Ի՞նչ կասեր Յագլանդը ադրբեջանական «լվացքատան» մասին, եթե չլռեր...
|
![]() |
Այս օրերին Ստրասբուրգում ընթացող ԵԽԽՎ նիստում փողերի լվացումը կարևոր քննարկումներից մեկն է լինելու, որ նախատեսված է հինգշաբթի՝ օրվա երկրորդ կեսին. Ի դեպ, առաջին կեսին, ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախատեսվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթն ու հարցերի պատասխանը վեհաժողովում:
Փողերի լվացման, տարբեր տեսակի «լվացքատների», կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների մասին քննարկումներն այնքան սերտորեն են կապված վեհաժողովում Ադրբեջանի ունեցած գործունեության հետ, որ զեկույցն ու բանաձևի նախագիծը նայելիս ավելի շատ Ադրբեջան բառն է հանդիպում, քան որևէ այլ արտահայտություն:
Եվրոպայի խորհրդի նորվեգացի գլխավոր քարտուղար Թորնբյորն Յագլանդի անունն էլ կարծես կամաց-կամաց ավելի սերտ է կապվում ադրբեջանական «լվացքատան» հետ: Վեհաժողովի նորվեգացի պատվիրակ Օմտզիգտ Պիետերը ԵԽ գլխավոր քարտուղարին հարցերի ընթացքում նախ տեղեկացրեց, որ գրեթե 4 ամիս առաջ ադրբեջանական կոռուպցիոն քայլերի մասին հարցում է ուղարկվել պրն Յագլանդին, սակայն ոչ մի արձագանք չի եղել: Պատվիրակը հետաքրքրվեց, թե ինչ կարող է ասել Յագլանդը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Ադրբեջանի կողմից կառույցը կաշառելու մասին տեղյակ լինելու առնչությամբ:
Յագլանդը տառացիորեն արհամարհեց հարցը, նշելով, թե նախկինում մի քանի անգամ պատասխանել է այդ հարցին, ուստի կխնայի ժամանակն ու կարձագանքի այլ հարցերի:
Հետաքրքրական է, սակայն, որ նորվեգական մամուլի էջերում Յագլանդը վերջերս աներկբայորեն կապվում է ադրբեջանական կոռուպցիոն դրսևորումների հետ վեհաժողովում: Մասնավորապես, նորվեգական պարբերականները այդ առնչությունների մասին նշում են դեռևս 2009-ից, երբ Յագլանդը նոր միացել էր վեհաժողովի աշխատանքներին:
Առավելապես հիշատակվում են Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի, ըստ նորվեգական թերթերի, բռնապետական ռեժիմի սեփական դեսպան Արիֆ Մամադովի բացահայտումները, թե ժամանակին Յագլանդի հետ գաղտնի ու առանձին հանդիպումներում ինքը նշել է «ձկնկիթային՝ խավիարային» դիվանագիտության մասին, բոլոր այն կաշառքների, որ բաժանվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, որպեսզի այդ կառույցում Ադրբեջանը քննադատության թիրախ չդառնա: