Փոփոխությունները պետք է ամրագրվեն ինստիտուցիոնալ մակարդակում, որովհետև մենք չգիտենք՝ վաղը կամ մյուս օրը ով կլինի իշխանություն: Էդմոն Մարուքյան
|
![]() |
Հիմնականում կենտրոնացել ենք համաեվրոպական թեմաների վրա, որ չշարունակվեն այն դեբատները Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որից բոլորը հոգնել են, և որի ընթացքում Ադրբեջանի ներկայացուցիչները ցույց են տալիս իրենց ցածր մակարդակը: Մեր պատասխանները չպետք է լինեն նույն մակարդակի վրա: Այսինքն՝ պատվիրակության ներսում ունենք կոնսենսուս՝ հնարավորինս զերծ մնալ իրենց ոճի մեջ իրենց պատասխանելուց:
Այս մասին ԵԽԽՎ ստրասբուրգյան նիստի ընթացքում Globnews.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության աշխատանքներին: Նրա խոսքով, աշխատանքը ընթանում է նորմալ, թեև պատվիրակությունը նոր է, կազմի գրեթե 70 տոկոսը նոր պատգամավորներ են: «Կարծում եմ՝ արդեն հունի մեջ ենք ընկել. մենք էլ մեր փորձով կիսվում ենք մեր գործընկերների հետ»:
Մարուքյանի խոսքով, ի սկզբանե պայմանավորվածություն է եղել, որ Ադրբեջանի հրահրած կռիվը հայկական կողմը չշարունակի, քանի որ դա ոչ մի օգուտ չի տալիս, այլ ընդհակառակը՝ բոլոր պատվիրակներին հոգնեցնում է նույն տեքստերը լսելը: «Նոր բան, նոր թեմա կամ քննարկում լինի, նոր կարող ենք ասել: Բայց անընդհատ լսել՝ 20 տոկոս գրավել եք, կամ որ ասենք՝ չէ, չենք գրավել, արդեն անարդյունավետ է: Նույն մոտեցումը եղել է սրանից առաջ եկած պատվիրակության մոտ»,- նշեց Մարուքյանը:
Անդրադառնալով վարչապետ Փաշինյանի ԵԽԽՎ այցին՝ Մարուքյանը նշեց, որ այն շատ կարևոր էր, որովհետև Հայաստանում իշխանափոխության 1 տարին է լրանում և նախորդ տարի այս օրերին երկրում տեղի էին ունենում հեղափոխական իրադարձություններ: «Փաշինյանին և մեր գործընկերներին կալանավորում էին, և այստեղ ես բարձրաձայնում էի նրանց կալանքի մասին: Էստեղ կա որոշակի սիմվոլիկ բան, որ ուղիղ 1 տարի հետո կալանավորված նախկին պատգամավորը այստեղ արդեն որպես վարչապետ ելույթ է ունենում: Եվ էս առումով ես կարծում եմ, որ Փաշինյանի այցը շատ կարևոր էր»:
ԵԽԽՎ պատվիրակների մոտ Հայաստանի վարչապետից ստացած տպավորությունները, ըստ Մարուքյանի շատ դրական են: «Սպաելիքները շատ են, քանի որ Փաշինյանի ելույթը նաև Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ մոտեցումների ներկայացում էր, բայց բարեփոխումների, ռեֆորմների մասով մեծ քննարկում չունեցանք, հարցերն էլ նաև դրա մասին չէին, որովհետր բոլորը հասկանում էին՝ 3 ամիս էլ չկա, որ պառլամենտը սկսել է գործել: Այ, որ օրինակ՝ 1-2 տարի հետո վարչապետը հրավիրվի այստեղ, այդ ժամանակ պահանջելու են ցույց տալ, թե ինչ ինստիտուցիոնալ բարեփոխումներ են արվել, որ ամրապնդում է ժողովրդավարության արժեքները: Հիմա էդ քննարկումը չեղավ»:
Մարուքյանը շեշտեց, որ և՛ Հայաստանում, և՛ արտերկրում մեծ սպասելիքներ կան Փաշինյանի իշխանությունից: Բայց, ըստ Մարուքյանի, դրանից ոչ թե պետք է ուրախանալ, այլ պետք է պատասխանատու կերպով դրան մոտենալ, և ամեն ինչ պետք է անել՝ արդարացնելու այդ սպասումները: «Որ վաղը, մյուս օրը չմտածենք, որ մենք մեր շանսը բաց թողեցինք, կամ Հայաստանում ունենանք խորը հիասթափություններ: Դրանից որևէ մեկը չի շահելու և նաև մենք որպես ընդդիմադիր ուժ դրանում շահագրգռված չենք, և գտնում ենք, որ այո, այս փոփոխությունները պետք է ամրագրվեն ինստիտուցիոնալ մակարդակում, որովհետև մենք չգիտենք՝ վաղը կամ մյուս օրը ով կլինի իշխանություն»: