Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Պատմական փաստն ընդունելու գիտակցումով. իտալական ներկայացուցիչների պալատը քննարկում է կառավարությանը Հայոց ցեղասպանության ճանաչման կոչ անող փաստաթուղթ

 

Մեծ է հավանականությունը, որ Իտալիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատ ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևն ընդունվի, որի քննարկումն արդեն մեկնարկել է: Ստրասբուրգում տեղի ունեցող ԵԽԽՎ նիստի շրջանակներում Globnews.am-ի հետ զրույցում այդ մասին նշեցին բանաձևին աջակցող ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները:

Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու կոչով Իտալիայի կառավարությանը դիմող բանաձևին աջակցություն են հայտնել ինչպես կոալիցիոն «5 աստղ շարժում» ու «Լիգ» կուսակցությունների, այնպես էլ ընդդիմադիր «Ժողովրդավարական» և «Իտալիայի եղբայրներ» կուսակցության պատգամավորներ:

«5 աստղ շարժում» իշխող կուսակցության ներկայացուցիչ, ԵԽԽՎ-ում իտալական պատվիրակության ղեկավար Մանիեռո Ալվիզեն համոզված է, որ պետք է ճանաչել ու ընդունել պատմությունը՝ խուսափելու հետագա սարսափներից և սխալներից: «Մենք խոսում ենք պատմական փաստի մասին: Մենք գիտենք, որ տարբեր կառույցներ ճանաչել են Հայոց ցեղասպանությունն ու քաջալերել մյուսներին՝ անելու նույնը, այնպես, ինչպես վարվել է Եվրոպական խորհրդարանը»:

«Այդ առումով մենք պահպանում ենք այս ճանապարհի ընթացքը, և դա պետք է ամենախաղաղ անելիքը լինի: Երբ իտալական Միրա քաղաքի քաղաքապետն էի, պատիվ ունեցա ներկա լինելու մանկապարտեզներից մեկի անվանակոչմանը ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Պետք չէ որևէ դեպքում նման քայլից վախենալ», վստահ է իտալացի պատգամավորը:

Այն հարցին, թե ճանաչման մասին անգամ բարձրաձայնելիս անմիջապես արձագանք է լինում Թուրքիայից, իտալացի պատգամավորը պատասխանեց, որ հավատում է, որ փոխադարձ ըմբռնումն է առաջ գնալու ճանապարհը: «Յուրաքանչյուր քննարկում օգտակար է, բայց մենք խոսում ենք պատմության մասին, ոչ մեկը չպետք է դրանից վախենա, ապագան պետք է պայծառ լինի»:

Ճանաչումից հետո հնարավոր քայլերի մասին էլ իտալական իշխող կոալիցիայի ներկայացուցիչը շեշտեց. «Ես միայն խորհրդարանի անդամ եմ, կառավարություն չեմ ներկայացնում: Բայց մեկ բան կա, որ բոլորս կհամաձայնենք. եթե համաձայնության գանք պատմության առումով, գուցե այդկերպ մի քիչ ավելին կանենք տարածաշրջանային կայունության և լարվածության մեղմացման ուղղությամբ: Դա մեկ օրում չի արվում, այլ օրեր, ամիսներ շարունակ: Դա պետք է արվի օր-օրի, որպես մշակույթ, քանի որ փոփոխություններ կարող են լինել մշակույթի միջոցով: Եվ մենք պետք է պահենք ընթացքը, չկորցնենք ոչ մի օր»:

«Ժողովրդավարական» ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ, Իտալիայում ծանրակշիռ ու ճանաչման քաղաքական գործիչ, ԵԽԽՎ իտալական պատվիրակության անդամ Պիերո Ֆասինոն վստահ է, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պատմական փաստի ընդունումն է: «Բայց մենք չպետք է պատմության բանտարկյալ լինենք, այլ նայենք այսօրվան ու վաղվան: Ճանաչելով ցեղասպանությունը՝ մենք պետք է աշխատենք նորմալացնելու Հայաստանի ու Թուրքիայի հարաբերությունները, քանի որ միշտ պետք է առաջ նայել»:

Բազմափորձ պատգամավորը հիշեցրեց, որ իտալական խորհրդարանում երկար ժամանակ է այս հարցը շրջանառվում, քանիցս դրվել է քննարկման, բայց այս անգամ, ահա թե ինչու հենց հիմա, կա աջակցող լայն մեծամասնություն, ինչը նախկինում չկար՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների մասնակցությամբ:

Ֆասինեն գտնում է, որ մոտակա մի քանի շաբաթների ընթացքում որոշում կընդունվի ներկայացված բանաձևի առնչությամբ, և քանի որ կա աջակցող լայն մեծամասնություն, թերևս այս անգմ բանաձևը դառնա իրականություն:

Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանությքան ճանաչման կոչ անող նախագծի տեքստում հղում է արվում 1973թ. ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից 1915-1917թթ. Օսմանյան կայսրությունում 1.5 մլն հայերի բնաջնջումը ցեղասպանություն որակող որոշմանը, ինչպես նաև 2015-ին Եվրախորհրդարանի կողմից նմանատիպ որոշմամբ բոլոր անդամ երկրներին ուղղված ցեղասպանությունը ճանաչելու կոչին:

Տեքստում հղում կան նաև Հռոմի Պապի կողմից Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն որակելուն: