«10 տարվա ընթացքում առնվազն 100 կին սպանվել է ընտանեկան բռնության հետևանքով, մերձավորի, զուգընկերոջ կողմից»․ իրավապաշտպան
|
![]() |
Հանրապետությունում հաճախակի են դարձել կնասպանության դեպքերը, GlobNews.am-ի հետ զրույցում ասաց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի» համակարգող, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, ընտանեկան բռնության և հատկապես կանանց նկատմամբ բռնության վերաբերյալ դեպքերն ավելի շատ են բարձրաձայնվում, քանի որ Հայաստանում արդեն գործում է Ընտանեկան բռնության կանխարգելման օրենսդրությունը, և մարդիկ գիտեն, որ կարելի է դիմել և աջակցություն, պաշտպանություն ստանալ։
«Կնասպանության դեպքերն են հաճախակի դարձել։ Մեկ ամսվա ընթացքում 3-րդ զոհն ունենք։ Կարծես թե իշխանությունը տղամարդկանց ձեռքում կա, փորձ է արվում էլ ավելի դաժան մեթոդներով ցուցադրել այն։ Երեկ նույնպես մարզերից մեկում տեղի է ունեցել սպանություն, որի պատճառն ընտանեկան բռնությունն է։ Տղամարդն իր կնոջը և նրա եղբորը սպանել է աշխատանք կատարելիս։ Ամբողջ գյուղն ասում է, որ տղամարդը բավական երկար ժամանակ հալածանքերի է ենթարկել իր կնոջը։ Պատճառը նույնպես տղամարդու կողմից կիրառված ուժն ու իշխանությունն է»,- նշեց իրավապաշտպանը։
Ըստ Զարուհի Հովհաննիսյանի՝ սա նշանակում է, որ, այնուամենայնիվ, հայրիշխանությունը դեռևս պատրաստ չէ իր դիրքերը զիջելու, հավասարության, մարդու իրավունքների պատկերացման մեջ ապրելու։ Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ հասարակությունը նմանատիպ դաժանությամբ է դիմադրում փոփոխությանը։
Խոսելով վիճակագրական տվյալների մասին՝ Զարուհի Հովհաննիսյանը նկատեց, որ այդ տվյալները հրապարակվում է Քննչական կոմիտեի, ոստիկանության կողմից, որովհետև այդ կառույցներն են ամբողջական վիճակագրությանը տիրապետում։ «Ըստ այդ վիճակագրության, այո, ընտանեկան բռնության դեպքերը շատացել են։ Սակայն կապված այն հանգամանքի հետ, որ գոյություն ունի արդեն օրենսդրություն, որը կարող է պաշտպանել մարդկանց, կանայք դիմում են ոստիկանություն»,- ասաց Հովհաննիսյանը։
Ինչ վերաբերում է կնասպանությանը, իրավապաշտպանը նշեց, որ 10 տարվա ընթացքում առնվազն 100 կին սպանվել է ընտանեկան բռնության հետևանքով, մերձավորի, զուգընկերոջ կողմից։ «Սա այն ցուցանիշն է, որը միջինը կնոջ զոհ գնալու մասին է խոսում։ Իսկ այս տարի արդեն 7-րդ զոհն ունենք»,- ասաց Զարուհի Հովհաննիսյանը։
Նրա խոսքով, կանայք սկսել են ավելի շատ բարձրաձայնել բռնությունների մասին, որի պատճառներից մեկը հասարակական կազմակերպությունների ակտիվությունն է, կանայք արդեն գիտեն պետական մեխանիզմների մասին, որոնք կարող են պաշտպանել կամ աջակցություն տրամադրել։
Ըստ իրավապաշտպանի՝ ոստիկանությունը վերապատրաստվել է բռնության ահազանգերին արձագանքելու և պաշտպանական միջոցներ ձեռնարկելու համար։ «Սակայն դատարաններն ընհանրապես գենդերային զգայունություն չունեն, և այն բոլոր գործերը, որոնք քննվում են դատարաններում վերհանում են բավական լուրջ խնդիրներ։ Այն բոլոր կարծրատիպերը, որոնք հասարակության մեջ առկա են ներթափանցում են նաև դատական համակարգ, նույն դատավորները, դատախազները, քննիչներն ամբողջովին կրում են այդ կարծրատիպերն իրենց մեջ։ Կարծես թե, ամբողջ դատաիրավական համակարգը լծված լինի տղամարդու պաշտպանությանը և կնոջը մեղադրելուն, որ կինն ինչ-որ մի բան արել է և տղամարդուն զայրացրել է»,- գտնում է իրավապաշտպանը։
Խոսելով ընտանեկան բռնության կանխարգելման մասին՝ Զարուհի Հովհաննիսյանը նկատեց, որ մեկ մարմին դա չի կարող անել։ «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին խոսելիս առաջինը հիշում են ոստիկանությանը, սակայն այստեղ շատ համակցված, ամբողջովին քաղաքական մոտեցում պետք է լինի, որովհետև դրան առնչվում է թե՛ սոցիալական հարցերի ոլորտը, թե՛ երեխաների խնամակալության ոլորտը, նաև թաղապետարանը, քաղաքապետարանը, որոնք պետք է իրականացնեն այնպիսի ծրագրեր, որպեսզի կանխարգելվի բռնությունը, և մարդիկ իսկապես վստահ լինեն, որ կստանան պրոֆեսիոնալ աջակցություն»,- եզրափակեց իրավապաշտպանը։
Լուսանկարը՝ Զարուհի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից