Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հավելված, թե երբ կանգառին կմոտենա անհրաժեշտ երթուղայինը

 

Շուտով կստեղծվի վեբ հավելված, որը մայրաքաղաքի բնակիչներին հնարավորություն կտա տեսնել գործող երթուղայինների չվացուցակները, տրանսպորտի փոփոխման կայանները, ուղևորության տևողությունը և կանգառների ու կայանների տեղերը:

«Մենք ընկերներ ենք Երևանից և Բռատիսլավայից: Հանդիպել ենք տարիներ առաջ և զրուցել երևանցիներին օգնելու ուղիներ գտնելու մասին: Մենք չենք կարող ժամանակակից դարձնել փոխադրամիջոցները, բայց կարող ենք լավ տեղեկատվություն տրամադրել հասարակական տրանսպորտի վերաբերյալ: Սլովակիայի փորձը, որտեղ նմանատիպ ինֆորմացիան կարելի է գտնել օնլայն և ձրի, մեզ գաղափար տվեց ստեղծել Transport for Armenia հավելվածը»,- Globnews.am-ի հետ զրույցում ասաց Transport for Armenia ծրագրի գլխավոր տնօրեն Պատրիկ Լուչանը:

Նրա խոսքով, Երևանի տրանսպորտային համակարգը հսկայական փոփոխությունների կարիք է զգում, որոնք պետք է իրականացվեն Հայաստանի իշխանությունների կողմից: «Մենք չենք ցանկանում միայն բողոքել առկա իրավիճակից: Եթե մենք ի վիճակի ենք օգնել, ապա կօգնենք: Ընդհանրապես, այսօր ամբողջ աշխարհում առկա է վերականգնման և զանգվածային տրանսպորտային համակարգերի ընդլայնման միտումը»:

Այժմ Transport for Armenia լիարժեք գործող կայք է՝ http://t-armenia.com/: Այցելուները միայն պետք է ունենան ինտերնետ բրաուզեր: Հեռախոսային հավելվածը պատրաստ կլինի ավելի ուշ:

«Հիմա ուղևորության պլանավորողը ցույց է տալիս Երևանի տրանսպորտային կապերը, սակայն սա միայն ծրագրի առաջին փուլն է: Մեր նպատակը քաղաքային, ենթաքաղաքային և միջազգային ավտոբուսների կամ գնացքների ուղևորությունների համար հեշտ գործիք պատրաստելն է: Որպեսզի այն աշխատի, մենք շատ շուտով կներմուծենք ներքաղաքային ուղիները: Մենք ներդնում ենք միջազգային ստանդարտներ, որոնք կարևոր են մեր կյանքը բարելավվելու, ինչպես նաև արտասահմանյան զբոսաշրջիկներին ապացուցելու համար, որ Հայաստանը հիանալի վայր է ճանապարհորդությունների համար»,- նշեց Պատրիկ Լուչանը:

Հավելենք, որ Transport for Armenia-ն չի համագործակցում Հայաստանի կառավարության հետ: «Այն մասնավոր ծրագիր է, և Երևանի քաղաքապետարանը ներկա պահին չի համագործակցում մեզ հետ: Ապրիլին մենք հանդիպումներ ենք ունեցել քաղաքապետարանի պաշտոնյաների հետ և ներկայացրել ենք նրանց մեր կայքը»,- եզրափակեց Transport for Armenia ծրագրի գլխավոր տնօրեն Պատրիկ Լուչանը:

Նարե Գնունի