Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մարդիկ հակամարտությունների գոտիներում, ըստ Մարդու իրավունքների հանձնակատարի, Եվրոպայի խորհրդի մաս են. ադրբեջանական մոտեցումների «երգացանկը» չի փոխվում

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը ծանր ժամանակներ է ապրում: ֆինանսական լրջագույն խնդիրներից մինչև կառույցի դերի ու առաքելության փոփոխության, արդիականացման հարցեր, որոնց վեհաժողովը կանդրադառնա այս շաբաթ ընթացող նիստի և ամռանը սպասվող հերթական հանդիպման շրջանակներում:

Նախորդ մի քանի տարիներին վեհաժողովի պատվիրակներից ոմանց կոռումպացվածության, կոնկրետ ծախու լինելու հանգամանքը այն կարևոր հարցերից մեկն է, որ մինչև օրս մնում է կառույցի ուշադրության կենտրոնում: Բայց իրադարձությունների ընթացքն ավելի շուտ վկայում է, որ առանձնակի շատ բան չի փոխվել 47 երկիր միավորող այս կազմակերպությունում, թեև վերջինս այս տարի նշանավորում է իր 70-ամյա գործունեությունը:

Վեհաժողովը, ցավոք, ավելի քիչ մարդու իրավունքների հարցերով է զբաղվում, քան քաղաքական խաղիկներով, մանր սադրանքներով, որոնք ազգային, տեղական խորհրդարաններից գրեթե նույնությամբ հայտնվում եմ ստրասբուրգյան կառույցում: Ադրբեջանի դեպքում այդ ամենում ոչ մի նոր բան չկա, նորություն է թերևս այն, որ տրամաբանությունը գրեթե լքել է ադրբեջանցի պատվիրակների ելույթների այն հատվածները, որոնք Հայաստանին ու Արցախին առնչություն ունեն:

Ատելության խոսքի ադրբեջանական ընկալումը

Ապրիլի 8-ին վեհաժողովում ելույթ ունեցավ հայաստանյան պատվիրակ Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով մարդու իրավունքների, Ադրբեջանում 20 տարի ազատազրկման դատապարտված Կարեն Ղազարյանի իրավունքների մասին, պնդմամբ, որ Ղազարյանին Ադրբեջանում դատապարտել են հայ լինելու համար:

Մի երկու ելույթ հետո խոսքի հնարավորություն ուներ ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Ռաֆայել Հուսեյնովը, որ հընթացս, մեկ տողով փորձեց արձագանքել Զոհրաբյանի բարձրացրած հարցին, թե իբր նրա խոսքն ատելության էր, ելույթն էլ՝ լի կեղծիքով:

Հուսեյնովի անհասկանալի տրամաբանությունը, փաստացի, նրա ողջ ելույթին էր բնորոշ, բայց թե ինչն էր ատելության խոսք Նաիրա Զոհրաբյանի ելույթում՝ դժվար է որևէ կերպ հասկանալ: Հուսեյնովը, պարզվում է, դրական է գնահատում, որ ԵԽԽՎ նախագահն այցելել էր Հայաստան ու հետն էլ դրական գնահատել տեղի ունեցած փոփոխությունները: Եվ այն, որ Հայաստանի նախկին իշխանությունը հանցագործ էր, բայց ԵԽԽՎ կողմից այդպիսին երբեք չի գնահատվել, վեհաժողովի սխալներից մեկն էր, որ հարկ է ուղղել:

Անկեղծորեն հաճախ կարելի է զարմանալ, թե ինչպես է գողը բոլորից բարձր գոռում գողին բռնելու անհրաժեշտության մասին: Թերևս հենց սա էլ առաջին հերթին վեըհաժողովի դերի ու առաքելության վերանայման հիմքում պետք է լինի ի շարս հարցի, թե ինչպես է Ադրբեջանի նման երկիրն ընդհանրապես նման կառույցում որևէ հարց բարձրացնում ու, ավելին, քննադատում:

Ընդամենը մարդու իրավունքների հարց բարձրացնող Զոհրաբյանի ելույթում ատելության խոսք փորձեց գտնել նաև Ադրբեջանի պատվիրրակության արդեն բազմամյա ղեկավար Սամադ Սեյիդովը, ում ատելության խոսքի փորձն ուղղակի փորձագիտական է, կարող է իսկապես ծառայել որպես օրինակ, թե ինչպես չի կարելի խոսել: Ամեն դեպքում, Սեյիդովն այլ առաքելություն էր ունել: բառի բուն իմաստով սազն առել՝ Իլհամ Ալիևին էր գովում վեհաժողովում, թե վեհաժողովի առաջին օրը քննարկվող՝ կառույցի առաջընթացի զեկույցում բառ չեն գրել Ալիև կրտսերի մի քանի կարևոր, ներեցեք, դարակազմիկ քայլերի մասին. քաղբանտարկյալներին ներում է շնորհվել, դատական համակարգ են բարեփոխում և այլն:

Այ այս դեպքում իսկապես դժվար էր հասկանալ՝ Սեյիդովը երկրի դարդն էր, թե Ալիև կտրսերի՝ ժողովրդավարության առաջնային քայլերից մի քանիսը վերջապես անելու համարձակության ի ցույց դնելու:

Փոքր-ինչ նոր հարց՝ հին սոուսով

Սամադ Սեյիդովը Ֆինլանդիայի արտգործնախարար Տիմո Սոինիի կողմից Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի փաստաթուղթը ներիկայացնելիս հարց բարձրացրեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դեմ ընդունված որոշումների մասով, որոնք վերաբերում են ադրբեջանցի բողոքարկողների: Ֆինլանդիայի արտգործնախարարն ուղղակի նշեց, որ լավ տեղեկացված չէ նշված դատական գործերից:

Իսկ արդեն ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչի տարեկան գործունեության զեկույցից հետո ադրբեջանական պատվիրակության ներկայացուցիչ Գանիրա Փաշաևան, ինչպես նախորդ տարի, այս տարի էլ համառորեն տարբեր թեմաների ներքո փորձում է ուշադրության արժանացնել Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած, ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Դիլհամ Ասկերովի եւ Շահբազ Գուլիեւի գործով վերաքննիչ դատարանի դատավճիռը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Գուլիեւն էլ 22 տարվա ազատազրկման՝ ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, ԼՂՀ պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու համար, իսկ Դիլհամ Ասկերովին՝ նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Միյատովիչը հստակորեն նշեց, որ թեև այդ հարցը իր ուշադրության կենտրոնում է, բայց պատասխանատվությունը հակամարտության հարցում հասարակություններին խաղաղության նախապատրաստող առաջանորդներինն է:

«Գորշ գոտիներում» ապրող մարդիկ Եվրոպայի խորհրդի մաս են

Միյատովիչին հակամարտությունների գոտիներում ապրող մարդկանց իրավունքների մասին հարց ուղղեց հայաստանյան պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը, թե արդյոք Եվրոպայի խորհուրդը կարող այս հարցում օգնել, հաշվի առնելով, որ հարցը տարիներ շարունակ օրակարգային է:

«Համակարտությունների կամ, այսպես կոչված, գորշ գոտիներում մարդկանց կարող է օգնել այն հանգամանքը, որ նրանք դիտարկվեն որպես այս կազմակերպության մաս, հարկ է, որ լինեն: Նրանք պետք է պաշտպանված լինեն նաև կոնվենցիայով, ինչն այս պահին տեղի չունի: Իմ մոտեցումը հստակ է. ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարը պետք է կարողանա այցելել Եվրոպայի խորհրդի ցանկացած հատված: Սա տեղի չունի, իրականությունը, այդուամենայնիվ, տարբեր է...

Կարևոր է ընդգծել, որ հանձնակատարի աշխատանքը չպետք է քաղաքականացվի: Հանձնակատարի դերը չէ ճանաչել տարածքները կամ ներգրավվել քաղաքական երկխոսության մեջ՝ լուծելու համակարտությունը, այլ հնարավորություն ունենալու հանդիպել այն մարդկանց, ովքեր Եվրոպայի խորհրդի ընտանիքի մասն են: Վստահ եմ, որ այդ մարդիկ արհամարհված ու մոռացված են զգում», նշեց Միյատովիչը, ընդգծելով, որ հնարավոր է իր այցելությունը այդ մարդկանց, եթե ունենա կառավարությունների աջակցությունը:

Հին ձայնասկավառակը

Անկեղծորեն զարմանալ կարելի է, երբ ադրբեջանական պատվիրակության որևէ ներկայացուցիչ ելույթ է ունենում վեհաժողովում ու չի հիշատակում, այսպես կոչված, միլիոն փախստականների, տարբեր տոկոսային միավորներով, բայց սովորաբար մոտ 20 տոկոս ներկայացվող «գրավյալ տարածքների» մասին: Ակամա հարցեր են առաջանում, թե ինչն այնպես չէ կամ «որտե՞ղ են ուզում մեզ գցել»...

Երկար չեն դիմանում: Եթե վեհաժողովի առաջին օրվա աշխատանքում մի քիչ զուսպ մնացին, արդեն այսօր՝ ԵԽԽՎ նիստի երկրորդ օրը չդիմացան: Վեհաժողովը քննարկում էր ՄԱԿ-ի հետ կառույցի համագործակցության ամրապնդման զեկույցն ու թեման, երբ ելույթ ունեցավ ադրբեջանցի պատվիրակ Սահիբա Գաֆարովան՝ թեմայի մեջ մնալով սկսեց կանանց ու երեխաների իրավունքներից, հատկապես երբ վերջիններս փախստական են կամ միգրանտ:

Այդուհետև միացավ ադրբեջանական հին ձայնասկավառակը՝ «1 միլիոն փախստականների ու տեղահանվածների» մասին, որոնց «մեծ մասը կանայք ու երեխաներ են»: Եվ առավել հետաքրքրական է, որ չնայած, տիկնոջ խոսքերով, Ադրբեջանը շարունակաբար ամեն ինչ արել ու անում է այդ մարդկանց համար, թվաքանակի ու խնդրի հետ կարծես ոչ մի փոփոխություն տեղի չի ունենում: