Իշխանության քայլերը՝ ավտորիտարիզմի նախերգանք
|
![]() |
Ի՞նչ է նշանակում իշխանության մեջ գտնվող քաղաքական գործիչ. Եթե իշխանության ներկայացուցիչները վիրավորում են և զրպարտում են ընդդիմության ներկայացուցիչներին, դա կարելի է, իսկ եթե նույն ընդդիմության ներկայացուցիչները «վիրավորում» են իրենց, ուրեմն պետք է պատասխանատվությա՞ն ենթարկվեն: Globnews.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ անդրադառնալով Արմեն Խաչատրյանի առաջարկին՝ քրեականացնել իշխանության ներկայացուցչին հրապարակային վիրավորելու կամ նրա ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտելու նպատակով գործողություններ կատարելը և դրա համար պատժել՝ տուգանքով կամ կալանքով:
Քաղաքագետի խոսքով, Արմեն Խաչատրյանը պետք է նախ ասի՝ իշխանություն ասելով ինչ նկատի ունի: Իշխանություն են համարվում և դատական, և ռազամական, և քաղաքացիական ոլորտի ներկայացուցիչները, և չորրորդ իշխանության ներկայացուցիչները՝ լրագրողները: «Հիմնականում ոստիկաությանն ու իրավապահ մարմիններին վիրավորելը քրեականացնելու մասին էր խոսվում, բայց ոչ ոք չի կարող երաշխավորել, որ հետագայում նույն քողի տակ չեն հրամցնի նախարարների, փոխնախարարների կամ քաղաքական գործիչների նկատմամբ «վիրավորական» արտահայտություններն ու հայտարարությունները: Ի դեպ, սա տանում է դեպի բռնապետության, իսկ դա շատ վտանգավոր նախադեպ է լինելու: Շատ լավ կլինի, որ և՛ իշխանությունը, և՛ ընդդիմադիր ուժերը դեմ արտահայտվեն այսպիսի օրինագծի ընդունմանը: Այո՛, մենք իրոք ունենք խնդիր լրատվամիջոցների և քաղաքական շատ գործիչների տարածած ապատեղեկատվության հետ, բայց դա չպետք է դառնա պատճառ, որ թացը չորի հետ խառնվի, ու այս մեթոդով պայքար մղվի ապատեղեկատվության և վիրավորանքների դեմ»,- նշեց Գագիկ Համբարյանը:
Քաղաքագետը հիշեցնում է, որ զրպարտության, անձի վիրավորման և կեղծ մատնության համար օրենսդրական դաշտում կարգավորումներ կան: «Ինձ թվում է՝ այդքանը այս պահի դրությամբ բավարար է, որպեսզի քաղաքական գործիչները իրենց ավելի ապահովագրված զգան: Վիրավորել են իրենց, թող դիմեն դատարան»:
Աժ պատգամավորի առաջ քաշած օրինագիծը, ըստ Համբարյանի, ամբողջությամբ քայլ է՝ ընդդեմ լրատվամիջոցների և ընդդիմադիր քաղաքական գործիչների: «Օրինագիծն ուղղված է լրագրողների նաև ընդդիմադիր քաղաքական գործիչների դեմ, ովքեր բարձրաձայնում են իշխանությունների բացթողումները և սխալները: Օրինակ՝ հնարավոր է, որ այդ ամենը ևս ապագայում համարվի վիրավորանք»:
Հարցին, թե ի՞նչը կարող է համարվել վիրավորանք, ո՞ր պահից սկսած կարելի է համարել, որ քաղաքացին վիրավորել է իշխանության ներկայացուցչին և արդյո՞ք իշխանության ներկայացուցիչներին մականուններով անդրադառնալը կհամարվի վիրավորանք, Համբարյանը պատասխանեց. «Պետք է հասկանալ, որ օրինագիծը նրա համար է, որ մարդկանց բերանը փակեն: Ինչ վերաբերում է մականուններին. եթե էդ մարդուն ամբողջ կյանքում էդ մականունով դիմել են, էդ մականունը հանրային է ու բոլորը գիտեն, էլ ի՞նչ վիրավորանք: Օրինակ Շմայսը, որ ինքն էլ է էդպես ներկայանում, կամ Լեդի Հակոբը, մականունը պիտի համարեն վիրավորա՞նք: Քաղաքացիական օրենսգրքում մենք ունենք, որ հանրային իրողությունը վիրավորանք չի կարող կոչվել»:
Համբարյանը վստահ է, որ խոսքի և մտքի ազատության սահմանափակումները խիստ բացասական հետևանք են ունենալու: «Բազմաթիվ ձերբակալություններ են լինելու, և չի բացառվում, որ Հայաստանը լուրջ խնդիրներ կունենա միջազգային հարթակներում»
Օրինագծի շրջանառումը քաղաքագետը համարում է հետհեղափոխական բռնապետության արգասիք: «Որպես պատմաբան եմ ասում, որ բոլոր հեղափոխություններից հետո բռնապետություններ են առաջ եկել:
Իշխանությունը պետք է ուսումնասիրի պատմություն և հետևություններ անի: Այս պահին Փաշինյանի իշխանությունն ունի տված խոստումները չկատարելու խնդիր, և այս օրինագծով փորձում է հասարակության բերանը փակել»,- նշեց քաղաքագետ Գագիկ Համբարյանը: