Այսօր՝ 2022-01-27 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Պարգևավճարների անդեմ արդարացումներն ու նախորդների հզոր իներցիան. ո՞վ է գոհ իր աշխատավարձից

 

Տարեսկզբին հայտնի դարձած, բայց տարեվերջին բաշխված պետական կառույցների աշխատակիցների պարգևավճարները կամ այսպես կոչված «13-րդ աշխատավարձերը» բուռն քննարկման առիթ դարձան: Հանրության համար անհասկանալի էր՝ ինչու են մարզպետներն ու նախարարության աշխատակիցները պարգևավճարներ ստանում այն դեպքում, երբ դեռևս նրանց կատարած աշխատանքի արդյունքը, մեղմ ասած, տեսանելի չէ:

Հանրության համար անընդունելի էր, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը ինքն իրեն պարգևատրել էր 8 միլիոն դրամով, Ռաֆիկ Մաշադյանին` մոտ 9 միլիոն դրամով։ Նշենք, որ ՊԵԿ նախագահի աշխատավարձն 800 հազար դրամ է: Այսինքն՝ եթե հաշվի առնենք, որ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձը 55000 դրամ է (մաքուր աշխատավարձը. խմբ.), ապա ՊԵԿ նախագահը ինքն իրեն «անձնվեր կատարած աշխատանքի համար» նվիրել է նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացու 1 տարվա աշխատավարձին համարժեք գումար: Սակայն այս թվերը հրապարակելուց օրեր անց ՊԵԿ ղեկավարը հայտարարեց, որ 8 միլիոն դրամ պարգևավճար որևէ մեկը չի ստացել, այնուամենայնիվ, հասարակությունը թերհավատորեն ընդունեց այդ լուրը: Սակայն ի վերջո հստակ էր, որ զգալի գումարներ տրվել են որպես պարգևավճարներ, ավելին, որոշ դեպքերում՝ անգամ քարտուղարուհուն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ որոշ մարզերի մարզպետներ (Լոռու, Սյունիքի, Արարատի, Կոտայքի, Արմավիրի) շռայլ պարգևավճարներ են գրել իրենք իրենց և իրենց աշխատակիցներին։ Նրանցից շատերը ընդամենը մի քանի ամիս են աշխատել։

Այս ամենին հաջորդեց ֆեյսուքյան ակցիան՝ «Ես չեմ աշխատել, ինձ էլ պարգևավճար տվեք»:

Եվ, ինչպես հասարակության քննադատությանը արժանացած հարցերի դեպքում, այս անգամ ևս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ընթացքում փորձեց «իրավիճակը հարթել»: Վարչապետը նշեց, որ պետական համակարգում պարգևավճարների տրամադրման խնդրի շուրջը քննարկումներում թյուրըմբռնում է տեսնում:

«Այսօր պետական կառավարման համակարգում բարձր որակավորում ունեցող կադրեր ներգրավելու մեծ խնդիր ունենք: Մարդիկ կան, որ որոշակի որակավորում ունեն, հրավիրում ենք նախարար աշխատելու, ասում են` մեր աշխատավարձի հետ համեմատելի աշխատավարձ կտաք, կգանք: Դեպքեր կան, երբ մարդիկ 5 մլն դրամով աշխատանքի են ընդունվել, որոշակի ֆինանսական պարտավորություններ են ստանձնել, և չեն կարող ընդհուպ նախարար աշխատել, որովհետև չեն կարողանա կատարել իրենց ֆինանսական պարտավորությունները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Ինչ վերաբերում է մարզպետների իրենք իրենց պարգևատրելուն՝ Նիկոլ Փաշինյանն այս հանգամանքի մեջ արտասովոր բան չի տեսնում, որովհետև գործադիր մարմնի անդամներն են պարգևատրման որոշումներ կայացնում:

Թեև վարչապետը վերոնշյալում արտասովոր ոչինչ չի նկատում, իշխանական թևի պատգամավորներից ոմանք ընդդիմանում են:

«Մի երկրում, որտեղ թոշակառուն 40 հազար դրամ է ստանում, բյուջեից մի քանի միլիոն դրամ ստացող պաշտոնյան պետք է «հաշվետվություն» տա, մանրամասն ներկայացնի՝ ինչ է ստացել, երբ, ինչքան ու ամենակարևորը՝ ինչի համար։ Ու դա պետք է անի առաջինը հենց ինքը՝ սեփական կամքով ու նախաձեռնությամբ»,- նշում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:

Այս ամենին չեզոք արձագանքողների պակաս ևս չի զգացվում: ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը կարծում է, որ պետական հաստատության աշխատակիցները միշտ ստացել են պարգևավճարներ, պետք է շարունակեն ստանալ: «Սակայն շատ կարևոր է հասկանալ, թե ինչ կարգով է դա տեղի ունենալու այսուհետև: Պարգևավճարների իմաստը պետք է լինի աշխատանքի խրախուսումը, և հիմքում պետք է գնահատվի աշխատանքի արդյունավետությունը: Դրա համար անհրաժեշտ է, որ կառավարությունը և մարզպետարանները մշակեն հստակ չափանիշներ և գործակիցներ, որպեսզի, երբ տարին ավարտվի, բոլորի համար պարզ, հասկանալի և արդար լինի, թե ինչու այս աշխատակիցը ստացավ այսքան պարգևավճար, ինչու չստացավ, և ինչու այսքան ստացավ»,- ասել է Լենա Նազարյանը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակուցն էլ կարծիք էր հայտնել, թե պարգևավճարները տրվել են օրենքի սահմաններում: Սակայն, վերջինս հստակ չգիտեր՝ օրենքով ինչպես է կարգավորվում հարցը, որ պարգևատրվածներից շատերի պաշտոնավարման մեկ տարին դեռ չի լրացել:

Հունվարի 29-ին ԱԺ փակ նիստի ընթացքում քննարկվեց նաև պարգևավճարների հարցը: «Այն ամենը, ինչը հանրային կերպով հնչեցվեց, իհարկե, մեզ համար որոշակի մտածելու տեղիք է տալիս: Այո, գտնում ենք, որ պարգևավճարների ինստիտուտի հետ կապված վերանայման կարիք կա: Առաջիկայում մենք կառավարության հետ կքննարկենք, կհասկանանք: Պետք է մանրամասն այս հարցն ուսումնասիրել, հասկանալ խնդիրը: Մի կողմից՝ կա օրենք, և օրենքի շրջանակում ինչ-որ գործողություններ են արվում, բայց մյուս կողմից՝ ունենք այն արձագանքը, որն ունեցանք»,- նշել էր Լիլիթ Մակունցը:

Առանց մտայնության ու բարդ մաթեմատիկական հաշվարկների, ամենայն հանգստությամբ կարելի է նախ եզրակացնել, որ իներցիան շարունակվում է: Այն, ինչ արել են նախորդները, առանց երկար-բարակ մտածելու՝ առայժմ անում են ներկաները, ընդ որում՝ ավելի հաճախ կրկնելով հենց այն քայլերը, իներցիայի տակ մնալով հենց այն հարցերում, որոնց համար դեռևս ընդդիմություն կամ փողոցներում բողոքի ակցիա մասնակից դերերում ակտիվ քննադատում էին նախորդ իշխանության ներկայացուցիչներին, երկիրը, համակարգը, ամեն ինչ:

Պարգևավճարները բնավ էլ արգահատելի չեն, բայց մի գովելի էլ չեն, ավելին, ոչ էլ արդարացման ենթակա, այն էլ այնպիսի մի հիմնավորմամբ, թե պետական համակարգում աշխատավարձը ցածր է,ինչն էլ, իր հերթին, մեծ է դարձնում կոռուպցիոն ռիսկը: Բայց չէ՞ որ աշխատավարձերը չեն փոխվել, ուրեմն մի՞թե կարելի է ասել, թե նախորդները ցածր աշխատավարձի պատճառով արդարացված կոռուպցիոն գործարքներ են իրականացրել...

Առայժմ հստակ է. փոխվել են միայն դեմքերը, իսկ մոտեցումների ու համակարգի փոփոխության համար առայժմ մնում է միայն համբերել... որ հանկարծ վարչապետի աշխատավարձի ցածր լինելու ու այդ պատճառով շահագրգռվածության և նվիրումով աշխատելու մոտիվացիայի բացակայության արդարացում որևէ մեկը, այն էլ ոչ թե պաշտոնապես, այլ ֆեյսբուքյան ուղիղ միացմամբ ի լուր Հայաստանի չհայտարարի...

Աստված մի արասցե: