Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Թավշյա հեղափոխություն. առցանցն ընդդեմ սադրանքի. Մաս 2

 

Խաբված հույսերը, այդպես էլ չիրականացող խոստումներն ու կոռուպցիան Հայաստանում հանգեցրին փոփոխությունների գնալու մեծագույն ցանկության, հզոր մի ալիքի, որ հեղափոխական ուժով ու բռնության բացառման ճանապարհով 2018թ.-ի գարնանը Հայաստանում հասարակական երկրաշարժ առաջացրեց:

Բողոքի ահագնացող ալիքն առաջին մեծ հանգրվանին հասավ 2018թ. ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց երկրի վարչապետ, մինչ այդ երկու ժամկետ նախագահ պաշտոնավարած, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Որոշակի դիմադրությունից հետո, քանի դեռ խորհրդարանում մեծամասնություն էր մնում առանց քաղաքական ղեկավարի մնացած Հանրապետական կուսակցությունը, իրավունքի ուժով ցրվեց նաև Ազգային ժողովը: 2018թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ:

2019թ. մարտի դրությամբ, 2008թ.-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից 11 տարի անց գնահատական է տրվում՝ հասկանալու, թե ինչպես, ինչի շնորհիվ, ինչ պայմանների զուգադիպությամբ, թե բերումով և, ի վերջո, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, որ աշխարհին հայտնի դարձավ որպես «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն»:

Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ, ապրիլի 29, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Առցանցն՝ ընդդեմ սադրանքի

Բողոքի նախկին փորձերից տարբերվող իրավիճակում կար տարերայնություն, ապակենտրոնացում, ցանցայնություն ու նախաձեռնողականություն։ «Ահա հիմնական մեխանիզմները, որ յուրացվել էին քաղաքացիական անհնազանդության նախորդ փորձերի ձախողումներից», պնդում է 27-ամյա քաղաքագետ Գոռ Մադոյանը։

«2008թ.-ին չկար սոցցանցերի ֆենոմենը, dvd-երով էին բաժանում (տեղեկությունները)...», մեկնաբանում է արվեստագետ, երկար տարիներ բողոքի ակցիաների ակտիվ մասնակից Գագիկ Չարչյանը:

Նա համոզված է, որ լայֆի հանգամանքն իշխանություններին չտվեց հակաքայլեր մշակելու հնարավորություն: «Մինչ նրանք մտածում էին պրովոկացիայի մասին, էդ իրադարձությունն արդեն ուղիղ եթերով գնում էր, այսինքն՝ իմաստ չուներ նստել և խափանելու ճանապարհներ մտածել, դեզինֆորմացիա և պրովոկացիա ներմուծել»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում, 2018թ., սեպտեմբերի 9-ը, հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Սոցիալական ցանցերում ի սկզբանե կար ինչպես հետաքրքրություն Նիկոլ Փաշինյանի սկսած քայլարշավի ու արդեն Երևանում հանրահավաքային ակցիաների նկատմամբ,, այնպես էլ ակտիվ հետևողների զգալի թվաքանակ, որ, սակայն, ոչ մի կերպ ֆիզիկական ներկայության չէր վերածվում փողոցներում, հրապարակներում: Անհրաժեշտ էր աշխատանքի ու դասերի չներկայանալու ընդունելի ուղի, իրավաչափ հիմք:

Հայաստանում, օրենսդրորեն, գործադուլ կարող են հայտարարել արհմիությունները , այն էլ բացառիկ պայմանների առկայության դեպքում: Արհմիություններն իրադարձություններին մասնակից չէին, ուրեմն օրինական գործադուլի/դասադուլի տարբերակը հասանելի չէր:

Ելքն, ըստ էության, դարձավ փողոցներ փակելն ու երթևեկության պարալիզացումը: Այդկերպ հիմք ստեղծվեց աշխատանքի չներկայանալու ու սոցիալական ակտիվությունը ֆիզիկական ներկայության փոխակերպելու համար:

Հանրապետության հրապարակ, 2018թ. ապրիլի 20, ընդդիմության հանրահավաքը

Ակնառու լիդեր ունենալով հանդերձ՝ բողոքի ակցիաները մի շատ կարևոր հատկանիշ էլ ունեին՝ պայքարի ու գործողությունների ապակենտրոնությունը: Ցանցային իրականությունը հնարավոր էր դարձնում առավել զարգացնել ապակենտրոն մոտեցումը, լինել ոչ վերահսկելի, պահպանել անկանխատեսելիությունը:

«...Որոշները գիտակցաբար, որոշները՝ ենթագիտակցաբար՝ անում էին գործողություններ, և այդ մթնոլորտն, ըստ էության, թուլացնում էր իշխանություններին, և իշխանությունները չէին հասկանում՝ ում հետևից ընկնել, ում դեմն առնել, և սա վարակիչ էր», վստահ է քաղաքագետ Էդգար Վարդանյանը:

Նախորդ հատվածն՝ այստեղ: