Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

«Թավշյա հեղափոխություն» շարժիչ ուժն ու շարժառիթները. Մաս 1

 

2018թ.-ի գարնան հայաստանյան իրադարձություններն իրենց բնույթով ու արդյունքներով աննախադեպ էին: Երրորդ ժամկետի չգնալու հայտարարություններ արած երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը դրժեց իր խոսքերն ու դարձավ վարչապետ, ինչն էլ քաղաքականության ու քաղաքացիական պայքարում հայտնի ու անհայտ մարդկանց դուրս բերեց փողոց՝ պայքարի. մեկը մարտավարություն մշակեց, մյուսը ռազմավարական քայլեր գծագրեց:

Նրանք իշխանությունների հեռանալու իրենց պահանջը խաղաղ արտահայտեցին` բաց ձեռքերով, հաստատակամ քայլերով, ոչ բռնի:

Առաջատարները միշտ չէ, որ հարթակներում էին, ոմանք` ոչ հանրահայտ, ոչ բոլորն` այսօր պաշտոնատար: Ովքե՞ր էին նրանք: Ու՞մ անփորձությունն ու ու՞մ հարուստ փորձն էր, որ ավելի ուշ որպես թավշյա հեղափոխություն հայտնի դարձած դժգոհության ալիքն առաջ տարավ, և հասցրեց այսօրվա հանգրվանին:

Մարիա Կարապետյանը, Արսեն Խառատյանը, Դավիթ Պետրոսյանը, Միքայել Նահապետյանն ու Շահեն Հարությունյանը ներկայացնում են հեղափոխության իրենց անցած ուղին։

Շարժառիթը

Մարիա Կարապետյանը հարցազրույցի ժամանակ, Երեւան, 2019, հեղ․՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

2019-ի փետրվարին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն հայտարարել է, որ իրեն գործողության մղել է իր «Երկրի հակառակ կողմը» գիրքը: Ըստ վարչապետի, «այս գրքի ընթերցումն էր, որ վերակենդանացրեց, այսինքն՝ որպես ինքս ինձ գրած նամակ օգնեց հասկանալ, որ այն չէ իմ գործը»: Նա վստահ է, որ անելիքը միայն աշխատասենյակում նստած լինելը չէր որպես խմբակցության ղեկավար:

Հեղ․՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն

«Պարզ էր, որ պետք է գործողություն: Եվ, իհարկե, այս գիրքը գործողության մղող հիմնական շարժառիթը դարձավ»,- 2019թ. փետրվարի 16-ին իր գրքի քննարկման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Գրքի շապիկի մասին խոսելիս նա նշել է, որ շատ բան իսկապես ենթագիտակցորեն է աշխատել. «Հիմա հղում եմ անում գրքի շապիկին, որ լուծումները մեր գլխում են... Հենց սկզբից, ինչ նկարագրված է գրքում, նորից կրկնվում է, սկսած՝ մեկնարկ հանպատրաստից: Այսինքն, այն ժամանակ ես հանպատրաստից դարձա փախստական, հիմա հանպատրաստից դարձա վարչապետ»:

Հեղ․՝ ՀՀ Կառավարության մամուլի ծառայություն

«Գործընթացը ապակենտրոն էր իր մեթոդաբանությամբ, բայց այն ուներ լիդեր: «Այդ լիդերը Նիկոլ Փաշինյանն էր... Բայց մարդիկ պայքարի բազմաթիվ կետերում, հատվածներում ունեին ինքնուրույնություն՝ ավտոնոմիա: Նրանք, փաստացի, հենց որոշում կայացնող էին ամեն կոնկրետ դեպքում, երբ, օրինակ, փողոց էին փակում»,- ասում է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանը:

Ըստ նրա` «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Մերժիր Սերժին» նախաձեռնությունը, նաև որոշ ակտիվիստներ դրսից մասնակցում էին որոշումների կայացմանը: «Երբ այդ կայացված որոշումը ներկայացնում էր հանրությանը, ընկալվում էր որպես սեփական որոշում»:

Շարժման առաջատար ուժը

«Այն, ինչ դարձավ հեղափոխություն, չսկսվեց որպես հեղափոխություն»,- հիշում է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, 31-ամյա Մարիա Կարապետյանը: Դեռևս 2018թ.-ի սկզբին նա կոնֆլիկտների հաղթահարման «Իմեջին» կենտրոնի զարգացման գծով տնօրենն էր, այսօր արդեն ՔՊ անդամ, Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր:

Հունվար-փետրվար ամիսներին Հայաստանի փոքրիկ անկյուններում մարդկանց փոքրիկ խմբեր ընդամենը քննարկում էին` հնարավո՞ր է արդյոք ինչ-որ բան անել` ցույց տալու համար, որ Հայաստանում տեղի է ունենում մի գործընթաց, որ տանելու էր էլ ավելի ուժեղ ավտորիտարիզմի:

2018-ի մարտի 1-ին, ընկերներով վերադառնալով 2008-ի խաղաղ բողոքի ցույցերին հաջորդած մարտի 1-ի բռնությունների հետեւանքով 10 զոհվածների հիշատակի երթից` Արմեն Գրիգորյանը, Սոնա Ղազարյան, Սոս Ավետիսյանը, Դավիթ Բանուչյանը, Դավիթ Հովհաննիսյանը, Դավիթ Սանասարյանը, Թագուհին Ղազարյանը քննարկում են սկսում` մի քանի շաբաթ անց դառնալով «Մերժիր Սերժին» նախաձեռնության կորիզը:

«Մոտ 12 մարդ էինք, բայց նախաձեռնությունը բաց հարթակ էր. ով ուզում էր, կարող էր միանալ: Ի սկզբանե սկսել էինք որպես քաղաքացիական-քաղաքական: Անհրաժեշտ էր նման նախաձեռնություն. այն պահի դրությամբ եւ գուցե մինչ այժմ հասարակության վստահությունը քաղաքական միավորների` կուսակցութունների նկատմամբ շատ ցածր էր»:

Ըստ Կարապետյանի, այդ օրերին քաղաքական դերակատարները նույնպես ակտիվ էին. «Ելք» դաշինքում քննարկումներ էին, Ազատության հրապարակում ցույցեր էր կազմակերպում «Հանուն Հայաստան պետության փրկության» ճակատը. ակտիվ էր Զարուհի Փոստանջյանի «Երկիր Ծիրանի» կուսակցությունը: Իսկ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հիմնականում համախմբվում էին «Մերժիր Սերժին» նախաձեռնության շուրջը:

Պատգամավորը նշում է, որ շարժման առաջատար ուժը «Իմ քայլը» և «Մերժիր Սերժին» նախաձեռնությունների կորիզ էին, բայց «պրոցեսը շատ ապակենտրոն էր»:

«Ես, օրինակ, ամենաանփորձն ու նորեկն էի այդ պրոցեսներում»,- ասում է Կարապետյանը:

Շարունակելի...