Բանաստեղծը մահացավ հեղափոխությունից հետո
|
![]() |
Հետխորհրդային երկրներում հանրային նոր կարգերի ապահովման տարբերակ է հեղափոխությունը: Ի՞նչ է տեղի ունենում հեղափոխություն իրականացրած երկրներում: Որքանո՞վ են բարելավվում մարդու կենսական և սոցիալական պայմանները: Ժողովրդի պայքարի շնորհիվ իշխանության եկած քաղաքական գործիչները որքանո՞վ են հավատարիմ իրենց խոստումներին:
Հայաստանցի և ուկրաինացի լրագրողների համատեղ ջանքերով ստեղծված ֆիլմի միջոցով փորձ է արվել պարզել, թե որքանով են իրագործվել Ուկրաինայի հեղափոխության նախընտրական խոստումները սրտի անհապաղ ու անվճար վիրահատությունն առողջության պահպանման հետ կապված, և ի՞նչ քայլեր է անում Հայաստանի հեղափոխական կառավարությունը՝ քաղաքացիների առողջության պահպանման բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցում:
2014-ին Ուկրաինայի քաղաքացիները հեղափոխություն արեցին հանուն իրավական, սոցիալական պետության: Առողջապահությունն առանցքային ոլորտներից էր, որը պետք է բարեփոխվեր հեղափոխությունից հետո: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հեղափոխությունից հետո հայտարարել էր անվճար ստենդներ տեղադրելու նպատակով մեկնարկած «Ստոպ ինֆարկտ» ծրագրի մասին: «Կիևցիներից յուրաքանչյուրը կարող է դա թույլ տալ իրեն»,- ասել էր Կլիչկոն:
Մինչդեռ, հենց այդ խոստումներն ի գիտություն ընդունելով՝ երիտասարդ բանաստեղծ Աշոտ Կարախանովի ընտանիքը դիմել է Կիևի սրտաբանական ինստիտուտ՝ անվճար վիրահատության խնդրանքով։ Ստացել է մերժում, մահացել է հիվանդանոցից տուն գնալու ճանապարհին։
«2017 թ. Ապրիլը ինձ համար ողբերգական ամիս էր այն առումով, որ այդ ամսվա 23-ին ես կորցրի իմ ամուսնուն: Ամուսինս սրտի խնդիր ուներ, երկար ժամանակ հիվանդ էր 11 թվականից, 2 ինֆարկտ էր ստացել, իսկ 2017 թ. Ապրիլի 23-ին պատահեց 3-րդ նոպան, որից և մահացավ»,- պատմում է Աշոտ Կարախանովի այրին՝ Նաիրա Ղազարյանը:
Նրա ամուսինն Ուկրաինայի քաղաքացի էր և համարում էր, որ սրտաբանական ինստիտուտը բոլոր քաղաքացիների համար է: «Եվ եթե մշակել էր Կլիչկոն նման ծրագիր՝ «Ստոպ ինֆարկտ», ինչու ոչ, ինքն էլ կարող է դիմել և չմերժվել: Բայց, ցավոք, պետությունը ցույց տվեց իր դաժան դեմքը»,- ասում է Նաիրա Ղազարյանը:
Խախտվել է քաղաքացու կյանքի իրավունքը
Առողջապահության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության հարցերն ուսումնասիրող իրավաբան Գայանե Օհանջանյանը հիշեցնում է, որ Ուկրաինան 1945-ից անդամակցում է ՄԱԿ-ին, իսկ 1995-ից՝ Եվրոպայի խորհրդին, միացել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային:
Լինելով ՄԱԿ եւ ԵԽ լիիրավ անդամ պետություն` Ուկրաինան այդ դրույթ խախտողն ու պարտավորության կրողն է, քանզի ակնհայտ խախտել է իր քաղաքացու կյանքի եւ առողջության իրավունքները,- պնդում է իրավաբանը։
ՄԱԿ-ի իրավունքների համընդհանուր հռչակագիրն ու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան վավերացրել է նաև Հայաստանը:
Հայաստանում 2018-ի ապրիլին մեկնարկած թավշյա հեղափոխությունից հետո ևս հնչեցին հայտարարություններ՝ առողջության ապահովման առաջնահերթ ծրագրերի մասին:
Հեղափոխությունից հեղափոխություն
Հետխորհրդային երկրների քաղաքացիներն ամեն անգամ հույս են փայփայում, որ հերթական հեղափոխությունը կտա դրական արդյունք․ կվերականգնվի օրինականությունը և պաշտոնյաների խոստումները կիրագործվեն։ Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո կառավարությունը ևս ներկայացրել է բարեփոխումների ծրագիր․ առողջապհության ոլորտում նախատեսվում են էական փոփոխություններ։ Այդ փոփոխությունների մասին հետհեղափոխական շրջանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների քարոզարշավի ժամանակ հայտարարությամբ էր հանդես եկել նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Երևանի գլխավոր կարդեոլոգ Պարունակ Զելվեյանի խոսքով, բոլոր կառավարությունները մշտապես ներկայացրել են գեղեցիկ ծրագրեր, անհրաժեշտ է խոսքից անցնել գործի։
Հայաստանի հետհեղափոխական զարգացումները հույսեր են ներշնչում Աշոտ Կարախանովի այրուն․ «Մտածում եմ հետ վերադառնալու մասին: Վերջին հեղափոխությունից հետո ինձ համար շատ խթանիչ ուժ էր կարծես, որ պետք է Հայաստանում ինչ-որ մի բան փոխվի»,- ասում է Հայաստանից շուրջ երկու տասնամյակ առաջ արտագաղթած Նաիրա Ղազարյանը:
Ֆիլմը պատրաստվել է ԳլոբՆյուզ մեդիայի համար՝ ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բաց մեդիա հանգույց» ծրագրի աջակցությամբ։