Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել մեր քաղաքական գործընթացներում. Նիկոլ Փաշինյան

 

Հայաստանի ժողովուրդն անցել է ժողովրդավարական անցման ճանապարհով, և բարեփոխումների ընթացքը ողջունելի է, հատկապես որ Եվրոպայի խորհրդի հետ հաստատվել է Հայաստանի հետ 2019-2022թթ. գործողությունների ծրագիրը՝ ընդգրկուն ծրագրով առաջընթացի համար աշխատելու ուղղությամբ:

Ստրասբուրգում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո արված հայտարարության մեջ այս մասին ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: Նա ընդգծեց, որ Հայաստանը եվրոպական երկիր է՝ արմատներով եվրոպական պատմության ու արժեքների մեջ:

Հայաստանի վարչապետն, իր հերթին, ընդգծեց, որ հեղափոխության ուղին Հայաստանի եվրոպական երկիր լինելու ապացույցներից էր: «Կարևոր էր, որ Հայաստանի ժողովրդավարական հեղափոխությունը ամբողջապես տեղական գաղափար ու քաղաքական գործընթաց էր, և ոչ մի արտաքին ուժ ներգրավված չի եղել մեր քաղաքական գործընթացներում, դա ճիշտ է, որ ժողովրդավարությունն ամբողջապես գալիս է մեր ժողովրդի ցանկություններից», ընդգծեց Փաշինյանը:

Փաշինյանը հույս հայտնեց, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել իր փորձագիտական կարողություններով Հայաստանում բարեփոխումների ընթացքին:

Արդեն տեղեկացրել ենք, որ Փաշինյան-Յագլանդ հանդիպումից հետո նախատեսված էր նաև հարցերի հնարավորություն, ու թեև ժամանակացույցով արդեն պետք է սկսվեր հաջորդ հանդիպումը, Փաշինյանն ու Յագլանդը պատասխանեցին երեք հարցի:

Ադրբեջանցի լրագրողը հարց հնչեցրեց Դավիթ Տոնոյանի` «Նոր պատերազմ՝ նոր տարածքների դիմաց» վերջերս կատարած հայտարարության առնչությամբ, մեկնաբանելով, թե դա հակասում է վարչապետ Փաշինյանի հայտարարություններին:

«Չեմ կարծում, թե հակասություն կա, սա իրավիճակի մեկնաբանության հարց է: Մեր միակ նպատակն է դադարեցնել ուժի կիրառման սպառնալիքները, սպառնալիքով խոսքը Հայաստանի ու Ադրբեջանի, ԼՂ և Ադրբեջանի միջև: Մեր նպատակն է մեր հասարակություններին նախապատրաստել խաղաղության, ոչ թե պատերազմի: Մենք հույս ունենք, որ մեր գործընկերներն Ադրբեջանում կհասցեագրեն մեր այս կոչը և երբ դա անեն, մենք կունենանք ամբողջապես տարբեր իրավիճակ», պատասխանեց Փաշինյանը:

Հաջորդ հարցը վերաբերում էր Եվրոպայի խորհրդի տարբեր կառույցների ներկայացուցիչների, այսպես կոչված, գորշ գոտիներ այցելելու հնարավորություններին: Յագլանդը կրկնեց արդեն իսկ բարձրաձայնած իր սկզբունքային մոտեցումը, որ ինչպես մոնիտորինգային հանձնաժողովի ներկայացուցիչները, այնպես էլ եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատարը պետք է հնարավորություն ունենան այցելելու գորշ գոտիներ, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Ըստ Յագլանդի, մարդու իրավունքների հանձնակատարը մարդասիրական գործունեություն է ծավալում, ու դա այդպես էլ պետք է ընկալվի:

Վերջին հարցը Հայաստանի նոր կառավարությունից սպասումներին էր վերաբերում: Յագլանդը մանրամասն անդրադարձավ տարբեր ոլորտներում Հայաստանի նոր կառավարության օրակարգում ներառված բարեփոխումներին, ինչին Փաշինյանն արձատգանքեց. «Ավելացնելու բան չկա»:

«Փաստորեն ես խոսեցի որպես Հայաստանի կառավարության խոսնակ», կատակով արձագանքեց Յագլանդը:

Այդուհետև Փաշինյանը Յագլանդին հանձնեց Հայաստանում Եվրոպայի հրապարակի անվանակոչման մասին որոշման փաստաթուղթը: