Ճնճոռոկով, սիմսիմոկով, իվիլուկով և ոտիմ-տիտիմով պատրաստված հացը՝ թագուհու դերում. կայացավ ժենգյալով հացի երկրորդ ամենամյա փառատոնը
|
![]() |
Թոթի օղի, թունրավ հաց, Արցախի խաղողից պատրաստված գինի և իհարկե ճնճոռոկով, սիմսիմոկով, իվիլուկով և ոտիմ-տիտիմով պատրաստված հաց՝ այս անգամ թագուհու դերում: Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղում կայացավ ժենգյալով հացի երկրորդ ամենամյա փառատոնը, որն այս տարի նվիրված էր Արցախյան եռատոնին:
Գրեթե 1600 բնակիչ ունեցող գյուղը նոր կյանք էր առել. Հայաստանի տարբեր ծագերից և արտերկրից ժամանած շուրջ տասը հազար զբոսաշրջիկներ եկել էին Հաթերք՝ համտեսելու Արցախի այցեքարտը համարվող ժենգյալով հացը՝ պատրաստված 13, երբեմն նաև 17 տեսակ կանաչիներից:
Մինչ գործող 120 տաղավարներում արցախցի կանայք ժենգյալով հաց էին պատրաստում և ներկայացնում՝ ինչ կանաչիներ են օգտագործում և որոնք են ժենգյալով հացի պարտադիր բաղադրիչները, զբոսաշրջիկները շտապում էին տեսնել «Գինեսի» ռեկորդի հավակնող ժենգյալով հացը, որն ունի 3.3 մետր երկարություն և պատրաստված է 25 տեսակ կանաչիներից: «Հաղթանակ» անունը ստացած ժենգյալով հացն արդեն գրանցված է հայկական «Դյուցազնագրքում», սակայն հաթերքցիները հույս ունեն՝ այն տեղ կգտնի նաև «Գինեսի» ռեկորդների գրքում:
Ախորժաբեր հաց գնելու և համտեսելու համար գոյացած հերթերը հասնում էին տասնյակ մետրերի: Սակայն սպասումն այնքան էլ ձանձրալի չէր, քանի որ արցախցի կանայք ժենգյալով հացի պատրաստման գործընթացը համեմում էին անմիջական և հետաքրքիր խոսք ու զրույցով: Պատմում էին, որ նախկինում ժենգյալով հաց պատրաստել են միայն տարիքով կանայք, իսկ ջահել հարսները միայն կանաչին են կտրատել, կամ լավագույն դեպքում խմորը գրտնակելու իրավունք են ունեցել: «Իսկ հիմա ջահել հարսների ձեռքները երկարել ա: Հենց ուզում են, սկսում ես թխել, էլ ո՞վ ա սկեսուրին հաշվի առնում»,- կեսկատակ, կեսլուրջ պատմում են կանայք՝ ժպիտախառը հայացք գցելով իրենց կողքին կանգնած հարսներին:
«Էկոտուրիզմն Արցախում» նախաձեռնության ղեկավար Սամվել Միրզախանյանը Globnews.am-ի հետ զրույցում ասաց, որ այս տարի հաթերքցիների վերաբերմունքը փոխվել է. մշակույթը, որ կայանք ևս կարող են իրենց աշխատանքով գումար վաստակել, կարծես թե սկսել է զարգանալ: «Նախորդ տարի գյուղի բնակիչներն ամաչում էին հյուրերին իրենց թխած ժենգյալով հացը վաճառել: Բայց այս տարի, մարդիկ ընտանիքներով մասնակցում են փառատոնին և կանայք ևս կարողանում են գումար վաստակել»,- նշեց Սամվելը, ապա հավելեց. «Բացի այդ գյուղի բնակիչներից շատերը իրենց տանը գիշերակաց են տրամադրել զնոսաշրջիկներին, նրանց ավելի ջերմ են ընդունել: Իսկ 2018 պատկերը հակառակն էր, տեղացիները բացասական պատասխան էին տալիս զբոսաշրջիկներին իրենց տներում հյուրընկալելու առաջարկին»:
Փառատոնի կազմակերպիչը վստահ է, որ հաջորդ տարի Հաթերքը ավելի շատ զբոսաշրջիկների է ընդունելու: «Ժենգյալով հացի առաջին ամենամյա փառատոնից հետո մի քանի զբոսաշրջիկ այցելել է Հաթերք, վստահ եմ, որ այս տարի ավելի են շատանալու այդ զբոսաշրջիկները, քանի որ փառատոնին ընդառաջ գյուղն ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել: Այդ է վկայում մարդկանց մեծ հոսքը»,- եզրափակեց Սամվել Միրզախանյանը:
Նարե Գնունի
Լուսանկարները՝ Արա Սերոբյանի