Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Մեդվեդևը հեգնո՞ւմ էր, թե՞ կատակում. չհասկացված կատակն ինչ ասես կդառնա

 

Երևանում կայացած Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջկառավարական խորհրդի նիստին Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքին կատակով, թե ինչպես արձագանքեց՝ դարձավ քննարկման առարկա: Երբ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ եթե հարցեր չկան, ապա կարող են անցնել համաձայնեցված փաստաթղթերի ստորագրմանը, Դմիտրի Մեդվեդևը պատասխանեց. «Перейти куда?»:

ՌԴ վարչապետի կատակ/հեգնանք/ծաղրը ծամվեց, զարգացավ որպես թեմա ու օրակարգի չհիիմնավորված կարևորություն ձեռք բերեց ֆեյսբուքյան տիրույթում։

Մինչև Մեդվեդևի հեգնանք/կատակը, նախ, ինչո՞ւ էր Փաշինյանը ռուսերեն խոսում, այն էլ հանդիպման ողջ ընթացքում: Լեզուների իմացությունը, և հանուն արդարության, բոլոր օտար լեզուների դեպքում էլ ոչ անթերի, ի ցույց դնելու իմաստը ո՞րն է: Ի վերջո, լեզվի մասին օրենքի կատարումը արդյո՞ք նախատեսում է նման հնարավորություն, թույլտվություն, ես կասեի, որ անցնենք այլ լեզուների, երբ պետական մակարդակով միջոցառում է... Պրակտիկ տեսանկյունից, թե իբր, օրինակ, խնայում են մեր՝ հարկատուներիս գումարներն ու առանց թարգմանության են անցկացնում հանդիպումները, լուրջ չէ հաստատ...

Այդուհետև. Մեդվեդևը հեգնում է, ծաղրում, թե ուղղակի կատակում, որևէ մեկը 100 տոկոսով ասել չի կարող, իսկ ենթադրություններ անելու հարցում բոլորս ուղղակի վարպետ ենք: Մեդվեդևի խոսքը կատակի բոլոր հատկանիշներից զրկվում է, քանի որ Փաշինյանի արձագանքը բնավ էլ կատակով ասվածի չի կարելի վերագրել. այստեղ ենթադրություն անելու կարիք անգամ չկա: Փաշինյանի՝ ասվածը լրջորեն ընդունելու ու մի փոքր վարանելով արձագանքելու հանգամանքը Մեդվեդեևի խոսքը կատակի դաշտից շպրտում է հեգնելու, ծաղրելու տիրույթ:

Ոչ հրճվելու բան կա, ոչ է ողբալու. երբ ծանոթանում ես տարբեր այրերի ու տիկնանց հիշողություններին, որոնցում ներկայացվում են հաճախ բարձրաստիճան տարբեր հանդիպումներում տեղի ունեցած արտառոց դեպքերը, պարզ է, որ տեղի ունեցածն ավելի ուտ հաճախ պատահող, քան բացառիկ երևույթ է, որը, սակայն, չի հարթում մեկ պետության ղեկավարի կողմից մյուսին ուղղված չհասկացված, թեկուզ, կատակի թողած տհաճ տպավորությունը:

Սա էլ մի կողմ: Պարզվում է՝ մեր պետական այրերի մի զգալի մասը բառի բուն իմաստով պարապ է, քանի որ ժամով կարող է այստեղ-այնտեղ մեկնաբանել ֆեյսբուքյան հարթակում ընթացող քննարկումների տարբեր զեղումներին: Լեզվակռիվ է, որ տալիս են, ու կարծես պարապներ իսկապես շատ կան: Չեմ կարծում, թե հարկատուների միջոցներից աշխատավարձ ստացող մարդն իրավունք ունի իր աշխատաժամանակը վատնելու այս կերպ. հաստատ բազմաթիվ լուրջ գործեր սպասում են այն եռանդուն ու հոգատար ձեռքերին, որ, համակարգի ստեղներով ֆեյսբուքյան մեկնաբանություններ շարելու փոխարեն, կթեթևացնեն երկրի առօրյա հոգսերն ու մարդկանց մտահոգությունները:

Եթե սա էլ մի կողմ թողնենք, ևս մի երևույթ մնում է անհասկանալի. եթե հեգնանք ու ծաղր տեղի չուներ, արդյո՞ք իրերի սովորական իրավիճակի տրամաբանության մեջ տեղավորվում է, որ երկրի ղեկավարը անդրադառնա իբր իրականությանը չհամապատասխանող մի քանի գրառումների: Վստահաբար, իմաստը չկար, ավելին, ավելի շուտ արդարացման նման ստացվեց Փաշինյանի գրառումը, քան պարզաբանող:

Երևի ժամանակն է, որ դերերի ու պատասխանատվության փոփոխության առումով համապատասխան գիտակցումն էլ հասնի նույն այդ դերերի ու պատասխանատվության բարձրությանը, մակարդակին, այլապես շփոթվածությունն այսօրինակ հանդիպումներում միայն մեկ բան կարող է նշանակել. մարդն իրավիճակի տերը չէ: