Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Վարչապետն, ինչպես բոլորս. ապառիկ լվացքի մեքենա, սառնարան ու լավ վարկե՞ր

 

Կար ժամանակ, երբ մեծագույն ուրախությամբ, զարմանքով ու մի քիչ էլ նախանձով մեր աչքերի առաջ սահում ու անցնում էին եվրոպական երկրների լիդերների լուսանկարներ. մեկը հեծանիվով աշխատանքի էր գնում, մյուսը՝ բոլորի նման սուրճի համար հերթում սպասում էր:

«Մեր տանը ինչ կա՝ լվացքի մեքենա, սառնարան և այլն, ամեն ինչ վարկով ենք առել, որովհետև շատ հարմար վարկեր են առաջարկում: Ամիսը ընդամենը 6 հազար դրամ վճարելով` լվացքի մեքենա ես ձեռք բերում: Եթե չեմ սխալվում, մեր լվացքի մեքենայի վարկը մինչև հիմա չենք վերջացրել: Մի 4 տարի առաջ ենք գնել»,- այսօր խորհրդարանում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով սպառողական վարկերի մասին: Վարչապետը նաև հավելեց, որ հարմար է, ավելի ձեռնտու 5 տարի ամիսը 6.000 դրամ տալ, քան միանգամից 300 հազար դրամ:

ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն էլ, իր հերթին, նշեց, որ նույն տրամաբանությամբ գնացել է հեռուստացույց գնելու, սակայն ապառիկ չեն տվել, քանի որ հարկադիրը կալանք է դրել իր հաշիվների վրա:

Ինչպես ասում են, իրենց կենցաղային իրականությունը երկրին ներկայացնելով՝ ոչ վարչապետը, ոչ էլ Ազգային ժողովի խոսնակը նոր բան չեն ասել: Յուրաքանչյուրն այնքան լավ է ծանոթ այս ամենին, որ ոչ բացատրելու, ոչ էլ մեկնաբանելու կարիք կա:

Բայց հաստատ հարկ է ուշադրություն դարձնել, որ Հայաստանի վարչապետը երկրում առկա վարկային պայմանները լավն է համարում: Որքանով են այդ պայմանները իսկապս լավը, տնտեսագետների ու մյուս նեղ մասնագետների ասելիքն է, բայց հստակ է, որ Հայաստանում վարկային պայմանները լավը համարելով ավելի թեթև տոկոսադրույքների հույս ու երազանք ունեցողներին հիասթափություն է սպասվում:

Իսկ վարչապետի՝ վարկ ունենալու առումով հիացմունքն էլ արդեն չափազանցություն է, քանի որ գրեթե մեկ տարի, ինչպես բազմիցս ու ամեն հարթակից կրկնել են, Հայաստանում իրավիճակ է փոխվել: Ուրեմն այն, ինչ նորմալ ու ընդունելի է, այլևս զարմանալի չպետք է լինի:

Վստահաբար, մի փոքր ավելի խորն ուսումնասիրելու դեպքում վարչապետը կարող է այնպիսի տխուր, վատ ավարտ ունեցող, մարդկանց եկամուտների համեմատությամբ ահռելի տոկոսադրույթներով վարկային պատմությունների ծանոթանալ, որ իր 4 տարվա ապառիկով սառնարանն ու լվացքի մեքենան համեմատվելու հնարավորություն իսկ չունենան:

Լավ է, որ մի տնից չենք, բայց մի հալից ենք, չնայած վերջինի առումով հիմնավոր կասկածներ կան... Ցավոք, շատերի դեպքում 5 տարի, յուրաքանչյուր ամիս 6000 դրամ վճարելը հնարավորությունների ծայրագույն լարմամբ է տրվում...