություններն ունեն մի վտանգավոր հատկություն. արդյոք անցնելո՞ւ են ծրագրային, գաղափարական պայքարի հիման վրա: Այստեղից կրկին ու կրկին կոչ եմ հղում ընտրությունների մասնակից բոլոր կուսակցություններին ու դաշինքներին՝ մտնել ընտրապայքար ներկայացնելու ծրագրերը, գաղափարները»,- հորդորեց պատգամավորի թեկնածու, լրագրող Գեղամ Մանուկյանը:

04. ՔՊ կուսակցութուն

«Իմ քայլը» դաշինքը քարոզարշավը սկսեց Արագածոտնի մարզի Թալին քաղաքից։

Ժամը 11։00-ին դաշինքը Արագածոտնի մարզի Թալին քաղաքում էր, և Թալինի համայնքապետարանի հարակից հրապարակում թեկնածուները հանդիպեցին թալինցիների հետ։

Ժամը 13։00-ին թեկնածուները Մարալիկում էին։ Մարալիկցիների հետ հանդիպումը կայացավ Մարալիկի կենտրոնական հրապարակում։ Դրանից հետո՝ 15։00-ին թեկնածուները Արթիկում էին, որտեղ՝ կենտրոնական հրապարակում հանդիպեցին քաղաքացիներին։ Իսկ արդեն ժամը 17։00-ին Գյումրիում համայնքապետարանի դիմաց՝ Վարդանանց հրապարակում հանդիպում եղավ գյումրեցիների հետ:

05. Լուսավոր Հայաստան կուսակցություն

«Լուսավոր Հայաստանն» իր քարոզարշավը սկսեց Սյունիքի մարզից: Կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը և նրա թիմը որոշեցին իրենց քարոզարշավը սկսել սահմանամերձ Ագարակ քաղաքից, որից հետո նույն օրը այցելեցին Մեղրի, Քաջարան, Կապան (մարզկենտրոն) և Գորիս:

Կուսակցության ղեկավարը ծաղիկներ դրեց Մեծ Հայրենական և Ղարաբաղի պատերազմների ժամանակ զոհվածների հուշարձաններին:

06. «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցություն

Քրիստոնեա-ժողովրդավարները քարոզարշավի մեկնարկը տվեցին Հայաստանի հոգևոր մայրաքաղաքից:

Սուրբ Հռիփսիմե եկեղեցու բակում կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող քաղաքագետ Լևոն Շիրինյանին և նրա թիմակիցներին իրենց համակիրները դիմավորեցին աղ ու հացով: Լևոն Շիրինյանն իր կուսակիցների, համակիրների հետ միասին եկեղեցում աղոթեցին երկրի բարօրության և քարոզարշավի խաղաղ ընթացքի համար, զրուցեցին հոգևոր սպասավորի հետ:

Ապա եկեղեցու բակում ճերմակ աղավնիներ բաց թողեցին երկինք: Նրանք քայլերթով. Սբ Հռիփսիմեի տարածքից ուղևորվեցին դեպի Էջմիածնի հրապարակ, ապա մեքենաներով դեպի Արմավիր և այլ բնակավայրեր:

07. Ազգային առաջընթաց կուսակցություն

«Ազգային առաջընթաց» կուսակցության նախընտրական քարոզարշավը սկսել է Շիրակի մարզից: Քաղաքական ուժի նպատակն է երկրում ձևավորել բարենպաստ, իրավաքաղաքական միջավայր: Քարոզարշավի ընթացքում «Ազգային առաջընթաց» կուսակցության ներկայացուցիչները նախատեսում են լինել բոլոր մարզերում:

Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Լուսինե Հարոյանը նշել է, որ նրանք բարեփոխումների բավականին ընդարձակ փաթեթ են մշակել։

«Առաջին բարեփոխումների շարքում մենք կարևորում ենք պատգամավորի կարգավիճակի փոփոխությունը, որպեսզի վերանա պատգամավորի անձեռնմխելիության ինստիտուտը։ Կարծում եմ` օրենսդրական գործունեության համար այն խորհրդարանականին պետք չէ»:

08. «Մենք» դաշինք

«Մենք» դաշինքը Ազգային ժողովի նախընտրական քարոզչությունը սկսեց Մատենադարանի հարակից տարածքից: Դրա մեջ նրանք որոշակի խորհուրդ են դրել:

Մենք այսօր մեր քարոզարշավը սկսում ենք Մատենադարանի կից հարթակից, որովհետև էստեղ է Հայաստանի Հանրապետության պատմությունը, էստեղ է Հայաստանը, էստեղից է սկսվում ու էստեղից շարունակվելու է: Էստեղ է հավաքված մեր ամբողջ կյանքի ու պատմության կենսագրությունը:

Կեսօրից հետո դաշինքը «Մենք» դաշինքը Տավուշի մարզում էր:

09. ՕԵԿ

«Օրինաց երկիր» կուսակցությունն իր քարոզարշավի մեկնարկը տալիս է ՕԵԿ կենտրոնական գրասենյակից դեպի Սուրբ Աննա եկեղեցի երթով:

«Այսօրվա այս մոմավառությունը հենց այն նպատակն ունի, որ մենք ազգովի միշտ պետք է ամուր կառչած մնանք մեր ակունքներից»,- լրագրողների հետ զրույցում ասաց կուսակցության ղեկավար Արթուր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ իրենք ո՛չ սև են, ո՛չ սպիտակ, իրենք ՕԵԿ են: Ըստ Բաղդասարյանի՝ աշխարհում կան լիքը գույներ, պետք է սիրել աշխարհն ու գույները:

10. «Սասնա Ծռեր» կուսակցություն

«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության քարոզարշավը մեկնարկեց Ազգային ժողովի բակից ասուլիսով: Կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսյանը նշեց, որ հատուկ խորհուրդ կա քարոզարշավը ԱԺ բակից սկսելու մեջ:

«Վերջապես մեր քաղաքացիական պայքարի այն հանգրվանում ենք, որ կարողանում ենք մասնակցել ԱԺ ընտրություններին։ Ընտրություններ, որ չնայած իրենց բազմաթիվ թերություններին և բացթողումներին, շատ հուսադրող են և խոստանում են լինել լեգիտիմ, ինչպես նաև զգալի չափով արտացոլել մեր ժողովրդի կամքը», -մանրամասնեց նա:

Ինչպես հայտարարել էր Ժիրայր Սեֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը ևս ընդգծեց, որ առաջիկա խորհրդարանը պատկերացնում են որպես անցումային խորհրդարան, երկու տարի հետ կրկին արտահերթ ընտրությունների անհրաժեշտություն կլինի:

11. ԲՀԿ

ԲՀԿ-ն քարոզարշավը սկսեց ասուլիսով, որտեղ ներկայացվեց կուսակցության նախընտրական ծրագիրը: Կուսակցությունը դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 քայլից բաղկացած նախընտրական ծրագրով:

Միքայել Մելքումյանն ընդգծեց, որ ծրագրի հիմքում երկու հիմնական սկզբունք կա. «Առաջինը՝ նախորդ մեր բոլոր ծրագրերի նկատմամբ հետևողական ենք լինելու: Երկրորդ՝ հետհեղափոխական շրջանում, երբ հանրապետությունում նոր իրավիճակ է ստեղծվել, պետք է համարժեք արձագանք»,- ասաց Մելքումյանը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին անցկացվելու են խորհրդարանական արտահերթ ընտրություններ: ԱԺ-ում մանդատ ստանալու համար պայքարում են 11 քաղաքական ուժեր՝ 2 դաշինք և 9 կուսակցություն: