Այսօր՝ 2020-08-13 | RSS | FACEBOOK

2019-11-19 10:16:17 2020-01-15 11:02:47 2017-10-20 12:23:59 2018-03-16 10:48:17 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2019-11-20 11:06:50 2019-11-19 09:27:18 2019-11-13 11:40:48 2019-11-21 09:15:52 2020-01-23 08:14:55 2020-01-16 10:27:17

Ռուսաստանի «սենսացիոն» քայլը. Միհրան Պողոսյանի ճակատագիրը

 

Lragir.am-ը գրում է. Վերջին օրերին մամուլում տարբեր հրապարակումներ են այն մասին, որ Ռուսաստանը հակված է բավարարել «քաղաքական ապաստանի» վերաբերյալ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի դիմումը: Պաշտոնական մակարդակում որոշակիություն դեռ չկա: Միհրան Պողոսյանը Ռուսաստանում ձերբակալվեց այն բանից հետո, երբ Հայաստանի իրավապահները նրա դեմ հարուցված քրգործի շրջանակում հայտարարեցին հետախուզում:

Հայաստանի գլխավոր դատախազությունը դիմեց ՌԴ իրավապահներին՝ արտահանձնման համար: Միհրան Պողոսյանն էլ դիմեց «քաղապաստան» ստանալու համար:

ՌԴ դատարանը այդ ընթացքում կայացրել է նրան 40 օր կալանքի տակ պահելու որոշում:

Միհրան Պողոսյանի թեմային օրեր առաջ ռուսական ՌԲԿ գործակալությանը տված հարցազրույցում անդրադարձել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ասելով, որ Հայաստանի հանրությունը «սենսացիոն» է գնահատել Պողոսյանին ձերբակալելու ՌԴ իրավապահների որոշումը, քանի որ ունի համոզում, որ Ռուսաստանը հովանավորում է նախկին համակարգի ներկայացուցիչներին, որոնք խնդիր ունեն Հայաստանի օրենսդրության հետ: Նիկոլ Փաշինյանը հիշեցրել էր Միքայել եւ Վահագն Հարությունյանների մասին, որոնք փաստացի գտնվում են ՌԴ «բարձր» հովանու ներքո:

Վարչապետ Փաշինյանը «սենսացիոն» բնորոշելով Պողոսյանի ձերբակալումը ՌԴ-ում՝ հղում անելով Հայաստանի հանրության գնահատականին, անկասկած ակնարկում էր, որ Ռուսաստանը կանգնած է ընտրության առաջ՝ հանձնել Միհրան Պողոսյանի՞ն, թե՞ հանձնել Հայաստանի հանրության շրջանում սեփական վարկը, կամ այլ կերպ ասած՝ հանձնել Հայաստանում եւս մի «դիրք»:

Գործնականում, Մոսկվան արդեն տարիներ շարունակ Հայաստանում պարբերաբար, եւ տարբեր առիթներով կանգնում է այդօրինակ «դիլեմայի» կամ ընտրության առաջ, որպես կանոն՝ որոշ բացառություններով, ընտրելով դիրքը կամ վարկը հանձնելու տարբերակը:

Այդպիսով ստացվում է պարադոքսալ երկկողմ մի «երթեւեկություն». թվում է, որ Հայաստանը իբրեւ պետություն տարիներ շարունակ հանձնվել է Ռուսաստանին, բայց մյուս կողմից էլ՝ Ռուսաստանն իբրեւ պետություն տարիներ շարունակ հանձնել է իր վարկը Հայաստանի հանրության շրջանում:

Հետեւանքը այստեղ երկուստեք է՝ թե Հայաստանի համար է շոշափելի, թե զգալի է Ռուսաստանի համար, թեեւ այն ծածկվում է մասշտաբի էֆեկտով կամ մասշտաբը գուցե անզգայացնում է Մոսկվային:

Մյուս կողմից, ավելի ու ավելի արդիական է դառնում հարցը, թե ինչ է կամ ով է, կամ ովքեր են Մոսկվան: Այդ իմաստով, Միքայել Հարությունյանը, Վահագն Հարությունյանը, Միհրան Պողոսյանը դրանք ցուցիչներ են, ինդիկատորներ, թե ինչ կամ ով է Մոսկվան:

Հետեւաբար հարաբերական է՝ չհանձնելո՞վ են հայ ժողովրդին խաբում, թե՞ հանձնելով: Թե՞ դա այն գինն է, որ վճարում է հայ ժողովուրդը Հայաստանում այդ հարաբերական Մոսկվայի դիրքերը հանձնելու դիմաց: Ի վերջո, թավշյա հեղափոխության դիտարկումները պետք է արվեն պատմա-քաղաքական լայն համատեքստում, որտեղ առնվազն կարող ենք հնչեցնել հարցը՝ այդ լայն համատեքստում հայ ժողովրդի համար ի՞նչն է կարեւոր՝ Միհրան Պողոսյա՞նը, թե՞ Հայաստանում այն Մոսկվայի դիրքերը, որը պատսպարում է պողոսյաններին կամ պերմյակովներին:

Պատմա-քաղաքական ռազմավարական համատեքստում թերեւս ավելի կարեւոր է, որ Ռուսաստանը պահի Միհրան Պողոսյանին, հանձնելով իր դիրքերը:

Դա կարող է լինել Հայաստանի պետական անվտանգության եւ ռազմա-քաղաքական կայունության համար հիմնարար, խորքային նշանակություն ունեցող հայ-ռուսական միջպետական հարաբերության առողջացման բարդ փուլի կարեւոր դետալներից մեկը:

Այլապես, ինչպես ռուսները առաջարկում են հայ-ադրբեջանական հարցում գերիների «բոլորը բոլորի հետ սկզբունքը», կամ պետք է բոլորին հանձնել՝ ում պատսպարում են, կամ թող իրենց պահեն Պողոսյանին: