Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թավշյա հեղափոխության իմպուլսը. Մաս 1

 

Խաբված հույսերը, այդպես էլ չիրականացող խոստումներն ու կոռուպցիան Հայաստանում հանգեցրին փոփոխությունների գնալու մեծագույն ցանկության, հզոր մի ալիքի, որ հեղափոխական ուժով ու բռնության բացառման ճանապարհով 2018թ.-ի գարնանը Հայաստանում հասարակական երկրաշարժ առաջացրեց:

Բողոքի ահագնացող ալիքն առաջին մեծ հանգրվանին հասավ 2018թ. ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց երկրի վարչապետ, մինչ այդ երկու ժամկետ նախագահ պաշտոնավարած, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Որոշակի դիմադրությունից հետո, քանի դեռ խորհրդարանում մեծամասնություն էր մնում առանց քաղաքական ղեկավարի մնացած Հանրապետական կուսակցությունը, իրավունքի ուժով ցրվեց նաև Ազգային ժողովը: 2018թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ:

2019թ. մարտի դրությամբ, 2008թ.-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից 11 տարի անց գնահատական է տրվում՝ հասկանալու, թե ինչպես, ինչի շնորհիվ, ինչ պայմանների զուգադիպությամբ, թե բերումով և, ի վերջո, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, որ աշխարհին հայտնի դարձավ որպես «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն»:

Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ, ապրիլի 29, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

«...Լեգիտիմության բոլոր հնարավոր կետերը սպառվել էին»

2008թ.-ի փետրվարի 19-ի նախագահի ընտրություններից հետո` մարտի 1-ի լույս 2-ի գիշերը, բողոքի ակցիաների ժամանակ իշխանության կողմից ուժի կիրառման հետևանքով հրազենի վիրավորումից սպանվեց 10 քաղաքացի: 1990-ականների կեսերից ամեն մի ընտրության հաջորդում էին բողոքի ակցիաներ՝ հնչեցնելով ընտրությունների կեղծված լինելու մեղադրանքներ: Բողոքները կամ ճնշվում էին իշխանությունների կողմից, նաև բռնության կիրառմամբ, կամ մարում՝ հուսահատությունը դարձնելով ընդհանուր տրամադրություն:

Երկրում տիրող անբարենպաստ իրավիճակի, արդար ընտրություններ ունենալու ցանկության անկատարության, բողոքի ակցիաները ճնշելու իրողությունները իշխանությունների հասցեին ավելացնում էին մեղադրանքները, ուժգնանում էր դժգոհությունը:

100-ից ավելի մարդկային կորուստներով 2016թ.-ի արցախյան 4-օրյա պատերազմի , «Սասնա ծռերի» դեպքից հետո, երբ 2016թ. հուլիսին մի խումբ զինյալներ պատանդառությամբ գրավեցին պետական պահպանության գունդը և պահանջեցին նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականը, իշխանությունների համար արդարացումը, թե վատը և ոչ լեգիտիմ լինելով հանդերձ իրենք միակ ուժն են, որ պահպանում է Արցախում ստատուս-քվոն, այլևս չէր աշխատում:

55-ամյա քաղաքագետ Ստեփան Դանիելյանի ներկայացմամբ, լեգիտիմության բոլոր հնարավոր կետերը սպառվել էին: «Մյուս կողմից, քանի որ Սերժ Սարգսյանը չկարողացավ իր հաջորդին ընտրել և որոշեց ինքը գնալ 3-րդ ժամկետով, նորմալ իշխանափոխություն տեղի չունեցավ և իշխող համակարգում առաջացան ճեղքեր, այսինքն՝ պայքարը գնում էր միմյանց դեմ, տարբեր կենտրոններ էին ձևավորվել»։

Հեղ․՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

Քաղաքական համակարգը, ըստ էության դեգրադացված էր, չկար վստահություն ոչ միայն իշխանության, իշխող կուսակցության, այլ առհասարակ կուսակցությունների հանդեպ: Մի կողմից հայտարարվում էր, թե ընտրությունները կեղծվում են, մյուս կողմից՝ մասնակցում էին այդ ընտրություններին: Կամ այսօր ընդդիմադիր ներկայացող կուսակցությունը վաղը դառնում էր իշխանական կոալիցիայի մաս, և հակառակը:

Դանիելյանը կարծում է, որ այդ պատճառով էլ առաջացան քաղաքական համակարգից դուրս շարժումներ՝ քաղաքացիական, բնապահպանական և այլն, որոնց նկատմամբ արդեն ավելի շատ վստահություն կար: «Այդ շերտը որոշակի ակտիվություն ցուցաբերեց: Այսինքն՝ սա անվստահություն էր նաև քաղաքական համակարգի հանդեպ»:

Ո՛չ ավտորիտարին, օլիգարխիկին

Տարիներ շարունակ ընդդիմադիր շարժումներին հետևած 43-ամյա քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանն ուշադրություն է հրավիրում հանրային տրամադրությունների վրա. «Մարդիկ չէին ուզում, որ պահպանվի այդ ռեժիմը՝ ավտորիտար, օլիգարխիկ, շահարկող, ճնշող, կեղեքող»:

Վարդանյանի խոսքով, եթե անգամ ժողովուրդը մերվել, համակերպվել էր փափուկ ավտորիտարիզմին, այդուհանդերձ, անպատկերացնելի էր կոշտ ավտորիտարիզմի հանդուրժումը: «...Այստեղ ոչ թե խաբելն էր, այլ հիմարի տեղ դնելը, երբ ասում էին, թե մենք այդպիսի բան չէինք ասել, որ սա երրորդ ժամկետ չէ, բայց դա նաև չի նշանակում, որ ես չեմ առաջադրվի… խոսքի մանուպուլյացիա, որ ծիծաղելի էր»:

Էդգար Վարդանյան, քաղաքական վերլուծաբան: Հեղ.՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Քաղաքական վերլուծաբանը հետահայաց գնահատում է. «Իշխանությունները թերագնահատեցին այս պայքարը, նախաձեռնողներին, թե մի քիչ իրենց բողոքը կարտահայտեն, կհոգնեն՝ կգնան: Բայց բողոքն օրեցօր ավելի ուժեղ էր դառնում, մարդկանց ինքնավստահությունը մեծանում էր»:

Պայքարի ոչ բռնի մոտեցումն էլ մարդկանց, ըստ քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի, դրդեց միանալու, որովհետև շատերը սկսեցին մտածել, որ դա վտանգավոր բան չէ, «և, վերջ ի վերջո, իշխանությունները ո՞նց կարող են այս տոտալ, խաղաղ մթնոլորտում ինչ-որ կտրուկ, կոշտ դիրք բռնել և ուժ կիրառել. նրանք մարտի 1–ը դեռ չեն մարսել»:

Արվեստագետ, տարիներ շարունակ ընդդիմադիր գործունեությամբ հայտնի Գագիկ Չարչյանը կարծում է, որ բողոքի դրսևորման ձևը կարևոր գործոն էր:

«...Ե՛վ քաղաքական, և՛ քաղաքացիական փորձառությունը մեծ էր: Կային փոքր հաղթանակներ, ասենք՝ Մաշտոցի այգին (2012թ. Փետրվարին տեղի ունեցան բողոքի ակցիաներ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի հաստատված մի նախագծի, որի համաձայն մայրաքաղաքի կենտրոնական պողոտայի այգիներից մեկում կառուցապատում էր իրականացվելու՝ ոչնչացնելով շատրվաններն ու կանաչ գոտին, 100 դրամները (բողոքի ակցիաներ, որ կազմակերպվել էին 2013թ. Հուլիսին՝ ընդդեմ Երևանում երթուղային տրանսպորտի՝ 100 դրամից 150 դրամ թանկացման: Ակցիայի մասնակիցները կոչ էին անում ուղղակի չընդունել թանկացումը, վճարել 100 դրամ և իջնել և այլն»:

10-ամյա լճացման, անհուսության ընկալման ու խմբային պայքարի վարակիչ բնույթով պայմանավորված օրեցօր ավելի ու ավելի խմբեր էին միանում պայքարին։ Ըստ 27-ամյա քաղաքագետ Գոռ Մադոյանի, «Փողոց փակողները փակում էին նաև աշխատանքի գնացողների և երթևեկության մասնակիցներին՝ նրանց ուղղակի դարձնելով անհնազանդության մասնակից»

«10-ամյակի ընթացքում իշխանության ուզուրպացիան բերել էր սոցիալական լիֆտերի բացակայության, հատկապես հասարակությունը չուներ ինքնադրսևորվելու և մասնագիտական աճի հնարավորություն», վստահ է Մադոյանը։

Ստեփան Դանիելյանի հարցազրույցից, հեղ․՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

Նա գտնում է, որ պետական բոլոր խողովակները խցանված էին կլիենտական կապերի, հովանավորչության և ԽԾԲ (խնամի-ծանոթ-բարեկամ - խմբ.) կապերի հետևանքով, ինչի պատճառով էլ հեղափոխության ամենաակտիվ մասնակիցները հենց երիտասարդներն էին, իսկ գլխավոր պայմանը «3-րդ տարբերակի» բացակայության ընկալումն էր. կամ իշխանության վերարտադրություն և ավտորիտարիզմ, կամ պայքար ու հավատ առ փոփոխություն։

Գոռ Մադոյանը՝ հարցազրույցի ժամանակ, հեղ.՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

Նա հետևյալ կերպ է մեկնաբանում նախկին ցույցերի դասերը. «1. Ապակենտրոնացում vs Էլեկտրիկ Երևան 2. Նախաձեռնողականություն vs մեկ կենտրոնից կառավարման դասական հանրահավաքային մոդելի։ Եվ, իհարկե, (Սերժ Սարգսյանի - խմբ,) իշխանության կողմից գիտակցումը, որ բռնությունը լուծման տարբերակ չէ»։

Կարևոր էր նաև, թե ով էր առաջնորդում այդ ամենը: Ըստ Մադոյանի, «խարիզմատիկ առաջնորդը, որ չուներ նախկին ձախողումներ, պետական կառավարման առումով անբիծ էր ու ճիշտ ժամանակին հայտնվեց ճիշտ տեղում»։

«Հեղափոխության իմպուլսը»

«Հեղափոխության բուն իմպուլսը, բնականաբար, Նիկոլ Փաշինյանն է՝ իր մեկնարկով, որը կարելի է համարել փոթորիկի համար արած առաջին հովհարային շարժում», վստահ է արվեստագետ, հեղափոխության ակտիվ մասնակից 52-ամյա Գագիկ Չարչյանը:

2018թ.-ին, 2008թ.-ի համեմատությամբ, փոխվել էին ինչպես որոշ գործոններ, այնպես էլ մոտեցումներն ու դերակատարները: Չարչյանի համոզմամբ, կարևոր էր ինքնակազմակերպվելու հնարավորությունը, երբ մարդիկ՝ ինքնությունները, բազմությունը սկսեցին գործել ցանցային: «2008թ.-ին հավաքված էին մեկ տեղում, 2018թ.-ին՝ արդեն ցանց էր աշխատում: Կազմակերպվում էին՝ առանց առաջնորդի կարիքի»:

Գագիկ Չարչյան, հրապարակախոս, արվեստագետ: Լուսանկարը՝ Չարչյանի արխիվից

«Նիկոլի ասած՝ 1-ը դու ես, այ էդ 1-երը կարողացան գտնել ընդհանուր մի օրակարգ, դրա շուրջը համախմբվել, միավորվել: Այ, տարբերությունը դա էր, ու դա ամենակարևոր գործիքն էր», վստահ է Չարչյանը:

2008-ի մարտավարական, տեղական լիդերությունից հրաժարումը 2018-ին փոխեց իրավիճակը: «Այդ ինչպե՞ս էր նախկին իշխանությունն այդքան տարի բոլորին համոզում, որ իր գոյությունը, օրինական բոլոր պարզ ճշմարտությունների խախտումն ունի մի այլ, թաքնված, բայց կարևոր իմաստ. այ դա է զարմանալի», - հարցնում է հրապարակախոս, խմբագիր և հրատարակիչ, քաղաքական էսսեների հեղինակ 50-ամյա Արա Նեդոլյանը:

Նեդոլյանը խոսում է Փաշինյանի օրինակից. «Էական էր նաև Փաշինյանի այն որակը, որ նա օրերով քայլում էր, փշալարերը հատելով վիրավորվում, բայց ուրիշներին հորդորում էր դա չանել»:

Փաշինյանը ձերբակալվածների թվում էր, առաջին շարքերում՝ մշտապես ներգրավված բոլոր քայլերում: Դրան զուգահեռ պահպանվում էր հիմնական առանձնահատկությունը, որ հեղափոխությունը տոն է, և ոչ թե մարտիրոսություն: Նույն տրամաբանության մեջ է նաև վենդետայից հրաժարումը»:

Նեդոլյանն հիշեցնում է ձախողման նախադեպը և բացատրում 2018թ.-ի հեղափոխության բանալին. «...Բավական էր իրականացնել ռազմավարական լիդերություն, որը Նիկոլ Փաշինյանինն էր և իր համախոհների խմբինը: Մնացածը անում էր մարդկանց նախաձեռնողականությունը, որի պակասը, ինչպես տեսանք, չկար»:

Ազատության հրապարակում, ապրիլի 13, 2018թ., հեղ.՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Լիդերը Նիկոլ Փաշինյանն էր: Մյուս կողմից, մարդիկ բազմաթիվ հատվածներում ունեին ինքնուրույնություն, երբ, օրինակ, փողոց էին փակում… Ընդհանուր ռազմավարությունը ներկայացնում էր Նիկոլ Փաշինյանը:

Գոռ Մադոյանը վստահ է, որ հեղափոխության միակ առաջնորդը Նիկոլ Փաշինյանն էր, իսկ շարժիչը՝ ակտիվ ու ինքնակազմակերպված խմբերը՝ իրենց տարբեր օրակարգերով, բայց մի նպատակով՝ կասեցնել Սերժ Սարգսյանի վերարտադրությունը։ «Հեղափոխությունը, բացի Փաշինյանից, այլ առաջնորդ չուներ և դրա ցուցիչը նրա համարյա անսահմանափակ լեգիտիմությունն էր հեղափոխության առաջին երկու ամսում։

Շարունակելի...