Այսօր՝ 2022-06-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների և պատժամիջոցների ֆոնին Հայաստանի համար հատկապես խոցելի է բանկային ոլորտը․ Վարդան Ոսկանյան

 

Հայաստանի շահերի և հետաքրքրությունների տեսանկյունից կարևոր են Իրան-ԱՄՆ հարաբերությունները, քանի որ հենց այս երկու պետությունների հարաբերություններն են, որ ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդում են նաև Հայաստանում որոշակի գործընթացների վրա։ Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Բոլորն էլ տեղյակ են, թե ինչպիսի իրավիճակ է այժմ Իրան-ԱՄՆ հարաբերություններում․ հռետորաբանության բավական բարձր լարում, բավական անհանգստացնող գործողություններ, պարբերաբար հնչում են տարածաշրջանում Միացյալ Նահանգների զորքերի թվի ավելացման սպառնալքներ, Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը» հայտարարվում է ահաբեկչական կառույց, ինչից բխում է, որ թե՛ Իրանի ներսում, թե՛ Իրանից դուրս այս կառույցի դեմ Միացյալ Նահանգները կարող է ձեռնարկել զանազան գործողություններ։ Իր հերթին Իրանը հայտարարում է, որ Միացյալ Նահանգների զինուժը Մերձավոր Արևելքում նույնպես միտված է ահաբեկչական գործողություններ իրականացնելուն, մյուս կողմից նախագահների մակարդակով հռետորաբանության փոխհրաձգություն կա »,- նշեց իրանագետը։

Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ այս համատեքստում որոշակի ռիսկեր են առաջանում նաև Հայաստանի համար։ Ըստ իրանագետի՝ Իրան-ԱՄՆ լարված հարաբերությունների և պատժամիջոցների ֆոնին հատկապես խոցելի ոլորտ է դիտարկվում Հայաստանի բանկային համակարգը՝ կապված Հայաստան-Իրան առևտրաշրջանառության և ընդհանրապես բիզնես գործարքների հետ։

«Պարբերաբար նման խնդիրներ են ծագում․ սկզբում հայաստանյան բանկերում խնդիր կար կապված Իրանի քաղաքացիների բանկային հաշիվների հետ, դժվար է ասել՝ կարգավորվեց, թե ոչ։ Բոլորովին վերջերս էլ Հայաստանի բանկերից մեկը պաշտոնական հայտարարություն տարածեց, որից բխում է, որ Իրանի հետ ոչ միայն բանկային փոխանցումների խնդիր ենք ունենալու, այլ նաև բեռնափոխադրումների հետ, որը կենսական կարևորություն ունի Հայաստանի համար՝ հաշվի առնելով թուրք-ադրբեջանական շրջափակումը», -ասաց Ոսկանյանը և հավելեց, որ այս ռիսկերը պետք է կառավարել, և հետամուտ լինել՝ հասկանալու, թե ինչպիսի գործընթացներ են ծավալվում Իրանի շուրջ։

Վարդան Ոսկանյանի դիտարկմամբ՝ մեզ մոտ այս խնդիրներն արձագանք չեն գտնում, քանի որ մեր երկիրը, հասարակությունը զբաղված է ներքաղաքական խնդիրների քննարկումներով, որոնք ավելի շատ կենցաղային են, ինչի արդյունքում մեզ համար կարևոր նշանակություն ունեցող բազմաթիվ գործընթացների մենք ուղղակի անհաղորդ ենք մնում, կամ հաղորդ ենք մնում միայն որոշում կայացնողների վրա ազդեցություն չունեցող փորձագետների մակարդակով։

Մանրամասները՝ տեսանյութում: