Պարոն Վանեցյանին կոչ եմ անում՝ այս թեմայով ինքը չխոսի․ Դավիթ Սանասարյան (տեսանյութ)
|
![]() |
Իմ և պարոն Վանեցյանի հարաբերությունները որևէ ձևով պետք է կապ չունենան այս գործի հետ։ Այս մասին այսօր «Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Պետական վերահսկողական ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանը՝ անդրադառնալով իր և ԱԱԾ պետի հարաբերություններին։
«Պարոն Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի համարվում, և առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ այս թեմայով ինքը չխոսի: Երկրորդը՝ մենք ունեցել ենք աշխատանքային հարաբերություններ ու որևիցե խնդիր չի եղել»,- ասաց Սանասարյանը:
Նա հավելեց, որ կոչը շատ հստակ է, որ չխառնվեն այն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու։ «Չխառնվեն, որովհետև դա հետագայում դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացերի վրա»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը։
Հիշեցնենք, որ ապրիլի 18-ին Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերի):