Այսօր՝ 2022-01-19 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Հանգստի չգնալը կարող է հանգեցնել ճարպակալման, գլխացավերի, անքնության և այլ խնդիրների. հոգեբան

 

Հանգիստը հոգեբանական և ֆիզիկական զարգացման համար շատ անհրաժեշտ է: Շատ դեպքերում հանգիստը մենք շռայլություն ենք համարում, բայց իրականում դա էն ամենակարևոր գործոններից է, որ կնպաստի մեր հետագա աշխատունակությանը: Հանգստի պակասը ստիպում է անաշխատունակ և դանդաղկոտ դառնալ: Այս մասին «Զարկերակ» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ընթացքում ասաց հոգեբան Տաթևիկ Նահապետյանը:

Հոգեբանի խոսքով, եթե մարդիկ ֆիզիկական հոգնածություն չեն զգում, դա դեռ չի նշանակում, որ նրանք հանգստի կարիք չունեն: «Հանգստի չգնալը կարող է հանգեցնել մի շարք հոգեսոմատիկ խնդիրների, օրինակ՝ գլխացավերի, ճարպակալման, քնի խախտման: Շատերը չեն գիտակցում, որ հանգստի պակասից է իրենց մոտ նման խնդիր առաջանում»:

Հանգստին, ըստ հոգեբանի, պետք է տրամադրել 2 շաբաթ՝ 14 օր: «Սովորաբար մարդիկ ասում են՝ դե մի 2 օր հանգստանամ, լավ կլինի: Եթե մենք խոսում ենք առողջ հանգստի մասին, ապա գոնե 14 օր այն պետք է լինի, որովհետև մենք ունենք հոգեբանական ադապտացիայի շրջան: Մոտ 3-4 օրը ադապտացիոն շրջանն է, և եթե մենք վերցնում ենք օրինակ 7 օր արձակուրդ, մենք առաջին 3-4 օրը ադապտացվում ենք, և մնում է հանգստի համար 2 օր: Իսկ այդ ժամանակահատվածում դժվար կլինի լիցքաթափվել: Այդ դեպքերում գնում ենք հանգստի, բայց վերադառնում ենք չհանգստացած»:

Հոգեբանը նշեց, որ հաճախ է լսում, երբ մարդիկ հանգստից վերադառնում են հոգնած: Դրա հիմնական պատճառը հանգստի սխալ տարբերակ ընտրելն է:

«Նախ պետք է հասկանանք, թե մեր անձին հանգստի որ տեսակն է անհրաժեշտ: Լավ կլինի հանգիստը ընտրել հետևյալ ձևով. եթե մենք պասիվ աշխատանքի ենք սովոր, ապա հանգիստը գոնե ինչ-որ ձևով ակտիվ պետք է լինի: Այդ դեպքում չպիտի լինի «պիտիների» դաշտ, պիտի այս անեմ, այն անեմ: Հենց էդ ամեն ինչ հասցնելու ցանկությունն ա մեզ ստիպում լարված լինել նաև հանգստի ընթացքում: Իսկ ակտիվ աշխատող անձանց խորհուրդ կտամ պասիվ հանգիստ»: