Աշխատանք կա, աշխատել ցանկացող՝ ոչ. Արագածոտնի մարզում գյուղատնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը աշխատողների պակասն է
|
![]() |
Արագածոտնի մարզի տնտեսական զարգացումը նոր տրամաբանությամբ է իրականացվում: Մարզպետ Դավիթ Գևորգյանի խոսքով, տնտեսական զարգացման և մարզի աղքատության ցուցանիշը իջեցնելու նպատակով այժմ կազմվում է մարզի աղքատության քարտեզ: «Առաջին հերթին պետք է հասկանանք՝ ինչ վիճակում ենք մենք: Դրա հետ կապված ես հանձնարարել եմ կազմել մարզի աղքատության քարտեզը: Մենք աղքատության ցուցանիշով նվազագույն առաջին-երկրորդ տեղում ենք:
Այսինքն՝ աղքատության ամենացածր ցուցանիշը մեր մարզում է: Բայց, բնականաբար, այդ ցուցանիշը մեզ չի բավարարում, մենք չենք բավարարվում դրանից և ասում՝ անելիք չունենք: Մենք պետք ա էլ ավելի աշխատենք: 16 տոկոսից մի փոքր ավել է աղքատության ցուցանիշը և մենք պետք է իջացնենք 13, ապա 10 տոկոս: Իհարկե, ես շրջաններով պատկերացնում եմ՝ որտեղ են մարդիկ ավելի աղքատ, պատկերացնում եմ՝ ինչ պետք է անել, որ էդ աղքաությունը հաղթահարենք, բայց ավելի մանրամասն գործնական քայելրի անցնելու համար պետք ա էդ քարտեզը հստակ ունենանք, ու ոչ թե շրջաններով, այլ կոնկրետ համայնքներով»:
Պետականի և մասնավորի զուգորդումը՝ տնտեսությունը զարգացնելու ուղի
Նախ պետք է զուգորդել պետական ծրագրերը մասնավոր ներդրումների հետ: Մարզպետ Գևորգյանը նշեց, որ բազմաթիվ գաղափարներ կան, օրինակ՝ նոր տեսակի ոչ պետական հիմնադրամներ բացել գյուղացիական տնտեսության մեջ զբաղվածների սոցիալական վիճակը բարելավելու համար: Օրինակ՝ երբ սոցիալապես անապահով ընտանիքին ինչ-որ ոչ պետական հիմնադրամ կտրամադրի սերմացու, կտրամադրի որոշ նյութեր, իր ունեցած տնամերձը մշակելու համար: Եվ էդ ստացված օգուտը կմնա էդ մարդուն:
Գումարի կարիք կա, իսկ աշխատելու ցանկություն՝ ոչ
Մարզպետ Դավիթ Գևորգյանի խոսքով, նվեր տալու ավանդույթին պետք է վերջ տրվի: «Ցավոք, բնակչության ցածր տոկոսը տարիներ շարունակ պետական քաղաքականության արդյունքում սովորել է չաշխատել: Ուրբաթ օրերի ես ունենում եմ քաղաքացիների հետ հանդիպում: Շատերը գալիս գումար են ուզում, բայց աշխատել չեն ուզում: Հաշմանդամություն ունեցող, անաշխատունակ, ծեր մարդիկ, իհարկե, չպետք է աշխատեն, պետությունը պետք է նրանց օգնի, բայց երբ 30 տարեկան առողջ երիտասարդը գալիս և ասում է՝ ես 20 հազար դրամ գումար եմ ուզում, ես նրան առաջարկում եմ 3 օր աշխատել: Էդ մադրն էլ ասում ա շնորհակալություն, ես էդ գումարը ուրիշ տեղից կճարեմ, պետք չի: Դա իմ կարծիքով ողբերգություն ա»:
Մարզպետը չի հերքում՝ աշխատաշուկայում իդեալական պայմաններ չկան, շատ տեղերում աշխատավարձը ցածր է, շատ դեպքերում աշխատողների աշխատանքային իրավունքները շարունակում են խախտել, բայց Արագածոտնի մարզում կան տնտեսվարողներ, ովքեր աշխատողի կարիք ունեն: Օրինակ՝ 5000-8000 դրամ օրական աշխատավարձով այգիներում աշխատողնրի են փնտրում, բայց չեն կարողանում գտնել: «Պարզ բան եմ ասում, օրինակ՝ ծառերը պետք ա ջրի, բայց չի գնում, քանի որ 5000 դրամ օրավարձը քիչ ա»:
Դավիթ Գևորգյանը տեղեկացրեց, որ սեպտեմբեր ամսին խոշոր բիզնես ֆորում է լինելու մարզում, մեկ տասնյակից ավելի ներդրումային ծրագրեր կան՝ անասնապահությունից մինչև ամենահզոր ինտենսիվ այգիների մշակում, կոշիկի արտադրությունից մինչև չրանոցների ստեղծում: Սակայն գործարարները հարց են բարձրացնում, եթե իրենք այդ ներդրումն անեն և աշխատատեղ բացեն, այդքան աշխատող կլինի՞, թե՞՝ ոչ:
Ֆանտաստիկն ու իրականը՝ համատեղելի
Վերջին տարիներին, ըստ մարզպետ Գևորգյանի, արտագնա աշխատանքի մեկնողների թիվը կրճատվել է: Կա հակառակ տենդենցը՝ արտերկրում ապրող թալինցի գործարարներից մեկը, ում անունը մարզպետը չհրապարակեց, վաճառում է իր շինարարական տեխնիկան, որպեսզի գա Հայաստան և ներդրում անի: Սակայն այստեղ էլ, Դավիթ Գևորգյանի խոսքով, խնդիր կա: «Արտերկրում հաջողության հասած գործարարները բիզնես գործունեության այլ ծավալներ են ունեցել, մեր երկրի ծավալները նրանց համար խնդիր է: Օրինակ՝ մեր գործարարներից մեկը ՌԴ-ում օրական 450 տոննա հաց է արտադրում և վաճառում, դա իր համար նորմալ ցուցանիշ ա, իսկ մեր համար՝ ֆանտաստիկ: Եվ եթե նա գալիս ասում ա, որ ուզում ա ներդրում անել՝ հսկայական ծավալների մասին ա խոսում, խոսքը՝ 30-40 աշխատողի մասին չի»:
Իրատեսական բիզնես ծրագրերը
• Արագածոտն համայնքում նախատեսվում է խոշոր եղջերավոր անասունների խոշոր ֆերմա բացել, հիմա հողահատկացման և հողի կատեգորիայի փոփոխման աշխատանքներ են տարվում: Քննարկվում է մինչև 1000 գլուխ խոշոր եղջերավոր անասունների ֆերմա հիմնելու հարցը: Բանակցություններ են ընթանում աշխարհի 3 խոշորագույն ընկերությունների հետ: «Մեր երկրի համար բացառիկ բան ա լինելու»,- նշեց Դավիթ Գևորգյանը:
• Կա նախնական համաձայնություն՝ Արագածավանում պահածոների գործարան բացելու: «Մենք պատկերացնում ենք, որ այդ դեպքում ոչ միայն նոր աշխատատեղեր են ստեղծվելու, այլ նաև նոր հողատարածքներ են մշակվելու: Բայց Արագածավանում ջրի խնդիր կա, հողը գերնորմատիվային է, ջուրը միանգամից կլանում է, և պետք ա հասկանանք, որ մարդկանց ձեռնտու լինի այդ հողը մշակել»:
• Ջրերի գործարանի հիմնում: 2 տեղում արդեն ջրերի աղբյուրներ են գտել, ուսումնասիրվում է՝ պաշարները բավարար են, թե ոչ:
Մենք հիմա ուզում ենք եղած միջոցները ճիշտ տրամաբանությամբ բաշխել: Եթե գործարարը գալիս և ասում է, որ ուզում է ինչ-որ ոլորտում ներդրում անել, հիմնականում նշում է՝ կամ Երևանում, կամ մայրաքաղաքին շատ մոտ համայնք պետք է լինի: Մենք ասում ենք՝ չէ, լավ կլինի, որ գնաս այս քաղաքում կամ այս գյուղում ներդրում անել, որպեսզի զարգացումը համաչափ լինի: «Որպեսզի համաչափ զարգացում լինի, պետք է ներդրումները ճիշտ բաշխվեն, ինչը մենք առաջարկում ենք գործարարներին»:
Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:
Նարե Գնունի