Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Փողերի լվացման ու կոռուպցիայի «լվացքատներ» Ռուսաստանի, Ադրբեջանի, «Տրոյկայի». ԵԽԽՎ-ն փորձում է խիստ արձագանքել

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի երեկ ընդունած բանաձևը Ադրբեջանին կոչ է արել հետաքննել փողերի լվացմանն առնչվող փաստերն ու արձագանքել ըստ արժանվույն, ինչպես նաև սկսել անկախ ու անկողմնակալ քննություն ԵԽԽՎ որոշ անդամների՝ կոռուպցիոն գործողություններում ներգրավված լինելու մասին մեղադրանքները:

2279 բանաձևում հիմնականում բերվում են փողերի լվացման, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության երեք խոշոր օրինակները:

  • «Գլոբալ լվացքատուն», որ վերաբերում է Ռուսաստանից տարբեր հասցեատերերի մոտ 21 մլրդ ԱՄՆ դոլար փոխանցումներին,
  • «Ադրբեջանական լվացքատուն», որի շրջանակներում մոտ 2,9 մլրդ ԱՄՆ դոլար է հանվել Ադրբեջանից,
  • «Տրոյկա լվացքատուն», որի միջոցով մոտ 4,6 մլրդ ԱՄՆ դոլար է դուրս հանվել Ռուսաստանից:

Այս ամենում ներգրավվածություն են ունեցել օֆշորային բազմաթիվ կազմակերպություններ, լատվիական և մեծբրիտանական բանկեր, մոլդովական դատարաններն ու բանկային համակարգը: Հատկանշական է, որ Ադրբեջանի պարագայում հատուկ ընդգծվում է, որ «Ադրբեջանական լվացքատան» գործողություններում ներգրավված են եղել նախարարների և նախագահի ընտանիքների անդամներ:

Բնականաբար, վեհաժողովի ներսում առավել կարևոր է, որ «Ադրբեջանական լվացքատան» փողերից որպես կաշառք ստացել են առնվազն հինգ վեհաժողովականներ, որոնց վերաբերյալ գործերը քննվում են.

  • Լուկա Վոլոնտեն իտալական իշխանությունների կողմից պատասխանատվության է ենթարկվել կաշառակերության և փողերի լվացման համար
  • Ալեն Դեստեքսեի գործն ուսումնասիրում են բելգիական իշխանությունները
  • Կարին Շտրենցը գերմանական իշխանությունների կողմից տուգանվել է 20,000 եվրոյի չափով, իսկ նրա և Էդուրադ Լինտների դեմ կա դատական հայց
  • Սլովակիան ներկայացրած Զմագո Ջելինչիչ Պլեմենտիի նկատմամբ որևէ պատասխանատվություն կիրառելու մասին տեղեկություններ չկան:

Որևէ քննություն իրականացնելու ու պատասխանատվության ենթարկելու քայլ չի արվել հենց Ադրբեջանում՝ կոռուպցիոն գործարքներում առավելագույնս ընդգրկված Էլխան Սուլեյմանովի և Մուսլում Մամադովի նկատմամբ:

Բանաձևում, ի շարս առանձնահատուկ կոչերի, որ ուղղված են այս ամենում անմիջապես այս կամ այն չափով ներգրավված Ռուսաստանին, մոլդովային, Ադրբեջանին, Միացյալ Թագավորությանը, Հոլանդիային, Էստոնիային, Բալթյան երկրներին և Շվեդիային, Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրներին կոչ է արվում պահանջել ընտրված բոլոր հանրային անձանց և թեկնածուներին հանրայնորեն հասանելի դարձնել իրենց ունեցվածքի և եկամտի հայտարարագրերը, քննել հնարավոր կապերը, ապահովել օրենսդրական խստացումներ, ապահովել բանկային փոխանցումների կարգավորումների պարտադիր կատարումը և այլն: