Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Վիրավորվելուց 3 տարի անց նույն զորամասում. Դանիելի երազանքի հետքերով

 

Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից Դանիել Դավթյանը վիրավորվելուց 3 տարի անց հարազատ զորամասում էր: Դեռևս մեկ տարի առաջ Globnews.am-ի հետ զրույցում նա պատմել էր իր երազանքի մասին. ուզում էր գնալ էն դիրքը, որտեղ վիրավորում էր ստացել, ուզում էր ամեն ինչ վերհիշել:

Թեև Դանիելին բժիշկները հորդորել են երկար ճանապարհ չգնալ, միևնույն է, նա ապրիլի 3-ին ծառայակից 2 ընկերների հետ մեկնել է Արցախ:

«Մի ժամում որոշեցինք ու գնացինք: Ժամը 21.00-ին ճամփա ընկանք: Հասանք ու սպասեցինք, որ լույսը բացվի, ապա գնացին այն զորամաս, որտեղ ծառայել ենք, մեզ թույլ տվեցին տարածքում շրջել, հանդիպել հին ծանոթներին»,- Globnews.am-ի հետ զրույցում պատմեց Դանիելի ծառայակից ընկեր Ավետ Սուքիասյանը, ով նրա հետ մեկնել էր Արցախ:

Ավետի խոսքով, Դանիելը սրտի թրթիռով սպասում էր, թե երբ է տեսնելու հրամանատարին, ով վիրավորվելու պահին իր կողքին է եղել և դուրս բերել զրահապատ տեխնիկայից: «3 տարի՝ Դանիելի վիրավորվելու օրվանից ի վեր իրար չէին տեսել, 2-ն էլ հուզվել էին, գրկել էին իրար ու բաց չէին թողնում»:

Եվ քանի որ Դանիելը զրահապատ մեքենայի վարորդ է եղել, ցանկություն է ունեցել տեսնելու նաև տեխնիկան, որը ծառայության օրերին իրեն էր «ենթարկվում»: Նրա այդ ցանկությունը ևս իրականացել է:

Հիշեցնենք, որ Դանիել Դավթյանը վիրավորում է ստացել ապրիլի 3-ին: «Զրահապատ տեխնիկայի Ապրիլի 3-ին վիրավորվում եմ՝ ստանալով գլխուղեղային բեկորային վնասվածք: Վիրավորում ստանալուց հետո, երբ ընկերներս ինձ տեխնիկայի միջից դուրս էին բերում, մի պահ գիտակցությունս տեղը եկավ, աչքերս բացեցի ու կապույտ երկինքը տեսա, բայց չհասկացա՝ ինչ ա կատարվում: Դրանից հետո ինձ տեղափոխել են Ստեփանակերտի հիվանդանոց, առաջին վիրահատությունը անում: Ապա ապրիլի 5-ին ինձ տեղափոխում են Երևան և հոսպիտալում երկրորդ վիրահատությունը անում: Երկու շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո, երբ արթնացա, արդեն Երևանում էի, հոսպիտալում պառկած: Երկու օր չէի գիտակցում՝ ինչ է կատարվում, ուր եմ ես, ինչու եմ էդտեղ հայտնվել, հետո արդեն սկսեցի ամեն ինչ հիշել»,- մեզ հետ զրույցում պատմել է Դանիելը:

Կոմայից դուրս գալուց հետո երկու օր կարողացել է ձախ ձեռքն ու ոտքը շարժել, ապա աստիճանաբար անզգայացել է: «Ուղեղի աջակողմյան վնասվածք էի ստացել ու էդ պատճառով ձախ կողմս թուլացել է: Սկզբում այստեղ ասում էին, որ լավ կլինի արտերկրում բուժումս շարունակել, բայց հետո եկան այն համոզման, որ Հայաստանում ինձ համար պայմաններն ավելի լավն են: Հիմա զինհաշմանդամների կենտրոնում եմ բուժում ստանում»:

Պատերազմից հետո Դանիելը որոշել է՝ ոչինչ չի պլանավորելու: «Մինչ կռիվը երազանք էի պահել, որ ծառայությունս ավարտելուց հետո գալու եմ տուն, սովորեմ, լավ խոհարար դառնամ, աշխատեմ, ամուսնանամ, էն էլ շաբաթը ուրբաթից շուտ եկավ, իմ մոտ ոչինչ չստացվեց: Հիմա էլ ոչ մի բանի մասին չեմ երազում, կենտրոնացել եմ իմ բուժման վրա: Երբ լիովին ապաքինվեմ, կորոշեմ՝ ինչպես կառուցեմ ապագաս: Ես հավատում եմ, որ էդ օրը գալու ա, հավատը ինձ ոտքի հանեց»,- պատմել է նա:

Նարե Գնունի