Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Գրքում կան տրանսգենդեր անձանց պատմություններ, ովքեր կազմել են ընտանիք հայկական իրականությունում և ապրում են երջանիկ. Լիլիթ Մարտիրոսյանը՝ իր գրքի մասին

 

Ապրիլի 5-ին Հայաստանի ԱԺ-ում իր ունեցած ելույթից հետո տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանը որոշել է գիրք գրել 30 տրանսգենդեր անձանց մասին: Globnews.am-ը զրուցել է Լիլիթ Մարտիրոսյանի հետ՝ հասկանալու, թե ինչ է ներկայացվելու գրքում:

- Ի՞նչը դարձավ գիրք գրելու հիմնական դրդապատճառը:

- Գիրք գրելու ամենաառաջնային դրդապատճառն ինձ համար հասարակությանն իրազեկելն է տրանսգենդեր անձանց, իրենց խնդիրերի, անձնական պատմությունների և անկեղծ խոստովանությունների մասին: Հասարակությունը շատ դեպքերում տեղյակ չէ, թե ովքեր են տրանսգենդեր անձիք, ինչի արդյունքում խտրականության և բռնության ալիքն էլ ավելի է բարձրանում: Ազգային Ժողովի ելույթիցս հետո հասարակության և մի շարք քաղաքական գործիչների կողմից հնչեցվեցին խոսքեր, որտեղ նշվում էին, թե տրանսգենդեր անձիք «հիվանդ են, այլասերված, պիղծ և հասարակությանը կարող են վարակել իրենց քարոզով»:

Գրքում տեղ գտած պատմություններով նաև ցանկանում եմ կոտրել տրանսգենդեր անձանց նկատմամբ կարծրատիպերը:

- Կոնկրետ ի՞նչ է ներկայացվելու գրքում, անհանդուրժողական վերաբերմունքը տրանսգենդերների նկատմա՞մբ, թե՞ անձնական պատմություններ:

- Խոշտանգված, բռնաբարված, առևանգված, ֆիզիկական բռնության ենթարկված, այրված, ողջակիզված, դանակահարված, սպանության փորձի ենթարկված, սպանված, արտաքսված և թալանված տրանսգենդեր անձանց նվիրված այս գիրքը ներայացնելու է 30 տրանսգենդեր անձանց անձնական պատմությունները հենց իրենց խոսքերով: Լինելու են անձնական պատմություններ և գրքում առկա պատմությունները ներկայացնելուն են հենց հերոսները՝ առաջին դեմքից:

- Կա՞ն հետաքրքիր պատմություններ, որոնք տեղ կգտնեն գրքում, օրինակ՝ երկու սեռափոխված մարդկանց սիրո պատմություն: Ի վերջո կա՞ն սեռափոխված մարդիկ, ովքեր կարողացել են հայկական իրականությունում ընտանիք կազմել, և եթե այո, ապա գրքում կկարդա՞նք այդ մասին:

- Գրքում կան սեռափոխված տրանսգենդեր անձանց պատմություններ, ովքեր կազմել են ընտանիք հայկական իրականությունում և ապրում են երջանիկ: Այ, օրինակ գրքում պատմվելու է տրանսգենդեր անձանց մասին, ովքեր սեռափոխված են և տարիներ շարունակ ապրում են հետերոսեքսուալ տղամարդու հետ և ապրում են հայ ընտանիքի պես:

- Նշեցիք խոշտանգումների մասին: Իրավապահ մարմիններին դիմե՞լ եք, եթե այո, ապա ինչպիսի՞ն է եղել արձագանքը:

-Տրանսգենդեր անձանց նկատմամբ առհասարակ կատարված հանցագործությունների դեպքերին իրավապահ մարմինների արձագանքը համաչափ չէ. նրանք հաճախ խուսափում են իրավապահներին դիմելուց, քանի որ անգամ այստեղ են խտրական և անհանդուրժող վերաբերմունքի բախվում: Տրանսգենդեր անձինք բազմաթիվ խնդիրների են բախվում, երբ տարբեր հիվանդությունների պատճառներով դիմում են բուժհաստատություններ։ Հատկապես անհնար է դառնում օգտվել բժշկական ծառայություններից՝ կապված հորմոնոթերապիայի և սեռափոխական վիրահատությունների հետ։ Նման վիրահատությունների վերաբերյալ Հայաստանում օրենք չկա։

Ես իմ Ազգային Ժողովի ելույթում մեջբերել եմ անցած տարի մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած երկու տրանսգենդեր անձանց նկատմամբ դաժան բռնության մասին, երբ մեկ տրանսգենդերի կոկորդն էին կտրել, իսկ մյուսին դաժանաբար ծեծել էին և այրել իր տունը: Այնուամենայնիվ այս խտրական, ագրեսիվ և կյանքի համար վտանգ ներկայացնող սպառնալիքների վերաբերյալ բոլոր զեկույցները լրջորեն հաշվի չեն առնվել իրավապահ մարմինների կողմից:

- Ձեր ֆեյսբուքյան էջում գրել էիք, որ ներկայիս իշխանության օրոք իրավապահ մարմինների վերաբերմունքը փոխվել է:

-Ազգային Ժողովի ելույթից հետո իրենց աջակցությունն ու պաշտպանելու պատրաստակամությունն է հայտնել ՀՀ Ոստիկանությունն ու ՀՀ Ազգային Անվտանգությունը: Ոստիկանության կողմից իմ և գործընկերներիս կյանքի անվտանգության պահպանումն է եղել, սակայն իմ կողմից ներկայացված բոլոր հաղորդումները մերժվել են Ոստիկանության կողմից: Տրանսգենդեր անձանց վիճակի և նրանց նկատմամբ վերաբերմունքի մասով Հայաստանում ոչ մի բան չի փոխվում, հակառակը՝ իրավիճակն էլ ավելի է վատթարանում:

-Իսկ արտերկրում ապաստան գտած տրանսգենդեր անձանց նկատմամբ վերամբերմունքն ինչպիսի՞ն է:

-Երկրում տիրող հոմոֆոբիայի և տրանսֆոբիայի մթնոլոտում տարեցտարի Հայաստանը լքում են տասնյակ տրանսգենդեր անձինք: Նրանք Հայաստանը լքում են, քանի որ սովորելու ու աշխատանք գտնելու հետ կապված խնդիրներ ունեն, նրանք չկարողացան ինտեգրվել հասարակությունում և վերջիվերջո բախվում են սոցիալական կյանքի բազում դժվարին ու խտրականությամբ լի խնդիրներին: Եվրոպական մի շարք երկրներ գաղթած տրանսգենդեր անձիք ապրում են հավասար պայմաններում, ինչպես հասարակության բոլոր ներկայացուցիչները: Դժվար է ասել, թե աշխարհում կա մի վայր, որտեղ լիարժեք հարգում են տրանսգենդեր անձանց և հաշվի նստում իրենց իրավունքների և գենդերային ինքնության հետ, սակայն ի տարբերություն Հայաստանի՝ Եվրոպական շատ երկրներ ունեն հակախտրականության օրենքներ և խստորեն սահմանված պատիժներ, կապված հոմոֆոբ և տրանսֆոբ անձանց հետ:

- Այս ամենի մասին գրելու եք: Կոնկրետ ի՞նչ նպատակ եք հետապնդում. ինչի՞ ն պետք է ծառայի գիրքը:

- Հայաստանում տրանսգենդեր անձինք ապրում են գրեթե մեկուսացված վիճակում։ Նրանք մեծամասամբ մերժված են ընտանիքների, ընկերների և շրջապատի կողմից․ ապրում են «չորս պատի մեջ»։ Հասարակությունը պետք է պատկերացում կազմի՝ ովքեր են տրանսգենդեր անձիք և որոնք են իրենց խնդիրները: Այսօր ոչ ոք չգիտի տրանսգենդեր անձանց խնդիրների մասին: Մենք ունենք տրանսգենդեր անձանց բռնությունների և ծաղրանքների բազում օրինակներ, ունենք իրավական ոլորտում խոչընդոտների հանդիպած տրանսգենդեր անձինք: Ինչպես կդիմադրենք, դա արդեն կախված է մեր պատրաստակամությունից:

Պետք է ամենաառաջինը բարձրաձայնենք, որ մենք կանք, և ունենք նույն հավասար իրավունքները և պարտականությունները, որ այս մոլորակը հավասարաչափ բոլորինս է:

Ինչպես նաև այս գիրքը կօգնի ավելի խորը պատկերացում կազմել տրանսգենդեր անձանց խնդիրների և իրենց ապրելակերպի մասին:

- Եվ վերջում. ի՞նչ եք կարծում, հայ հասարակությունը ե՞րբ պատրաստ կլինի սովորական աչքով նայել տրանսգենդեր մադրկանց:

-Հասարակությունը բազմազանությունը չի տեսնում և չի ընկալում: Ատելության խոսքն ազատորեն տարածվում է լրատվամիջոցներով ու նույնպես նպաստում է բացասական մթնոլորտի վատթարացմանը: Տրանսգենդեր անձանց նկատմամբ բռնությունները հաճախակի դարձան, ու անհանդուրժողականությունն էլ ավելի խորացավ, երբ տրանսգենդեր համայնքի ներկայացուցիչները սկսեցին բարձրացնել իրենց խնդիրները: Դժվար է պատկերացնել հետագա իրավիճակը Հայաստանում, սակայն մի շարք ԼԳԲՏԻՔ կազմակերպությունների հետ միասին «Իրավունքի Կողմ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հետամուտ է լինելու, որ Հայաստանում հարգվի մարդու իրավունքները և յուրաքանչյուր տրանսգեդեր անձ իրեն պաշտպանված զգա Հայաստանի Հանրապետությունում:

Նարե Գնունի