Այսօր՝ 2020-07-12 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Լիդըր գզող, լիդըր մանող հրազդանցի բիզնեսլեդիները. «Բրդուկ»-ի հաջողությունները

 

Լիդըր գզող, լիդըր մանող, համ խճճող, համ խճուճը հանող, ձևող-կարող… Թումանյանի այս խոսքերը 21-րդ դարում դարձյալ արդիական են, սակայն ոչ անբան աղջկան գովելու նպատակով: Արդեն գրեթե մեկ տարի է՝ հրազդանցի երիտասարդ աղջիկները բրդին «նոր կյանք» են տալիս: 2018 թվականի օգոստոս ամսից սկսած «Բրդուկ» ծրագրի նախաձեռնողները, նկատելով աղբանոցներում գոյացող բրդի կույտերը, փորձել են կրեատիվ լուծումներ գտնել։

«Մեր նպատակն այլևս չօգտագործվող բուրդը գյուղական համայնքներից հավաքելն ու դրանցով դեկորատիվ բարձեր կարելը»,- Globnews.am-ի հետ զրույցում նշեց «Բրդուկ»-ի հիմնադիրներից Կարինե Նահապետյանը:

No photo description available.

Կարինեն արդեն 3 տարի է՝ ներգրավված է բնապահպանական նախաձեռնություններում։ 2018-ին էլ մասնակցել է Էկոլաբ-ին,և իր խոսքով, հենց այդ ժամանակ էլ հղացել է գաղափարը: «Բրդուկը բնապահպանական,սոցիալ-ձեռնարկատիրական նախաձեռնություն է, որի գլխախոր նպատակն է այլևս չօգտագործվող բուրդը վերամշակել և նոր ու կրեատիվ լուծումներ գտնել: Սկզբում մեր թիմը փոքր էր, սակայն ժամանակի ընթացքում այն ավելի է ընդլայնվել՝ ծնելով նոր գաղափարներ»։

Ծրագրի կարևոր սկզբունքներից մեկը բուրդը հավաքագրելու տարբերակով կուտակելն է: «Մենք բուրդ չենք գնում ոչ մի դեպքում: Միայն նվիրատվություն, անգամ ուրիշ քաղաքներից են տրամադրել։ Բրդի մշակման հարցում մեզ օգնում են գյուղի կանայք։ Սա էլ համայնքային ընգրկվածության մի տարբերակ է»,- ասում է Կարինեն:

No photo description available.

Թեև ծրագիրն իր շուրջն է համախմբել տասնյակ երիտասարդների, սակայն դեռևս մեծ մասշտաբով աշխատատեղեր ստեղծելու մասին խոսելը վաղ է: «Այս պահին մեծապես կամավորական աշխատանք ենք իրականացնում, որովհետև բարձերի վաճառքից ստացված հասույթը քիչ է, և այն բավականացնում է միայն կտոր և օրգանիկ ներկեր գնելուն»,- նշում է Կարինեն, ապա հավելում,- «Սկզբում բարձերը մեծ սպառում ունեին, առաքում էինք տարբեր մարզեր և Երևան, սակայն հիմա պահանջարկը փոքր-ինչ նվազել է»:

Նշենք, որ հրազդանցի երիտասարդ աղջիկների կարած բարձերի միջին արժեքը 4000 դրամ է: «Կախված բարձի վրա ինչ աշխատանք պիտի անենք, գինը կարող է փոքր-ինչ բարձր լինել»,- եզրափակեց մեր զրուցակիցը: