Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Աննկուն և ստեղծագործ կանայք՝ հեղափոխության առաջամարտիկներ. Մաս 3

 

Խաբված հույսերը, այդպես էլ չիրականացող խոստումներն ու կոռուպցիան Հայաստանում հանգեցրին փոփոխությունների գնալու մեծագույն ցանկության, հզոր մի ալիքի, որ հեղափոխական ուժով ու բռնության բացառման ճանապարհով 2018թ.-ի գարնանը Հայաստանում հասարակական երկրաշարժ առաջացրեց:

Բողոքի ահագնացող ալիքն առաջին մեծ հանգրվանին հասավ 2018թ. ապրիլի 23-ին, երբ հրաժարական տվեց երկրի վարչապետ, մինչ այդ երկու ժամկետ նախագահ պաշտոնավարած, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը: Որոշակի դիմադրությունից հետո, քանի դեռ խորհրդարանում մեծամասնություն էր մնում առանց քաղաքական ղեկավարի մնացած Հանրապետական կուսակցությունը, իրավունքի ուժով ցրվեց նաև Ազգային ժողովը: 2018թ.-ի դեկտեմբերին տեղի ունեցան արտահերթ ընտրություններ:

2019թ. մարտի դրությամբ, 2008թ.-ի մարտի 1-ին տեղի ունեցած իրադարձություններից 11 տարի անց գնահատական է տրվում՝ հասկանալու, թե ինչպես, ինչի շնորհիվ, ինչ պայմանների զուգադիպությամբ, թե բերումով և, ի վերջո, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, որ աշխարհին հայտնի դարձավ որպես «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական հեղափոխություն»:

Աբովյան-Կորյուն փողոցների խաչմերուկ, ապրիլի 29, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Աննկուն կանայք, ստեղծագործ կանայք

Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկ, ապրիլի 22, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Նման մասշտաբներով թերևս առաջին անգամ էր, որ կանայք ամենաակտիվ մասնակցություն ունեին բոլոր ակցիաներին. ոչ թե տղամարդկանց թիկունքում էին, այլ կողքին, ոչ թե ոստիկանություն-ակտիվիստներ բարիկադներից հեռու, այլ հենց կիզակետում:

Էրեբունի և Արցախի փողոցների խաչմերուկ, ապրիլի 22, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Այդ ամենին եթե գումարենք տարբեր փոքր ակցիաների ստեղծագործ մոտեցումը, երբ քայլերն արվում էին ոչ ստանդարտ, աննախադեպ մոտեցմամբ, դա, մի կողմից, լիցքավորում էր ակցիաները, մյուս կողմից՝ շփոթեցնում իշխանությանը:

Գոռ Մադոյանը կարծում է, որ թեև կանանց ներգրավվածությունն, իհարկե, ակնառու էր ու զգալի, բայց այն նորություն չէր, քանի որ նախկին քաղաքացիական պայքարներում՝ «Մաշտոցի պուրակ», «100 դրամ», «Էլեկտրիկ Երևան», նրանք նույնպես շատ ակտիվ էին։ «Այլ հարց էր մասնակցության մասշտաբը, որը նորություն էր և նաև լոկալ խմբերի ընդհանուր օրևակարգի շուրջ համախմբվելը։ Միգուցե կանանց և աղջիկների մասնակցությունը որոշակիորեն սահմանափակում էր ոստիկանական բռնության հնարավոր կիրառումը...»։

24-ամյա Գոհարիկ Տիգրանյանը Կիևում փոխանակման ծրագրով սովորում էր իրավագիտության բաժնում, բայց քայլարշավի մեկնարկից հետո՝ ապրիլի 12-ին, ընկերուհուց գումար խնդրելով տոմսն առավ ու միացավ քաղակտիվիստների խմբին: Կրթությունը կարող էր անավարտ մնալ, կամ որևէ մեղադրանքով ոստիկանությունում հայտնվելու դեպքում Կիև մեկնելու ճանապարհը փակվեր, սակայն Գոհարիկն ակտիվորեն փողոց էր փակում՝ ուսանողական 17 հոգանոց խմբի հետ ապրիլի 17-ին հայտնվելով Նոր Նորքի ոստիկանական բաժնում:

Գոհարիկ Տիգրանյանի հետ հարցազրույցից, հեղ․՝ Նարե Գնունի, Գլոբնյուզ

«Ոստիկանության բաժնում աշխատակիցներից մեկը եկավ, մեր հեռախոսը վերցրեց, թե եկեք միասին ուղիղ եթերին հետևենք. իր հեռախոսով չէր ուզում: Երբ հարցրի՝ ոնց, նայո՞ւմ եք, ասեց այո, ընկերներ ունի, ովքեր հենց շարժման առաջամարտիկներից էին»:

Փողոցներ փակելիս օգտագործում էին աղբամաններն ու նստարանները: «Դնում էինք, ոստիկանները գալիս հավաքում էին: Մի 3 անգամ էդպես արեցինք… ու մտածեցինք այլ բան: Հենց լուսացույցով անցորդների համար կանաչ լույս էր վառվում, սկսում էինք ուղղակի քայլել, անընդհատ քայլում էինք, և ոստիկանը չէր կարողանում որևէ բան անել»:

Ոստիկանները շփոթվում էին կանանց վարքագծից, բռնություն չէր գործադրվում, թեև նույն արարքի՝ տղամարդու կողմից կատարվելու դեպքում դա կլիներ հիմնական պատասխանը:

Ամիրյան փողոց, 23.04.2018, Սերժ Սարգսյանի հրաժարականի մասին իմանալուց հետո, Գոհարիկ Տիգրանյանի անձնական արխիվից

Ֆեմինիստ Գոհարիկի համար մանկասայլակով կինը՝ որպես ընդհանուր հավաքական կերպար է: «Ավելի խաղաղություն ապահովող էր, որովհետև ինձ նման աղջիկները ավելի շատ ոստիկաններին, էսպես ասած, չասեմ գազազեցնող, բայց անընդհատ փախնող, ճանապարհների վրա ինչ-որ խոչընդոտներ դնող վիճակում էին: Իսկ նրանք, բնականաբար, դա չէին կարող անել: Ինչ-որ տեղ նրանք եղել են հեղափոխության ավելի խաղաղ միջավայրն ապահովողը»:

Գոհարիկի հիշողություններում հակառակն էլ է տպավորվել, երբ Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի ձերբակալության ժամանակ հատուկ ջոկատայինները օդ էին կրակում՝ չնայած տարածքում նաև երեխաներ կային. «Եթե իմ ականջները էդ խլացուցիչներից ցավում էին, ես պատկերացնում եմ՝ էդ երեխեքն ինչ շոկ են ապրել»:

«Ֆեմինիստական բլոկը հրաշալի էր աշխատում: Սա անհատների հեղափոխություն չէր, սա ամեն դեպքում քաղաքացիական մի մեծ համախմբում էր»:

Անհնարինն՝ ակնհայտ

Գագիկ Չարչյանի խոսքերով, հասարակության հետ դիստանցիաների բացակայությունը, խոսքի ինտոնացիան, ամեն մի իմաստային արտահայտության կրկնությունը շատ ճշգրիտ աշխատեց: «Իհարկե, խարիզման նույնպես շատ կարևոր էր»:

Ամենակարևոր գիտակցումն անհնազանդությունն էր, խաղաղ անհնազանդությունը, երբ քաղաքացուն բռնում են, նա չի դիմադրում, երբ բռնանում են՝ չի դիմադրում, չի արվում այն, ինչ սպասելի կարող էր լինել…

Անհամաձայնութունն իշխանության հետ ևս դիմադրություն է, որի դեպքում հանրությունը, ըստ Չարչյանի, հասկանում է, որ ինքը քվեաթերթիկ լրացնող չի, և որպես քաղաքացի միայն անձնագիր կրող չի:

Ազատության հրապարակ, հանրահավաքի ժամանակ, 2018թ. ապրիլի 13, հեղ.՝ Վահրամ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Տեղի ունեցածը հասարակական կարծիքի հեղափոխություն է համարում քաղաքագետ Գոռ Մադոյանը, վերապահումով, որ դա վերաբերում է միայն հասարակության ամենավերին մասին և պարզաբանմամբ, որ խոսքը 10-ամյա իշխանության չվերարտադրվելու գիտակցման մասին է:

Մինչդեռ լոկալ մակարդակում, ըստ Գոռ Մադոյանի, առայժմ առկա է տարբեր խմբերի պատասխանատվության, զուգահեռ օրակարգերի համադրման ու ընդհանուր տեսլականի գիտակցման՝ տեսական մակարդակում «լավ կյանք, բարեկեցիկ ապագա, երջանիկ քաղաքացի» մոտեցումը։ «Իսկ ահա այդ կարգախոսների իրականացման ճանապարհները ու իրականացնողների անձնական ու խմբային պատասխանատվության հարցը և լծակների խնդիրը դեռևս առկախված է», վստահ է քաղաքագետը։

«Հեղափոխությունը ձևակերպված չի, չկա մտավոր, ինտելեկտուալ դիսկուսիա», կարծում է Ստեփան Դանիելյանը: Նրա ներկայացմամբ, 2018թ.-ի դեկտեմբերի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ստեղծվեց իրավիճակ, որում «ոչ քաղաքական ուժը մտավ խորհրդարան»:

Ստեփան Դանիելյանը՝ հարցազրույցի ժամանակ, հեղ.՝ Աղավնի Հարությունյան, Գլոբնյուզ

Դանիելյանը գտնում է, որ այդ ուժերը սկսել են իրենց պահել որպես քաղաքական կուսակցություններ՝ «մի մասը մոռանալով իրենց արժեհամակարգը»: Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ մարդու իրավունքների համար պայքարած մարդիկ, իսկ Դանիելյանի, այսօր «հայհոյանքներով ու ատելության խոսքով ստատուսներ են գրում»:

Կա խորհրդարան, որը խորհրդարանի նման չի, որտեղ բանավեճեր չկան, օրենսդրական փոփոխություններ չկան, կառավարության ծրագիր, որը անհեթեթություն է: Չկան տրամաբանված քայլեր, կառավարությունում փոփոխություններ են անում առանց հայեցակարգի, չգիտեն ինչ են անում, ընթացքում են որոշում:

Դանիելյանը մտահոգություն է հայտնում, որ Փաշինյանի հեղինակության անկումից հետո այլ դեմքեր չեն լինի, դեռևս չկան, ովքեր կարող են դերն իրենց վրա վերցնել ու ստանալ հանրության վստահությունը: Դա քաոտիկության վտանգ է ներառում:

Գոռ Մադոյանը գտնում է, որ համակարգային փոփոխությունները դեռ առջևում են, դեռ չկան վերափոխումների հստակ ու կտրուկ քայլեր։ «Ներկա պահին անհանգստացնում է վերափոխումների դանդաղ, խայտաբղետ ու ոչ տարերային լինելը։ Որոշ օրակարգերի առկախումը՝ սահմանադրական փոփոխություն, դեկապիտալիզացիա՝ հանրային համերաշխություն, ուղիղ ժողովրդավարոթոյն և այլ սրանք հռչակվեցին բայց ավելին ոչինչ դեռ չի արվել և նույնիսկ չեն էլ ուրվագծվում հնարավոր ուղղությունները»։

Հանրապետության հրապարակում, մայիսի 1, 2018թ., հեղ.՝ Հայկ Բաղդասարյան, Ֆոտոլուր

Նախորդ հատվածն՝ այստեղ: