Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ներկա պահին անհանգստացնում է վերափոխումների դանդաղ, խայտաբղետ ու ոչ տարերային լինելը․ Գոռ Մադոյան

 

Globnews.am-ը ներկայացնում է հարցազրույցների շարք` հեղափոխության տարբեր մասնակիցների և իրադարձություններին տարբեր տեսանկյուններից մոտեցող մասնագետների միջոցով փորձելով ներկայացնել ու բացատրել այն, ինչ տեղի ունեցավ 2018-ին, ինչ աշխարհին հայտնի դարձավ որպես թավշյա հեղափոխություն: Մեր զրուցակիցը քաղաքագետ, պատմագետ Գոռ Մադոյանն է։

- Կանայք հեղափոխական գործընթացում. Ի՞նչ կար տարբերվող, արդյո՞ք այդ իրադարձություններում կանայք/աղջիկներն ավելի ակտիվ/պասիվ էին, կա՞ր առաձնահատուկ վիճակ այդ առումով:

- Կանանց ներգրավվածությունն, իհարկե, ակնառու էր ու զգալի, բայց այն, ըստ էության, նորություն չէր, քանի որ նախկին քաղաքացիական պայքարներում՝ «Մաշտոցի պուրակ», «100 դրամ», «Էլեկտրիկ Երևան», նրանք նույնպես շատ ակտիվ էին։ Այլ հարց էր մասնակցության մասշտաբը, որը նորություն էր և նաև լոկալ խմբերի ընդհանուր օրակարգի շուրջ համախմբվելը։ Միգուցե կանանց և աղջիկների մասնակցությունը որոշակիորեն սահմանափակում էր ոստիկանական բռնության հնարավոր կիրառումը, բայց դա հետագայի ուսումնասիրության խնդիր է և դժվար թե վճռորոշ լիներ։

- Որո՞նք էին հեղափոխության կարևոր հանգրվանները կամ կարևոր քայլերը, պահերը, իրադարձությունները։

- Առաջին կարևոր հանգրվանը դա բախումն էր Բաղրամյան փողոցում՝ վարչապետի ընտրության օրը, հետո արդեն՝ Սերժ Սարգսյանի ջղաձգված հարցազրույցները՝ սպառնալի տոնով, հետո բողոքի ալիքի ներթափանցումը մարզեր ու Երևանի արվարձաններ։ Կարևոր էր նաև նախագահի հանդիպումը Փաշինյանի հետ, որը կարող էր ցուցիչ լինել, որ իշխող «բուրգը» այդքան էլ միատարր ու միակամ չէ, և կարելի է կարծել, որ իշխող էլիտան պառակտվել է։

- Քայլերի ո՞ր հաջորդականությունն էր, որ հնարավոր դարձրեց հեղափոխությունը։

- Փաշինյանի կերպարի ընտրությունը և ձևավորումը, Հայաստանով մեկ քայլարշավը, ապակենտրոնացումը, իշխանությունների հետ որևէ նախապայմանի քննարկման բացառումը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը անքննարկելի էր, էլիտայի ներքին երկպառակտումը և Երևանի՝ ակտիվ միջին խավի ու երիտարասարդության ներգրավվումը որպես քաղաքացիական անհնազանդության շարժիչ ուժ։

- Արդյո՞ք «թավշյա հեղափոխությունն» արդեն փաստ է։

- Եթե «թավշյա հեղափոխությունը» հասկանանք որպես իշխանություն, ապա, այո, անշրջելի է։ Սակայն համակարգային փոփոխությունները դեռ առջևում են, դեռ հստակ չեն վերափոխումների հստակ ու կտրուկ քայլերը։ Անհստակության ցուցիչներից մեկն էլ Լենա Նազարյանի խոսքն էր՝ իներցիայի շարունակության մասին։

- Ի վերջո, ինչի՞ հեղափոխություն է տեղի ունեցել՝ արժեքների, հասարակական կարծիքի՞, մոտեցմա՞ն, թե՞․․․

- Հասարակական կարծիքի, բայց միայն ամենավերին մասում, որ 10-ամյա իշխանությունը չպետք է շարունակվի ու վերարտադրվի։ Այսինքն՝ ընդդեմ պայմանական «Սերժ Սարգսյանի» դա փաստ է։ Իսկ արդեն լոկալ մակարդակում՝ տարբեր խմբերի պատասխանատվության, զուգահեռ օրակարգերի համադրման ու ընդհանուր տեսլականի գիտակցման՝ տեսական մակարդակում միայն «լավ կյանք, բարեկեցիկ ապագա, երջանիկ քաղաքացի»։ Իսկ ահա այդ կարգախոսների իրականացման ճանապարհներն ու իրականացնողների անձնական ու խմբային պատասխանատվության հարցը և լծակների խնդիրը դեռևս առկախված է։

- Հետադարձ հայացքով ո՞ր մոտեցումները կամ քայլերն եք համարում սխալ, անտեղի, ժամանակավրեպ:

- Եթե խոսում ենք փոփոխություններից ու համակարգի վերափոխումից, ապա սխալներից ու ժամանակավրեպությունից կարող ենք խոսել շատ ավելի ուշ։ Ներկա պահին անհանգստացնում է վերափոխումների դանդաղ, խայտաբղետ ու ոչ տարերային լինելը։ Որոշ օրակարգերի առկախումը՝ սահմանդրական փոփոխություն, դեկապիտալիզացիա՝ հանրային համերաշխություն, ուղիղ ժողովրդավարոթյուն և այլն։ Սրանք հռչակվեցին, բայց ավելի ոչինիչ դեռ չի արվել և մոտակայում նույնիսկ չեն էլ ուրվագծվում հնարավոր ուղղությունները։

Սկիզբը՝ այստեղ:

Հարցազրույցներն անց են կացվել GlobNews.am-ի՝ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության պատճառների, հիմնական դերակատարների և հանգամանքների մասին պատմող վերլուծական նյութերի պատրաստման ընթացքում: Նյութերը պատրաստվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ: