Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թե ինչպես քննարկման թեմա դարձավ կոկորդիլոսն ու ծագումնաբանական բարդություններ առաջացրած նրա ձուն

 

2018 թվականի սեպտեմբերի 14-ին իր պաշտոնավարման 100 օրն ամփոփող ասուլիսում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հայտարարեց, որ Դաշտավան համայնքում նախատեսվում է առաջիկա տարիներին հիմնել կոկորդիլոսաբուծարան: Ներդրումն իրականացնողը Տանզանիայից է և հետաքրքրված է կոկորդիլոսի կաշվի արտադրությամբ, իսկ ծրագիրը տեղում կիրականացնեն մարզաբնակները:

Ըստ մարզպետի՝ «Արմոտ» ՍՊԸ-ն հիշյալ համայնքում արդեն վարձակալության է վերցրել 15 հա տարածք և հանդիպում ունեցել բնակիչների հետ: Առաջիկա մեկ տարվա ընթացքում կարվի 1,5 մլն դոլարի ներդրում, իսկ հետագա 5 տարում դրանց ծավալները կհասնեն 10 մլն դոլարի:

Այսպես կոչված կոկորդիլոսի բիզնեսը բավականին լայն արձագանք գտավ, քանի որ բնապահպանները նշում էին, որ կենդանու համար Հայատանում պայմաններ ստեղծել հնարավոր չէ: Օրինակ՝ բնապահպան, կենդանաբան Սիլվա Ադամյանը նշում էր, որ այժմ զարգացած երկրներում հակառակ միտումն է, մարդիկ հրաժարվում են բնական մորթիներից, բնական կաշվից պատրաստված իրերի օգտագործումից, իսկ Հայաստանում դրանց բուծումը նպատակահարմար չէ։ Բացի այդ, մատնանշում է, որ խոսքը վերաբերում է մի կենդանու, որն արտերկրում ընդգրկված է Կարմիր գրքերում։

Թեժ քննարկումները տարեվերջին կարծես լռեցին, սակայն օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում (Տե՛ս 12.48 րոպեից, խմբ.) Արարատի մարզպետը կրկին անդրադարձավ կոկորդիլոս բուծելու իր առաջարկած ծրագրին: Գարիկ Սարգսյանը նշեց. «Այդ ներդրողի հետ կապված որոշ խնդիրներ կային, քանի որ ներդրողը Տանզանիայից է և վիզա չենք կարողանում տրամադրել «Զվարթնոց» օդանավակայանում: Ես գրությամբ դիմել եմ ԱԳՆ, որ կոնկրետ այս ներդրողի մասով վիզա տրամադրի: Կային նաև որոշ խնդիրներ ՊԵԿ-ում, մեր գործընկերները չէին կարողանում բնորոշումը տալ՝ կոկորդիլոսի ձուն թռչնի է, թե կենդանու: Այս պահին բոլոր խոչընդոտները հաղթահարված են և մենք սպասում ենք ներդրողի այցին Հայաստան»:

Այս հարցազրույցը քննարկման նոր ալիք բարձրացրեց. այժմ էլ հասարակությունը որոշում էր՝ կոկորդիլոսի ձուն թռչնի՞ է, թե՞ կենդանու:

Նշենք, որ ներկայում գոյություն ունեցող օրգանիզմներից կոկորդիլոսներին ամենամոտ ազգականները թռչուններն են (Արխոզավրերի մոտ ազգականները կամ նույնիսկ հետնորդները):

Ֆիզոգենետիկական ծառի վրա կոկորդիլոսները ավելի մոտ են դինոզավրերին և ժամանակակից թռչուններին, քան այլ ժամանակակից սողուններին:

Կոկորդիլոսների գոյության համար կարևոր նախապայմաններն են՝ բարձր ջերմաստիճանը և ջրի առկայությունը:

Նրանք տաքությունն ընկալում են փորի հատվածով և անհրաժեշտ է, որ խցի հատակի ջերմաստիճանը լինի +30 աստիճան։ Իսկ ջուրն անհրաժեշտ է նրանց հովացման համար, առհասարակ ջրում չեն ապրում, տեղակայվում են ճահճոտ վայրերում։

ՊԵԿ-ի և հասարակության թեժ և խիստ վիճահարույց քննարկումները թողնելով մի կողմ՝ նշենք, որ ծրագրով միայն կոկորդիլոսաբուծարան չի ստեղծվելու. լինելու է մեծ էկոայգի: Ծրագրի համար հատկացվող գումարը հասնում է 10 միլիոնի, բացի այդ ստեղծվելու է 500 աշխատատեղ:

Նշենք, որ կառուցվելու դեպքում «Ապշանք» էկոայգին զբաղեցնելու է 30 հա տարածք։ Էկոայգուն մի կողմից հարելու է Հրազդան գետը, մյուս կողմից՝ Դաշտավան գյուղի ոռոգման ջրանցքը։ Այգու հիմնաքարը կոկորդիլոսաբուծարանն է, որտեղ բազմացվելու է 100-ից ավելի կոկորդիլոս։

Էկոայգու հիմքը ընտանի կենդանիների, թռչունների բուծարանն է` հարակից ենթակառուցվածքներով։ Այն առաջինն է լինելու ամբողջ տարածաշրջանում և Եվրոպայում։ Ժամանակի ընթացքում այստեղ բուծվելու են տարբեր տեսակի կենդանիներ և թռչուններ։

Նշենք, որ ծրագրի իրականացման դեպքում կստեղծվեն այգիներ, հանգստի գոտիներ, ալիքային լողավազան, ռեստորաններ և սրճարաններ: Այս ամենը կարող է նպաստել տուրիզմի զարգացմանը, ինչպես նաև նոր աշխատատեղերի ստեղծմանը: Բացի այդ կլինի հնարավորություն կոկորդիլոսաբուծարանի արտադրանքը արտերկրում սպառվելու։ Միսն ամբողջությամբ կարտահանվի հիմնականում Արևելյան Ասիայի երկրներ, իսկ կաշին՝ Եվրոպա։

Եվ այս ամենը համաձայն ծրագրերի, որոնք ավելի շուտ ֆանտաստիկայի ժանրին են մոտ, քան իրականությանը: Իսկ եթե հաշվի առնենք նաև ջայլամաբուծության փորձերը, ձկնախեղդ արված Արարատյան դաշտն ու պարտատերի մակարդակից այդպես էլ ոտքի չկանգնող գյուղատնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչների վիճակը, հստակ է, որ գոնե աս հարցերում դեռևս ոչինչ Հայաստանում չի փոխվել. ծրագրերից՝ իրականություն անդնդախոր ինչպիսի հեռավորություն...

Նարե ԳՆՈՒՆԻ