Ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի եւ կենդանուն դաժանորեն ծանակողի միջեւ. նման մարդը պետք է նստի. Զոհրաբյան
|
![]() |
Մենք քրեականացնում ենք կենդանիների հանդեպ բռնությունը, վատ վերաբերմունքը, խեղումը, ծանակումը. Կենդանու հանդեպ բռնություն գործադրողը, կենդանուն նվաստացնողը պետք է կոնկրետ քրեական պատասխանատվություն կրի: Այս մասին Econews.am-ի հետ զրույցում նշել է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա տեղեկացրեց, որ կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը քրեականացնող նախագիծ են դրել շրջանառության մեջ. «Մինչեւ 2003 թվականը շրջանառության մեջ եղել է նման նախագիծ, բայց չգիտես ինչու հանվեց, դա տարան վարչական իրավախախտումների օրենսգիրք, որտեղ ծիծաղելի տուգանքներ էին նախատեսված: Մենք խորհրդակցելով կենդանիերի պաշտպանության խնդիրներով զբաղվող մի շարք կազմակերպությունների հետ, նախագիծը կազմեցինք, այն արդեն դրվել է շրջանառության մեջ: Ես հույս ունեմ, որ կառավարությունը կտա դրական եզրակացություն»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նախագծով նախատեսում են աշխատավարձի 300-ապատիկի չափով տուգանք, գումարած ազատազրկում մինչեւ մեկ տարի ժամկետով:
«Նման մարդը պետք է նստի բանտում, որովհետեւ միգուցե մի քիչ կոպիտ բան ասեմ, բայց ինձ համար տարբերություն չկա մարդ սպանողի եւ կենդանուն դաժանորեն ծանակողի միջեւ: Չկա տարբերություն, որովհետեւ եթե մարդն ընդունակ է կենդանու հանդեպ նման վերաբերմունք դրսեւորել, վստահ եղեք, որ այդ մարդը նաեւ մարդասպանության է ընդունակ»,- ասաց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: