Արայիկ Հարությունյանը ստախոս է. հարձակման զակազը նա է տվել. Սամվել Բաբայանի համակիր - տեսանյութ
|
![]() |
Արայիկ Հարությունյանը (Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար) ստախոս է, ստում է. մենք չենք ճանաչում ոչ մեկին, ով մեզ հետ կենցաղային հարց ունի: Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Արցախի հերոս Սամվել Բաբայանի համակիր Արմեն Մեջլումյանը` անդրադառնալով իր և Արամ Հովակիմյանի վրա հարձակմանը:
Հիշեցնենք` մայիսի 30-ին Սամվել Բաբայանի գրասենյակը ահազանգել էր, որ մայիսի 29-ի գիշերը՝ ժամը 03։30-ի սահմաններում, Սևանի մայրուղու Սևան- Մարտունի ճանապարհահատվածին արցախցիներին հայտնի «բանդայի» կողմից հետապնդվել են Սամվել Բաբայանի համակիրները, զինակից ընկերները, որոնք Սամվել Բաբայանի հետ մարտական ուղի են անցել և վերջինիս հետ ծառայել զինվորական կառույցներում, այսօր էլ ակտիվորեն մասնակցում են նրա հանդիպումներին։ Նրանց ճանապարհը փակել են և հրազենից կրակահերթ ուղղել նրանց ուղղությամբ։ Այդ ճանապարահատվածի բոլոր հնարավոր տեսախցիկներն ու արագաչափերը ֆիքսել են «բանդայի» մրցավազքը։
«Հիմա ես ասում եմ Արայիկ Հարությունյանին. եթե դուք Ձեր խոսքի տերն եք, ասուլիս կազմակերպեք, թող մեր հասարակությունը իմանա` ինչ է Արցախում կատարվում: Մեքենայի մեջ եղել ենք ես և իմ ընկեր Արամը, ու մեր հարցն էն չի, որ էդ մարդիկ ձերբակալվեն, մեր հարցն էն ա, որ իմանանք` ով ա զակազը տվել: Ես ասում եմ` Արայիկ Հարությունյանը»,- նշեց Արմեն Մեջլումյանը:
Դեպքի առնչությամբ Արցախի նախկին պետական նախարար Արայիկ Հարությունյանի գրասենյակը հայտարարել էր. «Եթե կենցաղային կամ այլ դրդապատճառներով, իսկապես, տեղի է ունեցել հանցագործություն, մենք ևս հորդորում ենք իրավապահ մարմիններին համարժեք գնահատական տալ և մեղավորներին պատժել օրենքի ամբողջ խստությամբ: Իսկ «Սամվել Բաբայանի գրասենյակ»-ին կոչ ենք անում շանտաժի և անօրինականության դրդող հայտարարությունների փոխարեն՝ գալ կառուցողական դաշտ և բոլոր ելքերը փնտրել միմիայն օրենքի շրջանակներում», - հայտարարել է «Ազատ Հայրենիք»-ը:
Դիտարկմանը, որ Բաբայանի համակիրը մեղադրանք է հնչեցնում, արդյո՞ք ապացույցներ ունի, Մեջլումյանն արձագանքեց. «Ինքը ասում ա, որ մենք կենցաղի հետ կապված հարցեր ունենք, բայց մենք չունենք, բա ով ա արել: Պատկան մարմինները պետք է հարցին լուծում տաբն, թե չէ մենք կլուծենք այդ հարցը»,- նշեց Մեջլումյանը: Իսկ թե ինչպես իրենք հարցին լուծում կտան, Մեջլումյանն ասաց, որ պահը ցույց կտա:
Ասուլիսին ներկա Արամ Հովակիմյանն էլ նշեց, որ տեղի ունեցածը որևէ կապ չունի անձնական որևէ խնդրի հետ: «Կենցաղային խնդիր չկա, ուղղակի սա քաղաքական բնույթ ա կրում. մենք 4 ամիս ա` սատարում ենք Սամվել Բաբայանին: Ու էն, որ Արայիկ Հարությունյանը հայտարարություն ա անում, որ սա կենցաղային հարցերի հետ ա կապված, իրական չի»: