Այսօր՝ 2020-06-01 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Հեղափոխության բուն իմպուլսը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է. Գագիկ Չարչյան

 

Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք` հեղափոխության տարբեր մասնակիցների և իրադարձություններին տարբեր տեսանկյուններից մոտեցող մասնագետների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը արվեստագետ Գագիկ Չարչյանն է:

-Ինչպե՞ս հեղափոխությունը դարձավ հնարավոր:

-Հեղափոխությունը դարձավ հնարավոր, որովհետև 2008-ից, նույնիսկ ավելի վաղ՝ 2006-2007 թթ.-ից արդեն Հայաստանում ձևավորվում էր քաղաքացիական հասարակություն, քաղաքացիական ակտիվիստական շարժումները շատ լուրջ թափ հավաքեցին: Եվ 2008-ին տեղի ունեցավ հայտնի լուրջ քաղաքական ճգնաժամը, որը մեծ բան տվեց քաղաքական վարքագիծ և մտածողություն ունեցող ամբողջ հանրությանը, ընդհանուր իմպուլս տվեց: Եվ 2018 թվականին արդեն հեղափոխությունը հնարավոր դաձավ, որովհետև ոչ թե ժողովուրդը դուրս եկավ, այլ դուրս եկավ բազմությունը, այսինքն՝ դուրս եկավ բազմությունը, որը կազմված էր տարբեր ինքնություններ կրող անհատներից: Մեր հասարակության տարբեր ինքնությունները կարողացան գտնել ընդհանուր մի խնդիր, որի շուրջ կարողացան համախմբվել: Ի տարբերություն 2008-ի, երբ միատարր, մի ինքնություն ունեցող հանրություն էր հավաքված, ոչ թե բազմություն, այսինքն՝ Նիկոլի ասած էդ բանը՝ մեկը դու ես, այ էդ մեկերը կարողացան գտնել ընդհանուր մի օրակարգ և կարողացան այդ ընդհանուր օրակարգի շուրջն համախմբվել, միավորվել: Այ տարբերությունը դա էր ու դա ամենակարևոր գործիքն էր, և ինքնակազմակերպվելու այդ հնարավորությունը, երբ որ մարդիկ և էդ ինքնությունները, բազմությունը սկսեցին գործել ցանցային: Դա ամենակարևոր բաներից մեկն է: 2008-ին հավաքված էին մեկ գրպանի մեջ, 2018-ին՝ արդեն ցանց էր աշխատում: Կազմակերպվում էին՝ առանց կարիք ունենալու առաջնորդի:

-Որովհետև արդեն պատրա՞ստ էին ավելի մեծ մասշտաբով պայքարի:

-Այո, պատրաստ էին ավելի մեծ մասշտաբով, գիտելիքն արդեն շատ-շատ էր, կային փոքր հաղթանակներ, ասենք՝ Մաշտոցի այգին, 100 դրամները և այլն: Այսինքն՝ այդ փորձառությունը կար արդեն, և քաղաքական և քաղաքացիական փորձառությունը շատ էր: Մի առանձնահատկություն էլ կար՝ դա համատարած սոցցանցերի առկայությունն էր, 2008-ին չկար այդ սոցցանցերի ֆենոմենը, dvd–ներով էին բաժանում մարդկանց եղելությունը: Այսինքն՝ լայֆի ֆենոմենը հնարավորություն չտվեց իշխանություններին, որպեսզի նրանք կարողանան հակաքայլեր մշակել: Մինչև նրանք մտածում էին պրովոկացիայի մասին, էդ իրադարձությունն արդեն ուղիղ եթերով գնում էր, այսինքն՝ իմաստ չուներ նստել և խափանելու ճանապարհներ մտածել, դիսինֆորմացիա և պրովոկացիա ներմուծել:

-Ո՞ւմ կարելի է համարել հեղափոխության լիդեր կամ լիդերներ:

-Հեղափոխության բուն իմպուլսը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է՝ իր սկզբով, որը կարելի է համարել փոթորիկի համար արած առաջին հովհարային շարժումը: Ես խոսեցի ցանցային բնույթի մասին, իսկ ցանցային նշանակում է, որ չկա լիդեր, որ խմբերը ինքնակազմակերպվում են, ամեն մեկն իր տեղում: Չափազանց կարևոր նշանակություն ուներ այս հեղափոխության ժամանակ ու շատ մեծ դեր խաղացին հատկապես կանայք իրենց կրեատիվ քայլերով: Նախ, ոստիկանները ահավոր շփոթված էին կանանց էդ վարքագծով, եթե ասենք տղամարդիկ լինեին, կամ երիտասարդ տղաներ, միանշանակ բռնություն կգործադրեին:

Կային ակտիվիստ կանայք, խմբեր կային ակտիվիստ կանանց, որոնք շատ հավես ակցիաներ էին անում: Եվ մի առանձնահատուկ ֆենոմեն էլ կար. այս անգամվա բոլոր դիմադրության շարժումներն անպայման էսթետիկական լիցք ունեին, անպայման ստեղծագործական լիցք ունեին: Էդ շատ կարևոր ֆենոմեն է, որը բերում է իշխանության սահմանած ֆենոմենների շատ հետաքրքիր ձևով խախտման: Իշխանությունը սկսում է շփոթվել: Փորձառությունը շատ մեծ էր, կանայք շատ հավես ակցիաներ էին անում, շատ ստեղծագործաբար էին մոտենում:

Շարունակելի...

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: