Արցախցին «թշնամի», որովհետև դժգոհ է Երևանի քաղաքային իշխանությունից... կամ ի՞նչ կարևոր է, թե ինչու
|
![]() |
«Արցախը Հայաստան է, և վե՛րջ», «Հայաստանը սկսվում է սահմանից», «Չկա ղարաբաղցի և հայաստանցի, կա ընդհանրական կերպար՝ հայ»… շարքը շարունակելը բարդ չէ, սակայն, կարծես թե իմաստ չունի, քանի որ վերոնշյալ արտահայտությունները հավանաբար կոնկրետ ժամանակի համար են, կամ միշտ արդիական են պոպուլիստների ու մեկ էլ, արդեն լուրջ, հասարակության փոքր շերտի համար, որը գիտի նշված արտահայտությունների արժեքը:
Globnews.am-ը մայիսի 11-ին տեսանյութ էր հրապարակել, որում Մարտակերտի շրջանի Հաթերք գյուղի բնակիչներից մեկն իր դժգոհությունն էր հայտնում ցածր կենսաթոշակի մասին: «Ես դեռ երկար ստաժ ունեմ, 50 հազարի չափ ստանում եմ, բայց մարդիկ կան, ովքեր 18 հազար են ստանում»,- ասում էր մեր զրուցակիցը, ապա շարունակում խոսքը՝ նշելով, որ թոշակառուները պետք է 50 հազար դրամով ապրեն, իսկ քաղաքապետը 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ ստանա: Մեր ճշգրտող հարցին, թե արդյոք Մարտակերտի քաղաքապետի մասին է խոսքը, մեր զրուցակիցը պատասխանում է. «Ոչ, Հայկ Մարությանի մասին է խոսքը: Բայց որ իրենց աշխատավարձը բարձրացավ, ստեղ էլ նույն օրինակին պիտի հետևեն»,- նշել էր մեր զրուցակիցը:
Հիշեցնենք, որ մայիսի 4-ին մամուլը գրեց՝ Երևանի քաղաքապետը որոշել է անակնկալ մատուցել բոլորին և անսպասելիորեն բարձրացնել քաղաքապետարանի աշխատողների, այդ թվում՝ իր աշխատավարձը։ Ըստ ներկայացվող նախագծի, Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ, ճիշտ այնքան, ինչքան երկրի վարչապետն է ստանում։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն կստանան 641 հազար։ Թեև մայիսի 7-ին նախագիծը Երևանի ավագանու օրակարգից դուրս եկավ՝ հարցի շուրջ կոնսենսուս չլինելու պատճառով, սակայն քաղաքապետը խոստացավ քննարկումերից հետո այն կրկին բերել օրակարգ: Ուստի մեր զրուցակցի խոսքը հիմնված չէր «օդից կախված լուրերի» վրա:
Մեր զրուցակիցը ներկայացնում էր իր հասակակիցների խնդիրը՝ ցածր թոշակ, և նշում, որ եթե Երևանում քաղաքապետի աշխատավարձը բարձրանա, նույնը կարվի նաև Արցախում, ինչը բնավ ցանկալի չէ:
Տեսանյութը, որը հրապարակվել էր «Դժգոհություն Մարտակերտի շրջանում. ինչո՞ւ պետք է Հայկ Մարությանը 1 միլիոն 200 հազար դրամ աշխատավարձ ստանա. Արցախում տեսնելու և նույնը կրկնելու են» վերնագրով, հասարակության որոշակի դժգոհ, բայց ցավալիորեն ակտիվ հատված սվիններով ընդունեց: Այն նույն հասարակությունը, որի մեծ մասը օրեր առաջ նույն լուրը բավականին մեծ դժգոհությամբ էր մեկնաբանում, դարձավ Երևանի քաղաքային իշխանության պաշտպանը, և ինչո՞ւ, որովհետև դժգոհողը ոչ թե երևանցին էր, այլ՝ հաթերքցին: «Շաաատ ներողություն, ասացի ձայն չհանեմ չկարողացա ախր։ Ձեր ինչ գործն ա ընդհանրապես, թե Հայաստանում ով ինչ կանի, երբ հենց նույն Մարությանը տարբեր ժամանակահատվածներում դժգոհում էր նախկին իշխանության գործունեությունից, հեղափոխության կարկառուն մասնակիցներից էր, դուք ամբողջ Ղարաբաղով ի՞նչ էիք անում: Հա հենց էլ, հեղափոխության օրերին ինչ էր անում Ղարաբաղը: Մեր տղերքը մահացան, մեր հայրերը մահացան էդ հողի համար, իսկ մեր եղբայր զինվորներին ջուր չեք տալիս անգամ։ Ինչպես կասեր մեծն Նիկոլը՝ հանգիիիիիստ նստեք տեղներդ, հանգիստ նստեք էլի»,- օգտատերերից մեկը մեկնաբանություններում այսպես պատասխանեց մեր զրուցակցին: Մյուսներն էլ գրում էին՝ «Բա Սերժի վախտ խի՞ չէիք խոսում»:
Այսինքն՝ եթե նույնն ասվեր Սերժ Սարգսյանի իշխանության օրոք, ղարաբաղցի-հայաստանցի տարանջատում չէր լինի, և Արցախի բնակիչն էլ լիարժեք իրավունք կունենար Հայաստանի իշխանության գործերը քննելու: Եվ եթե այս տեսանյութը մենք հրապարակեինք ուղիղ մեկ տարի առաջ, երբ Երևանի քաղաքապետը Տարոն Մարգարյանն էր, ապա հասարակությունը կհերոսացներ զրուցակցիս՝ վերջինիս հայրենասեր մարդու տիտղոս շնորհելով: Բայց այս պահին խոսքը Հայկ Մարությանի մասին է:
Առավել հետաքրքրական է, որ հաթերքցի պապիկն իր խոսքում բնավ էլ մեր՝ հայաստանցի կոչվողներիս փողերը չի հաշվում, մարդն իր դարդին է, ինչպես մեզնից յուրաքանչյուրը, երբ փոքրիկ, համեստ, երբեմն էլ խեղճ աշխատավարձի կողքին Հայկ Մարությանի ստանալիքը պատկերացնելիս ավելի շուտ մտածում են հալյուցինացիա ունենալու, քան իրապես տեսնելու մասին:
Ու եթե ներսում, շատ խորը, ոչ ֆեյսբուքյան հարթակի համար ու ոչ էլ ի լուր ձև ու բովանդակություն ուրացած շրջապատի անկեղծ լինենք, պապիկի խոսքը լավ էլ տեղին է. դեռ գործ չարած՝ աշխատավարձ են բարձրացնում, ու դրա հետ մեկտեղ խոսում վերելակների վարձի բարձրացման մասին... Հայկ Մարությանին երևի առաջիններից մեկը պիտի ուղարկել վերելակի վարձ հավաքելու... Թե չէ այսպես խեղճ քաղաքապետին պաշտպանելու ցանկությունից ոմանք ընկել են ծայրահեղությունների գիրկը: Այ երբ նա կթակի հաթերքցի պապիկին ավելորդ ու անտեղի մեղադրանքներով ծանրաբեռնողների դուռն ու վերելակի վարձի 20-30 տոկոս ավելին կուզի, երևի թե անոսկոր լեզուն թիրախը փոխի:
Ցավալի է, որ մեկ խնդիր բարձրաձայնելով՝ կանգ ես առնում մյուսի, վստահաբար ավելի կարևորի առաջ: Փաստորեն, «ինչու հայ զինվորը պիտի գնա Արցախի սահմանը պահի» ասողներ այսօր էլ կան, թեև նույն մարդիկ Ապրիլյան քառօրյայի ընթացքում շտապում էին Արցախ՝ մի քանի լուսանկար ունենալու և հայրենիքի հանդեպ սերն արտահայտելու համար: Չէ՞ որ այդ ժամանակ Արցախը հայրենիք էր, ղարաբաղցին էլ՝ հայ:
Նարե ԳՆՈՒՆԻ