Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Գրադարան՝ սառնարանում. դսեղցիների պատասխանը տեխնոլոգիական մարտահրավերներին

 

2018 թվականի օգոստոս ամսին Լոռվա Դսեղ գյուղում «իրավիճակ է փոխվել». Մեծն լոռեցու հայրենի գյուղում ընթերցանությունը խթանող նոր ծրագիր է կյանքի կոչվել, ստեղծվել է «Բաց գրադարան»:

Globnews.am-ը զրուցել է «Բաց գրադարան» ծրագրի հեղինակներից Սուսաննա Խառատյանի հետ:

«Օգոստոս ամսին ես և Սարգսյան Լիլիթը մտածում էինք՝ ինչ ծրագիր կարելի է իրականացնել գյուղի կյանքն ավելի հետաքրքիր դարձնելու համար: Շատ գաղափարներ ունեինք, բայց վերջում կանգ առանք բաց գրադարան ստեղծելու մտքի վրա: Սկսեցինք գրքեր հավաքագրել, ապա հին սառնարաններից դեկորատիվ պահարաններ, իսկ փայտից նստարաններ և սեղան պատրաստեցինք: Գյուղապետին խնդրեցինք, որ գյուղի այգու մի հատվածը մեզ հատկացնի, ապա դրական պատասխան ստանալուց հետո տեղադրեցինք մեր գրադարանը»,- նշեց Սուսաննան:

Փոքրիկ, բայց արդեն 200 գիրք ունեցող գրադարան ունենալու փաստը ոգևորել է դսեղցիներին, հատկապես նրանց, ովքեր օրվա ցանկացած ժամի կարդալու ցանկություն ունեն: «Մեր գյուղում խնդիր կար, չէինք կարողանում գրադարանից օգտվել, քանի որ անընդհատ փակ էր: Մենք էլ բաց գրադարան ստեղծեցինք, որպեսզի մարդիկ ցանկացած պահի կարողանան գիրք վերցնել և կարդալ: Միայն պետք է գրանցման թերթիկում նշեն իրենց և վերցրած գրքի անունը, ինչպես նաև գիրքը վերցնելու օրը»,- ասում է Սուսաննան:

Թեև գիրքը վերցնելը որևէ բարդ գործընթաց չի ենթադրում, սակայն դսեղցիները դրսևորում են պատասխանատվության նույն զգացումը, ինչ քաղաքային գրադարանից օգտվելիս: «Դեռևս չի եղել դեպք, երբ գիրքը տանեն և չվերադարձնեն: Մենք էլ պարբերաբար գնում ենք գրքերը հաշվում, դասավորում»,- պատմում է Սուսաննան:

Հատկանշական է, որ գրքերի հավաքագրումը լինում է միայն նվիրատվության ձևով: «Մենք դեմ ենք գումարով գրքեր ձեռք բերելուն. գնած գիրքը այդքան էլ համ ու հոտ չի տալիս: Մեզ գրքեր են նվիրում գյուղացիները, որոշ գրքեր էլ Վանաձորի գրադարանն է տրամադրել: Երբ գրքերի քանակը շատանա, այլ բաց գրադարաններ ևս կստեղծենք, քանի որ մեծ է ցանկությունը գաղափարը շարունակական դարձնելու»:

Սուսաննայի խոսքով, գրադարանից օգտվողները հիմնականում 15 և բարձր տարիք ունեցողներն են: «Մեր նպատակը հենց դա է. երիտասարդների ժամանցն ապահովելը և նրանց օգնելը՝ ինքնակրթվելու: Բացի այդ, մենք փորձում ենք սեփականան իրերի նկատմամբ հոգատար վերաբերմունք ունեցող երիտասարդներ ունենալ»:

Նշենք, որ ծրագրի կյանքի կոչմանը աջակցել է «ԷկոԼաբ»-ը: