Այսօր՝ 2019-04-20

Լիբիայի ժամանակավոր կառավարությունը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը ՔՊ համագումարը՝ հունիսին. «Ժամանակ» Ինչու չեն վճարում Տեր-Պետրոսյանի գրասենյակի աշխատակիցների աշխատավարձերը. «Ժողովուրդ» Արցախում 18-ամյա տղան խոհանոցային դանակով սպանել է 10-ամյա եղբորը Արտակ Զեյնալյանի դիմումը՝ լուրջ սկանդալի պատճառ. «Ժողովուրդ» Հրաչյա Հակոբյանը Սամվել Ալեքսանյանի քրոջ որդիների հետ «ցկցկացե՞լ է». «Հրապարակ» Սահմանադրական դատարանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի. «Ժողովուրդ» Լրջագույն խնդիրներ կան ռուսների հետ. «168 ժամ» Թոխմախի Մհերը կանգնած է ցեմենտի հումքը տուրքից ազատելու նախաձեռնության հետեւում. «Ժամանակ» Սամվել Բաբայանի թեման «փակված» է. Արցախում լուրջ պայքար կընթանա 2 թեկնածուների միջեւ. «Հրապարակ» Վարդենյաց լեռնանցքը փակ է Փաշինյանը շատ կոշտ խոսակցություն է ունեցել Ջանջուղազյանի հետ. «Փաստ» Ավինյանի մտերիմը՝ սուպերփոխնախարարի հավակնորդ ընդդեմ Նազենի Ղարիբյանի. «Հրապարակ» Դավիթ Սանասարյանը մեղադրում է Նիկոլ Փաշինյանին. «168 ժամ» Facebook-ը կրկին հայտնվել է սկանդալում Երբեք դրամաշնորհ չեմ վերցրել, այդ թվում՝ Սորոսից. Դավիթ Սանասարյանի հայտարարությունը Վթար Երևանում՝ Տարոն Մարգարյանի տան մոտ. ուղևորները հիվանդանոց են տեղափոխվել Ղազախստանում 8000 զինծառայողի մասնակցությամբ զորավարժություն է մեկնարկել Ինտենսիվ տեղումներ, կարկուտ․ եղանակը հանգստյան օրերին Նոր մանրամասներ՝ Երևանում «Արարատ-2»-ի դարպասապահի սպանությունից․ կասկածյալը համաներմամբ էր ազատվել
Տղեն տղա ա մնում, աղջիկն էլ աղջիկ, ով որ իրական ա, ես իրա ցավը տանեմ. ակցիա ԱԺ շենքի դիմաց - տեսանյութ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ Մորթած հղի ձիու միսը չեն հասցրել յուրացնել Շաքարային դիաբետ, երիկամի ու սրտի հիվանդություններ... և միայն 3-րդ կարգի հաշմանդամության թոշակ Վրացի ամուսինները Սևանի թերակղզում սպանել են 26-ամյա վարորդին․ Երևանում էլ խեղդել են 71-ամյա կնոջը և կողոպտել 6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան. Aravot.am Կոռուպցիոն սկանդալը ԵԽԽՎ-ում Ադրբեջանին մերժելի դարձրեց Ներսը դուրս հագած ձեռնոցներն ու երկիրն ուտող աղբը «Ես հիվանդ մարդկանց հետ գործ չունեմ»․ Սերժ Սարգսյան (տեսանյութ) Այսօր ԱԺ-ում Հայաստանի ոչ բարով վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ «մեկ դերասանի շոու» բեմադրեց․ Էդուարդ Շարմազանով Երկիրը սարքել ես անհաջող թատրոն, իսկ դու ու միմոսներդ միմոսություն անելով զբաղեցնում եք ժողովրդին. Շարմազանովը` Փաշինյանին Զարեհ Սարգսյանը թոշակառուների թոշակների հաշվին դղյակ է կառուցել. Դա հասել է Փաշինյանի ականջին․ «Իրավունք» Արցախում 21-ամյա զինվոր է զոհվել ԱՆՀՆԱՐԻՆՆ՝ ԱԿՆՀԱՅՏ
Հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն
Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով «Ինչու՞ պետք է աշխատողը պառկած դրոշի պատճառով զրկվի իր աշխատանքից»․ Գևորգ Պետրոսյան «Տրանսգենդերը հասավ խորհրդարան... Հլը ուր եք»․ Գևորգ Պետրոսյան «Չար լեզուներն ասում են, որ նշանակվածը մարզպետի դասընկերուհին է». Վահրամ Թոքմաջյան Դու չի, դուք ա ձեզ համար. չեմ ուզում, որ որևէ մեկը խաբնվի մեր երիտասարդ տարիքին. Մխիթար Հայրապետյանը՝ Էդմոն Մարուքյանին Մենք չենք ուզում նման մարդկանց պատճառով գնալ, նստել, ինչ ա նրանց մատով կպել ենք. Ավետ Սուքիասյանը՝ սեռական փոքրամասնությունների մասին - տեսանյութ
2018-03-27 11:45:06 2018-02-17 11:45:51 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2018-06-02 10:48:52 2018-03-30 10:23:07 2019-01-10 17:41:48 2019-02-13 11:55:05 2018-06-05 11:55:11 2018-03-30 11:27:19

ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ԶԱՎԱԿՆԵՐԸ

 
2018թ․ մայիսի 1-ի վարչապետի տապալված քվեարկութկունից հետո Նիկոլ Փաշինյանն ու կողմնակիցները չեն հանձնվում ու տոնում են Հանրապետության հրապարակում] Հեղ․՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Հաղթահարելով հուսահատությունը, անհավատալին դարձնելով իրականություն

2018թ.-ի գարնան հայաստանյան իրադարձություններն իրենց բնույթով ու արդյունքներով աննախադեպ էին: Երրորդ ժամկետի չգնալու հայտարարություններ արած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դրժեց իր խոսքերն ու դարձավ վարչապետ, ինչն էլ քաղաքականության ու քաղաքացիական պայքարում հայտնի ու անհայտ մարդկանց դուրս բերեց փողոց՝ պայքարի. մեկը մարտավարություն մշակեց, մյուսը ռազմավարական քայլեր գծագրեց:

Նրանք իշխանությունների հեռանալու իրենց պահանջը խաղաղ արտահայտեցին` բաց ձեռքերով, հաստատակամ քայլերով, ոչ բռնի:

Առաջատարները միշտ չէ, որ հարթակներում էին, ոմանք` ոչ հանրահայտ, ոչ բոլորն` այսօր պաշտոնատար: Ովքե՞ր էին նրանք: Ու՞մ անփորձությունն ու ու՞մ հարուստ փորձն էր, որ ավելի ուշ որպես թավշյա հեղափոխություն հայտնի դարձած դժգոհության ալիքն առաջ տարավ, և հասցրեց այսօրվա հանգրվանին:

Մարիա Կարապետյանը, Արսեն Խառատյանը, Դավիթ Պետրոսյանը, Միքայել Նահապետյանն ու Շահեն Հարությունյանը ներկայացնում են հեղափոխության իրենց անցած ուղին։

Մեկ տարի առաջ Մարիա Կարապետյանը կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնի զարգացման գծով տնօրենն էր, հիմա Ազգային ժողովի պատգամավոր, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության համահիմնադիր Արսեն Խառատյանը թե մինչ հեղափոխությունը, թե ներկայում Վրաստանում գործող Ալիք մեդիա լրատվամիջոցի համահիմնադիր, գլխավոր խմբագիրն է, սակայն անցած տարի հունիս-օգոստոս ամիսներին եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը: 2018թ․-ի մարտին հիմնադրված «Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության համահիմնադիր Դավիթ Պետրոսյանը մինչ հեղափոխությունը համաղեկավարում էր «Տարկետում լինելու ա» ուսանողական շարժումը, որ պայքարում էր տարկետման իրավունքի համար։ Թե մինչ հեղափոխությունը, թե դրանից հետո նա շարունակել է զբաղվեծ ուսանողների խնդիրներով։ Միքայել Նահապետյանը «Քաղաքացու որոշում» Սոցիալ Դեմոկրատական կուսակցության ղեկավար մարմնի անդամ է, կուսակցության մամուլի քարտուղարն է, մինչ հեղափոխությունը 4-րդ կուրսի ուսանող էր՝ ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետում։ Ազգային միացյալ նախաձեռնության հիմնադիր Շահեն Հարությունյանը՝ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին է, ուսանող է ԵՊՀ պատմության ֆակուլտետում, տարիներ շարունակ նրանք պայքարում են իրենց գաղափարների համար։ Հիմա Հարությունյանը Ազգային ժողովի պատգամավոր Երջանիկ Հակոբյանի օգնականն է։

Շարժառիթը

2019-ի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ իրեն գործողության մղել է իր «Երկրի հակառակ կողմը» գիրքը: Ըստ վարչապետի, «այս գրքի ընթերցումն էր, որ վերակենդանացրեց, այսինքն՝ որպես ինքս ինձ գրած նամակ օգնեց հասկանալ, որ այն չէ իմ գործը»: Նա վստահ է, որ անելիքը միայն աշխատասենյակում նստած լինելը չէր որպես խմբակցության ղեկավար:

Հեղ․՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն

«Պարզ էր, որ պետք է գործողություն: Եվ, իհարկե, այս գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ»,- 2019թ. փետրվարի 16-ին իր գրքի քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գրքի շապիկի մասին խոսելիս նա նշել է, որ շատ բան իսկապես ենթագիտակցորեն է աշխատել. «Հիմա հղում եմ անում գրքի շապիկին, որ լուծումները մեր գլխում են... Հենց սկզբից, ինչ նկարագրված է գրքում, նորից կրկնվում է, սկսած՝ մեկնարկ հանպատրաստից: Այսինքն, այն ժամանակ ես հանպատրաստից դարձա փախստական, հիմա հանպատրաստից դարձա վարչապետ»:

Հեղ․՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն

«Գործընթացը ապակենտրոն էր իր մեթոդաբանությամբ, բայց այն ուներ լիդեր: «Այդ լիդերը Նիկոլ Փաշինյանն էր... Բայց մարդիկ պայքարի բազմաթիվ կետերում, հատվածներում ունեին ինքնուրույնություն՝ ավտոնոմիա: Նրանք, փաստացի, հենց որոշում կայացնող էին ամեն կոնկրետ դեպքում, երբ, օրինակ, փողոց էին փակում»,- ասում է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

Ըստ նրա` «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, նաև որոշ ակտիվիստներ դրսից մասնակցում էին որոշումների կայացմանը: «Երբ այդ կայացված որոշումը ներկայացնում էր հանրությանը, ընկալվում էր որպես սեփական որոշում»:

Շարժման առաջատար ուժը

«Այն, ինչ դարձավ հեղափոխություն, չսկսվեց որպես հեղափոխություն»,- հիշում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 31-ամյա Մարիա Կարապետյանը: Դեռևս 2018թ.-ի սկզբին նա կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնի զարգացման գծով տնօրենն էր, այսօր արդեն ՔՊ անդամ, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:

Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի փոքրիկ անկյուններում մարդկանց փոքրիկ խմբեր ընդամենը քննարկում էին` հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան անել` ցույց տալու համար, որ Հայաստանում տեղի է ունենում մի գործընթաց, որ տանելու էր էլ ավելի ուժեղ ավտորիտարիզմի:

Մարիա Կարապետյանը հարցազրույցի ժամանակ, Երեւան, 2019, հեղ․՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

2018-ի մարտի 1-ին, ընկերներով վերադառնալով 2008-ի խաղաղ բողոքի ցույցերին հաջորդած մարտի 1-ի բռնությունների հետեւանքով 10 զոհվածների հիշատակի երթից` Արմեն Գրիգորյանը, Սոնա Ղազարյան, Սոս Ավետիսյանը, Դավիթ Բանուչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Դավիթ Սանասարյանը, Թագուհին Ղազարյանը քննարկում են սկսում` մի քանի շաբաթ անց դառնալով «Մերժիր Սերժին» նախաձեռնության կորիզը:

«Մոտ 12 մարդ էինք, բայց նախաձեռնությունը բաց հարթակ էր. ով ուզում էր, կարող էր միանալ: Ի սկզբանե սկսել էինք որպես քաղաքացիական-քաղաքական: Անհրաժեշտ էր նման նախաձեռնություն. այն պահի դրությամբ եւ գուցե մինչ այժմ հասարակության վստահությունը քաղաքական միավորների` կուսակցութունների նկատմամբ շատ ցածր էր»:

Ըստ Կարապետյանի, այդ օրերին քաղաքական դերակատարները նույնպես ակտիվ էին. «Ելք» դաշինքում քննարկումներ էին, Ազատության հրապարակում ցույցեր էր կազմակերպում «Հանուն Հայաստան պետության փրկության» ճակատը. ակտիվ էր Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիմնականում համախմբվում էին «Մերժիր Սերժին» նախաձեռնության շուրջը:

Պատգամավորը նշում է, որ շարժման առաջատար ուժը «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների կորիզ էին, բայց «պրոցեսը շատ ապակենտրոն էր»:

«Ես, օրինակ, ամենաանփորձն ու նորեկն էի այդ պրոցեսներում»,- ասում է Կարապետյանը:

Պայքարի փորձը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության (ՔՊ) համահիմնադիր Արսեն Խառատյանը նորեկ չէր քաղաքական պայքարում:

Արսեն Խառատյանը Հանրապետության հրապարակում, ապրիլի 17, 2018թ., հեղ․՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Հեղափոխությունն Արսեն Խառատյանի համար սկսվել է ավելի քան 20 տարի առաջ.

- 1996թ.-ի սեպտեմբրերի 25-ին, երբ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երեք օր առաջ տեղի ունեցած նախագահի ընտրությունների արդյունքները կեղծելու՝ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին ներկայացվող մեղադրանքով զանգվածային դժգոհություններ տեղի ունեցան՝ ընդհուպ մինչև խորհրդարանի շենքի ճաղերի տապալումը:

- 2001թ.-ին «Առագաստ» սրճարանում Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիմնապահները, բարևի անհարգալից ձևի համար ծեծելով սպանեցին վրաստանցի Պողոս Պողոսյանին:

- 2002թ.-ին փակվեց քննադատական նյութերով և մեծ լսարանով հայտնի «Ա1+» հեռուստաընկերությունը՝ գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից:

- 2004թ.-ին նախագահի ընտրությունների պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած Ստեփան Դեմիրճյանի կողմնակիցները, չընդունելով հայտարարված արդյունքները, հանրահավաքներ սկսեցին, ու ապրիլի 12-ին դեպի նախագահական նստավար շարժվող ցուցարարներին կանգնեցրին ոստիկանական պատնեշներն ու փշալարերը խորհրդարանի շենքի մոտ մահակներով ու վահաններով զինված ոստիկանները ծեծի ենթարկեցին բողոքի ակցիայի մասնակիցներին, պատգամավորների, լրագրողների:

Այսօրինակ իրադարձությունները Խառատյանին դրդեցին դուրս գալ փողոց` քաղաքացիական պայքարի: 2013թ.-ին նա դարձավ ՔՊ նախաձեռնության հիմնադիրներից:

«Թավշյա հեղափոխությունը (մեր ծրագրում) ներառել էինք այն ժամանակ էլ: Քայլարշավի նախօրեին՝ մարտի 29-ին, քննարկմանը ներկա էի` խոսեցինք, թե ինչ ենք անում, որտեղից ենք սկսում և այլն: Քննարկումների բոլոր փուլերում եղել եմ: Ընդ որում և՛ ՔՊ-ի հետ եմ եղել, և՛ «Մերժիր Սերժինի»»:

36-ամյա Խառատյանը, մինչ հեղափոխությունն էլ, ներկայում էլ` Վրաստանում գործող «Ալիք մեդիա» լրատվամիջոցի համահիմնադիր, գլխավոր խմբագիրն է: 2018թ.-ի հունիս-օգոստոս ամիսներին եղել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը:

Սկզբում քայլում էին ՔՊ անդամները: «Մերժիր Սերժին» նախաձեռնության շուրջ հավաքված էր քաղհասարակության այն սեգմենտը, որ ուզում էր ինչ-որ գործընթաց սկսել:

Կար նաև 3-րդ խումբը` Սուրեն Սահակյանն էր այդ խմբից, որ ավելի ուշ դարձավ Քաղաքացու որոշում կուսակցության համահիմնադիր:

Կային նաև ուսանողական խմբերը, որոնք ակտիվ պայքարում էին «Զինապարտության մասին» օրենքի փոփոխությունների դեմ, շարունակում գործել հանուն բուհերում բարեփոխումների, եւ այդ ընթացքում ուսանողական ինչ-որ սեգմենտներ իրար գլուխ էին հավաքվում:

Խառատյանը կարեւորում է պայքարի ընթացքում լիդերություն վերցնելու Նիկոլ Փաշինյանի գործոնը: «Նա տարիներ շարունակ ընդդիմությունից է եղել, ինչքան էլ փորձել են խփել, միևնույն է, շարունակական ու հետևողական պայքար է մղել: Նա ուժեղ, խարիզմատիկ լիդեր է»:

Քայլերը

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ, մամուլի քարտուղար 22-ամյա Միքայել Նահապետյանը կարծում է, որ ապրիլյան գործընթացը սկսվել է 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո. «Այն պահին, երբ Ազգային ժողովում ընդդիմություն ընտրվեց, պարզ դարձավ, որ իր ամբողջության մեջ դա ֆարս է, որովհետեւ գնացել, այնտեղ նստել են ու էական հարցերի մասին ոչ կարողանում են խոսել, ոչ էլ` լծակներ ունեն»:

Նահապետյանի խոսքով, մինչ այդ էլ համոզվել էին, որ զենքը չի աշխատում, խորհրդարանը չի աշխատում. «Բա, լա՛վ, ի՞նչն է աշխատում… Շատ հուսահատական վիճակ էր. երբ ինչ-որ բան փոխելու բոլոր մեխանիզմները սպառված են համարվում, սկիզբ է առնում հեղափոխությունը»:

Միքայել Նահապետյանը Կասկադում, Երեւան, Հեղ․՝ Սառա Խոջոյան

Ըստ Նահապետյանի, գործընթացի խաղաքարտերը բացվեցին մարտի 29-ին, երբ ներկայացրին քայլարշավի սցենարը: «Ես ու իմ ընկերները, թեկուզ փոքր թվով, բայց մոբիլիզացված էինք, այսինքն, մինչ այդ էլ աշխատում էինք ու մտածում` ինչ եւ ինչպես հարցերի շուրջը», հիշում է Միքայելը:

Գործիքակազմին թերահավատորեն էին մոտենում, որ միայն քայլելն ու Ազգային ժողովի շուրջը կանգնելը հարցի լուծում կտա, ու այդ գործիքակազմի վերաբերյալ անվստահությունն արտահայտեցին: «Հարց հնչեց հակադարձ` բա, լա՛վ, ի՞նչ անել, ու այդ հարցի քննարկումը շարունակվեց եւս 7 օր: Որոշ տեխնոլոգիաներ ի հայտ եկան»:

Մարտի 30-ին Գյումրիից սկսված ու 300 հազար քայլ հետո Երեւանում ավատված ՔՊ-ի Իմ Քայլը արշավի նպատակը ժողովրդին իրազեկելն էր` ապրիլի 13-ին մեկնարկող հանրահավաքի ու իշխանությունների դեմ պայքարի մեկնարկի մասին: Երբ Փաշինյանն, իր կուսակիցներն ու համախոհները հասան, քաղաքի մատույցներում մի խումբ համախոհների հետ նրանց միացավ նաեւ Ազգային միացյալ նախաձեռնության հիմնադիր 20-ամյա Շահեն Հարությունյանը, որ քաղաքացիական ակտիվ պայքարի մեջ է 14 տարեկանից՝ հոր, իրավապաշտպանների բնորոշմամբ՝ քաղբանտարկյալ Շանթ Հարությունյանի հետ:

«Երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց շարժման մասին, սկսեց քայլել Գյումրուց: Նույն օրը ես հայտարարեցի մեկ այլ նախաձեռնության մասին՝ ակցիան վերնագրելով «Երևանն աջակցում է Նիկոլ Փաշինյանին»»,- պատմում է Հարությունյանը, որ ներկայում Ազգային ժողովի պատգամավոր Երջաիկ Գրիգորյանի օգնականն է:

Շահեն Հարությունյանը Երեւանի կենտրոնում, Հեղ․՝ Սառա Խոջոյան

Ապրիլի 13-ին` մինչ Ազատության հրապարակ հասնելը ցուցարարները գնում են Երեւանի պետական համալսարան: «Դա մեր առաջին գործողությունն էր»,- ասում է Հարությունյանը՝ վերհիշելով, որ մինչ Ազատության հրապարակ գնալը համալսարան այցելելը Փաշինյանը պայմանավորել էր նրանով, որ իր նկատմամբ ապրիլի 12-ին այնտեղ բռնություն էր կիրառվել։ «Իսկ երբ փակեցինք Ֆրանսիայի հրապարակը, դեպի Թումանյան տանող Մաշտոցի պողոտայի հատվածը հանձնվեց իմ վերահսկողությանը»,- հավելում է նա։

Շահեն Հարությունյնաը նշում է, որ այդ օրերին իր ելույթների ժամանակ խոսել է արժեքների, անկախության, ժողովրդի գիտակցության մասին` դրանք համարելով այն ամենակարեւորը, որով մանակցություն է ունեցել շարժմանը:

Ձախից՝ աջ. Շահեն Հարությունյանը, Նիկոլ Փաշինյանը, Ռուբեն Ռուբինյանը, հանրահավաքի մանակիցները` Երեւանի քաղաքապետարանի առջեւ նստած, ապրիլի 18, 20182., Հեղ․՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Ապրիլի 13-ին համալսարանից քայլերթով Ազատության հրապարակ գալն, այնտեղ մարդկանց գտնելը «Մերժիր Սերժին» նախաձեռնության անդամ Մարիա Կարապետյանի համար ամենահուզիչ պահերից է եղել. «Անկանխատեսելի էր, թե մարդկանց ինչ քանակ կգա, արդյոք դա կլինի այն կրիտիկական զանգվածը, որ մեզ թույլ կտա շարունակել շարժումը: Փաշինյանն այդ օրն իր ելույթում մի արտահայտություն օգտագործեց, որ իսկապես փշաքաղություն առաջացրեց: Նա ասաց` մենք գտանք միմյանց»:

Ձախից` աջ Թագուհի Ղազարյանը, Ռուբեն Ռուբինյանը, Տիգրան Ավինյանը, Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը` Հանրապետության հրապարկում, երկրորդ շարքում` Հովհաննես Ազոյանը` հարթակի կողքն կանգնած, hեղ․՝ Նելլի Բաղդասարյան, Գլոբնյուզ

Ազատության հրապարակի հանրահավաքին հաջորդած գործողությունը Ֆրանսիայի հրապարակ գնալն էր: «Մինչ այդ բոլոր նախաձեռնություններին ես մասնակցել եմ, ասենք, մի քանի ժամ, իմ քաղաքացիական պարտքն եմ համարել: Երբեք փողոցում չէի գիշերել մինչ այդ»,- ասում է Կարապետյանը:

«Շատ տրավմաներ ունեին մարդիկ նախորդ շարժումների հետ կապված, որ առաջնորդները կդավաճանեն... Բոլոր մտավախությունները, անցյալի շարժումների հետ կապված տրավմաներն աստիճանաբար հաղթահարվում էին»:

Ակտիվության կորը

«ՔՈ» կուսակցության անդամ Միքայել Նահապետյանը նկարագրում է հաջորդ օրերին տեղի ունեցած իրադարձությունները, թե ինչպես մարդկանց մասնակցությունը նվազելու միտում ուներ. «Ապրիլի 13-ին մոտ 4000 մարդ էր հրապարակում, 14-ին` մոտ 3000: Պարզ էր, որ ակտիվության կորը նվազման միտում ունի»:

Հաջորդ օրն արդեն Նահապետյանը զանգ է ստանում ՔՊ-ից, թե Նիկոլ Փաշինյանն ուզում է հանդիպել: Ըստ Փաշինյանի, կար համակողմանի աջակցություն. ֆինանսական փոխացումներ սփյուռքից ու երկրի ներսից, ֆեյսբուքյան քոմենթներ, բայց ֆիզիկական ներկայություն մարդիկ չէին դրսեւորում: Պետք էր հասկանալ, թե ինչպես ապահովել մարդկանց ֆիզիկական ներկայությունը գործընթացին:

«Ռեստարտ» ուսանողական նախաձեռնության ղեկավար 23-ամյա Դավիթ Պետրոսյանը հիշում է, որ ապրիլի 15-ին բոլոր խմբերը որոշեցին կազմակերպված սկսել ապակենտրոնացված շարժումը.

Դավիթ Պետրոսյանը «Ռեստարտի» գրասենյակում, hեղ․ Սառա Խոջոյան

«Մարդիկ քչանում էին ու ամսի 15-ի առավոտյան որոշվեց, որ պետք է փոխվի մարտավարությունը», նշում է Դավիթ Պետրոսյանն ու վստահեցնում, որ փողոցներ փակելու գաղափարն առաջ քաշեց Սուրեն Սահակյանը, որ հետագայում համահիմնադիրը դարձավ «Քաղաքացու որոշում» կուսակցության: Շատերն էլ, ըստ Պետրոսյանի, հանդես եկավ սեփական գաղափարներով՝ փակելու մետրոյի կայարանները, մայրաքաղաքի կյանքի համար կարևոր այլ հաղորդակցության ուղիներ:

Միքայել Նահապետյանը նշում է, որ երկու տեսնակյունից է դիտարկվել ապակենտրոնացման գործընթացը. «Առաջինը փիլիսոփայականն էր. եթե դու ռուպըրը վերցնում ես ու ամբողջ ժողովրդին տանում այստեղ-այնտեղ, մարդիկ ուղիղ եթերը նայում են ու ասում. է, լա՛վ էլ հանրային ռադիոյի շենքը գրավում են, էլ մենք ի՞նչ գործ ունենք այնտեղ, էն է՝ անում են»:

Մինչդեռ, պետք էր պատասխանատվությունն ու մասնակցությունը անհատականացնել, որ յուրաքանչյուրն իմանար իր անելիքը: Նահապետյանը հիշում է՝ տեխնիկական մասով առաջին օրվա խնդիրն էր կանգնեցնել Երեւանի մետրոպոլիտենը, փակել Հրազդան գետի երկու ափերը կապող կամուրջները, քաղաքը կիսել երկու մասի ու փակել բոլոր խաչմերուկները։ Գերխնդիրն այդ պահին, որքան հնարավոր է, երթեւեկությունը պարալիզացնելն էր:

Միքայել Նահապետյանը` դռների մոտ, հետեւում է Արայիկ Հովյաննիսյանիս` ներկա Կրթության եւ գիտության նախարարին, Երեւանի պետական համալսարանի շենքի ներխուժելու ընթացքում] Միքայել Նահապետյանի արխիվից

ՔՈ ներկայացուցիչը նշում է, որ սկզբում քննարկվում էր ամեն ինչ սեփական, զուտ թիմի ուժերով անելու տարբերակը, բայց մարդկային ռեսուրսը բավական չէր, ինչից հետո Նիկոլ Փաշինյանը հարցրել է. «Բառացի եմ ասում` իսկ կարող ա գժվեմ ու բեմից հայտարարեմ սրա մասին»:

Փաշինյանի այս արտահայտությունը փոխադարձ ժպիտներով են ընդունել ու արձագանքել. «Ճիշտը դա է, որ հայտարարվի ու մարդիկ իմանան` ինչ է պետք անել»:

Այս ամենին հետեւեց ապրիլի 15-ի հայտարարությունը, թե հաջորդ օրն առավոտից սկսում են բլոկադան: Միքայել Նահապետյանը մանրամասնում է. «Դրանից հետո ֆեյսբուքով շատ արագ թռուցիկների տարածում եւ այլն, մաքսիմում շատ մարդկանց տեղյակ պահել... Հաջորդ օրն աշխատեց»:

Նորօրյա Հայաստանում պատգամավոր դարձած Մարիա Կարապետյանը միշտ ընդդիմանում է, երբ առանձին ինչ-որ խմբեր ասում են, որ իրենք են հեղափոխության հեղինակները կամ առաջնորդները՝ հակասելով հեղափոխության տրամաբանությանը: «Այն այնքան ապակենտրոն էր, այնքան հորիզոնական, այնքան ներառական, որ անվանել լոկուս գործողության, նշանակում է, չընկալել հեղափոխությունը, այնպես, ինչպես այն տեղի է ունեցել»,- իր դիրքորոշումն է հստակեցնում Իմ քայլի պատգամավորը:

«Առաջին ակցիաներին գալիս էին մարդիկ, որոնք համոզված էին, որ ինչ-որ պահի բախում է լինելու: (Գործընթացը) կարծես ոչ բռնի գործողությունների համապետական թրեյնինգ էր, որով հնարավոր էր մարդկանց ինչ-որ մի կերպ ցույց տալ, որ ընտված սկզբունքը՝ բաց ձեռքերի պայքարը գործուն է լինելու»:

Մոմենտում

Պատգամավոր Մարիա Կարապետյանի հիշողության մեջ դաջվել է ապրիլի 16-ի այն դրվագը, երբ «Մերժիր Սերժին» նախաձեռնության անկտիվ անդամ Արմեն Գրիգորյանի (հիմա՝ Ազգային անվտանգության խորհրդի ներկա քարտուղար) ելույթի ժամանակ ուսանողությունը միացավ շարժմանը։ «Մեզ թվում էր, որ մենք շատ ենք: Ինչ-որ պահի աղմուկ լսվեց, բոլորս շրջվեցինք դեպի Մատենադարան եւ այնտեղից ուսանողության` հրապարակում հավաքված մարդկանցից էլ ավելի մեծ մի բազմություն ծփալով, ալիքաձեւ իջնում էր»,- վերհիշում է նա:

Դավիթ Պետրոսյանին բերման են ենթարկում, «Մերժի'ր Սերժի'ն» բողոքի ակցիան Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ, ապրիլի 19, 2018թ., հեղ․՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Ուսանողությանն առաջնորդողներից Դավիթ Պետրոսյանը, թեկուզ թերահավատ էր, բայց չէր կարողացել անմասն մնալ իրադարձություններից. «Կային մարդիկ, ում վստահում էի, որովհետև իրենց շատ շուտվանից ճանաչում էի` Խառատյան Արսենը, մեկ էլ Գրիգորյան Արմենը։ Իրենք, որ պրոցեսի մեջ ամբողջովին ներգրավվեցին , ես էլ որոշեցի, որ պետք է մասնակցեմ»:

Հեղ․ Նարե Գնունի, Գլոբնյուզ

Ապրիլի 16-ը, սակայն, փոխել է Պետրոսյանի վերաբերմունքը, երբ Բաղրամյան պողոտայում իրենց նախաձեռնության ուսանողներից 4-ը վիրավորվեցին ձայնային նռնակներից՝ Նիկոլ Փաշինյանի հետ փշալարերն անցնելու փորձի ժամանակ․ «Որոշեցինք, որ արդեն իսկապես ինքնասիրության ու արժանապատվության շարժում է»:

Պետրոսյանը հիշում է, որ այդ ժամանակ ընդհանրապես քննարկումներ չկային, թե ով պետք է լինի վարչապետ կամ ինչպես պետք է իշխանություն ձևավորվի. «Նպատակը հենց Սերժ Սարգսյանի հրաժարականը ստանալն էր»։

Ստացան… ապրիլի 23-ին:

Հանգուցալուծման ուղին

Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ապրիլի 22, 2018թ., hեղ․՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Մինչ այդ, սակայն, ապրիլի 22-ին Սերժ Սարգսյանի եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն էր, որին կողմերը ներկայացել էին տարբեր ակնկալիքներով, ինչն էր արագ կանխորոշեց հանդիպման ելքը. այն տևեց 3 րոպե: Այնուհետև Փաշինյանի, ու դրան նախորդած` Արմեն Գրիգորյանի ու Դավիթ Սանասարյանի ու դրան հաջորդած` Արարատ Միրզոյանի ու Սասուն Միքայելյանի ձերբակալությունները, երեկոյան երթը, որն աննախադեպ էր մարդկանց քանակով ու որի մասնակիցներից յուրաքանչյուրն ասում էր` «Նիկոլը ես եմ»:

Արսեն Խառատյանն այդ հանդիպումը բեկումնային է որակում. «1.5 րոպե տևեց Նիկոլ-Սերժ հանդիպումը, որտեղ Սերժ Սարգսյանը, կարծես, սպառնաց: Եվ այդ երեկո ես հրապարակում տեսա մարդկանց, որոնց անհնար էի համարում, որ կարող է գան փողոց»:

Ձախից աջ` Արայիկ Հարությունյան, Սուրեն Պապիկյան, Հրաչ Հարությունյան, Նիկոլ Փաշինյան, Շահեն Հարությունյան] Հեղ․՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան հանդիպման օրը Շահեն Հարությունյանն իր հոր՝ Շանթ Հարությունյանի մոտ բանտում տեսակցության էր, որտեղ և դիտում էին հանդիպման ուղիղ եթերը: «Ներքին համոզմունք ունեի, որ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ հենց առաջինն առաջ կքաշի անկախության և ինքնիշխանության խնդիրը, քաղբանտարկյալների խնդիրը: Ուղղակի ձախողվեց այդ երկխոսությունը»:

Հարությունյանը հիասթափված էր, վստահ լինելով, թե հեղափոխությունների ժամանակ քաղբանտարկյալների խնդիրն առաջնային պլան է մղվում: «Նիկոլ Փաշինյանն, այո՛, միշտ ասել է քաղբանտարկյալների խնդրի մասին», հիշում է քաղբանտարկյալի որդին: Ու մինչ 2018թ.-ի ապրիլյան օրերին ձերբակալվածները մի քանի ժամում ազատ էին արձակվում, քանի որ հայտնվել էին բանտում Սերժ Սարգսյանի իշխանության դեմ պայքարելու հետևանքով:

Իր հոր պարագան այդպես չդիտարկվեց. «Եթե այդկերպ մարդիկ ազատ արձակվեցին, ապա ինչո՞ւ ազատ չարձակվեցին այն մարդիկ, ովքեր ևս պայքարել էին Սերժ Սարգսյանի իշխանության դեմ»:

«Արժեքների հեղափոխություն»

Իր հորը եւ, ըստ իրավապաշտպանների, մյուս քաղաբանտարկյալներին անմիջապես ազատ չարձակելը Շահեն Հարությունյանի համար կարևոր նշանակություն ունեցավ: «Հազարավոր մարդիկ դուրս եկան իմ դեմ «ինչ տալիս են` բավարարվե՛ք» ասելով, ու սա հիմնահատակ փոխում է մարդուն»:

Նա համոզված է, որ Հայաստանում դեռ արժեքների հեղափոխություն է պետք անել, որպեսզի մարդկանց, որոնք քննադատում են իշխանություններին, դավաճան ու հակահեղափոխական չանվանեն : «Մենք սրտի ցավով ենք խոսում իշխանությունների հետ, քննադատում, որ հանկարծ նրանք էլ չսխալվեն: Ոչ թե պահանջում ենք նրանց հեռացումը, այլ պահանջում ենք նրանց լավ աշխատանքը»:

Հեղափոխությունը, մասնակից լինելը, հաջորդած իրականությունն ու իրադարձությունները փոփոխություններ են բերում ոչ միայն քաղաքական կյանքում:

Հունիսի սկզբին Արսեն Խառատյանն արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական է նշանակվել, բայց աշխատել 3 ամիս: Դժվարանում է ասել` իշխանության մեջ լինելը, իշխանության կողքին լինելը` իրեն փոխել է, թե` ոչ: «Բնականաբար, տրանսֆորմացիաների ենթարկվում ես, որովհետև կարգավիճակի փոփոխությունը վարքագծի, ասելիքի, ասելիքի չափի լուրջ սահմանափակումներ է բերում, ինչն ամեն մարդ յուրովի է տանում, ես էլ»:

«Ես միշտ ապակենտրոն եմ եղել, անսովոր էր կառավարման համակարգում լինելը: Ես իմ ազատությունները երբեմն ստիպված եմ եղել սահմանափակել, ուստի դա իմ համար կյանքի ամենահաճելի փուլը չի եղել: Եվ անձամբ ես կարծում եմ, որ ավելի արդյունավետ կարող եմ և եմ իմ ազատություններն ունենալով գործ անելու տեսանկյունից»,- ասում է Խառատյանը:

Հունիսի 12-ին Միքայել Նահապետյանը նշանակվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական. «Երբ ես պիտի որոշում կայացնեի` ընդունել, թե` չէ ծառայության առաջարկը, շատ կառուցվածքային քննարկել ենք այն սահմանագծերը, որոնք երբեք չեմ հատի»:

Նա անցել էր ծառայության՝ օգնելու կառավարությանը՝ իրականացնելու հրապարակում հանձն առած պարտավորությունները, որոնցից մեկն էլ Ընտրական օրենսգրքի փոփոխությունն էր, ինչն իր համար սկզբունքային հարց էր, բայց այդպես էլ՝ լուծում չստացավ․ «Հենց դա է եղել հրաժարականի պատճառը: Քաղաքական առումով այնտեղ մնալն արդեն նպատակահարմար չէր»:

Միքայել Նահապետյանը Կառավարության շենքի պատշգամից հետեւում է` ինչպես են իր ընկերները բողոքում Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դեմ, սակայն, չի կարողանում միանալ նրանց` քանի որ Տիգրան Ավինյանի օգնականն էր] Միքայել Նահապետյանի արխիվից

Այնուամենայնիվ, Նահապետյանն իր գործունեությունը կառավարությունում արդյունավետ է համարում: «Չգիտեմ` աշխարհում կա էլի նման մի կետ, որտեղ 21-22 տարեկանում մարդուն բախտ է վիճակվում այդպիսի փորձառություն հավաքել, փորձ կուտակել»,- նշում է նա` ընդունելով, որ փոխվել է: «Գրաքննություն մեզ մոտ չի եղել, դրսից էլ երբեք որեւէ մեկը մեզ ոչ մի բան չի ասել, բայց ես բացահայտեցի, որ հանրությունն է գրաքննող»,- հավելում է Նահապետյանը:

«Իրականությունն ու թուղթը»

Որպես ակտիվիստ սկսելով հեղափոխությունն ու արդեն 2018թ. դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում դառնալով պատգամավոր Մարիա Կարապետյանը, երբևէ կուսակցական չլինելով, անդամակցել է նաև ՔՊ կուսակցությանը. «Ես հասկանում էի, որ ՔՊ արագընթաց աճի փուլ է մտնելու ու կարեւոր է, որ կուսակցությունը հաջողի»:

Հիմա արդեն, որպես պատգամավոր, փոխել է իր արտահայտվելու ձևը. «Արժեքների տեսանկյունից չեմ փոխվել, խոսույթի տեսանկյունից եմ փոխվել: Այն լեզուն, որ օգտագործում եմ, բառապաշարը, համոզված եմ, որ դեռեւս շատ հեռու է բյուրոկրատականից, բայց կարծում եմ, որ տարբերվում է այն լեզվից, որ ես օգտագործում էի անցած տարի այս ժամանակ: Հիմա ավելի ֆորմալ է»:

Կարապետյանն ուզում է, որ Հայաստանում ժողովրդավարությունն անդառնալի լինի. «Ուզում եմ, որ իրականությունն ու թուղթն իրար համապատասխանեն»: Նրա բնորոշմամբ, ցանկացած հարցի լուծման համար իրենք պետք է երկխոսություն սկսեն հանրության հետ ու որոշակի կոնսենսուս ապահովեն: Միքայել Նահապետյանը, սակայն, նման երկխոսությունից ավելի կարեւորում է ուղիղ ժողովրդավարությունը, քանի որ նա հիշում է, որ հեղափոխության հարթակից հայտարարվել է՝ ուղիղ ժողովրդավարություն է լինելու, բոլոր հարցերը քննարկելու են հանրության հետ ու հանրությունն է որոշելու:

«Մինչեւ այժմ ես միայն վատ ազդակներ եմ տեսնում: Բոլոր այն տեղերում, որտեղ ուղիղ ժողովրդավարության փոքրիկ դրսեւորում է լինում, դա կոշտ ընդդիմության է արժանանում»,- նշում է Նահապետյանը՝ բերելով Ջերմուկի 3000 քաղաքացիների օրինակը, որոնք ստորագրահավաքով իրենց ավագանուն պարտավորեցրել էին որոշում ընդունել, որ քաղաքը որպես էկո-տնտեսական ռեգիոն զարգացնելու համար, սակայն իշխանություններից բացասական ազդակներ էին ստացել։

Միքայել Նահապետյանը հետեւում է դեկտեմերի 9-ի Ազգային ժողովի ընտրությունների արդյունքների ամփոփմանը, Երեւան] Միքայել Նահապետյանի արխիվից

Քննադատելուց բացի Նահապետյանը նաեւ գաղափարներ է առաջարկում` մասնակցելով ընտրություններին. «Մենք տեսանք, որ ընտրություններով հաջողության հասնելու իրավաքաղաքական մեխանիզմներ կան, ու արդեն պետք է ներկայացնել գաղափարները, որոնք տարբեր են ու որոնք պատճառ են, որ չենք կարողանում միասնական լինենք այն մարդկանց հետ, ում հետ միասնական ենք եղել հեղափոխության ժամանակ»:

Դավիթ Պետրոսյանն ու «Ռեստարտը», հակառակը, ընտրական որեւէ գործընթացի չեն մասնակցել այլ շարունակել են զբաղվել իրենց գործով՝ բուհական համակարգի առողջացման համար պայքարով: «Կրթության խնդիրներն անհրաժեշտ կերպով չեն հասցեագրվում, չեն լուծվում, մենք 9 ամիսների ընթացքում չենք տեսել կրթական ռեֆորմի հայեցակարգ: Մեր սպասելիքները չեն արդարացել»,- ասում է նա։

Հեղ․՝ Սառա Խոջոյան

«Ռեստարտը» որպես ուսանողական նախաձեռնություն ընդարձակվում է, բայց քաղաքականությամբ չեն զբաղվելու, քանի որ դրա համար «մասնագիտական, կամային ու որակական ավելի լուրջ կոմպետենցիա է պետք ունենալ»:

Շահեն Հարությունյանն ուսանող է, նաեւ աշխատում է Ազգային ժողովում, քաղքական մեծ ծրագիր ունի՝ ազատագրել Հայաստանը, վերականգնել Հայաստանի ինքնիշխանությունը և ազատությունը ու սկսել նոր արժեհամակարգով ժողովրդի` ազգի կերտումը: Հետահայաց՝ նա որոշակի վերապահումներով է խոսում հեղափոխության մասին. «Հայաստանի նման երկրներում փոփոխությունները պայմանավորված չեն բացառապես ընդդիմություն-իշխանություն-ժողովուրդ հակասություններով եւ համակրանքներով: Միշտ արտաքին ուժերի գործոնն է դեր խաղում»:

Նա, սակայն, ավելին չի պնդում՝ ամուր փաստարկներ ձեռք բերելու լծակներ չունենալու պատճառաբանությամբ: «Ես ունեմ իմ հստակ արտահայտված [բացասական] դիրքորոշումը կայսերապաշտ ռուսների վերաբերյալ, ներկա իշխանությունն ունի այլ կարծիք, չնայած` մինչև իշխանություն դառնալը մենք համակարծիք էինք»,- ասում է Հարությունյանը: «Կարծում եմ՝ կգա ժամանակը, և բոլորս կտեսնենք` ինչ է տեղի ունեցել»:

Հեղինակներ՝ Աղավնի Հարությունյան

Սառա Խոջոյան

Նարե Գնունի

Նելլի Բաղդասարյան

Հոդվածը պատրաստվել է ԳլոբՆյուզ մեդիայի կողմից՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: