Այսօր՝ 2023-06-09 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը ցանկանում է պետությանը հանձնել որդու մեդալները. «իրենք դրանց արժեքը չգնահատեցին»

 

2015թ. դեկտեմբերի 17-ի` լույս 18-ի գիշերը հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձը կասեցնելիս պաշտպանական մարտերում զոհված հետախույզ Ռուբեն Ալեքսանյանի մայրը՝ Լուսիկ Ալեքսանյանը որոշել է պետությանը վերադարձրել որդու մեդալները:

«Ես փորձեցի անել իմ վերջին հուսահատ քայլը: Գնացել էի ՊՆ ու ուզում էի հանձնել Ռուբոյի մեդալները, շատ ծանր պահ էր, վատացա: Դիմումների բաժնի պետը՝ Սաշիկ Պողոսյանը խնդրեց, որ նման բան չանեմ: Ասեց, որ մի քիչ էլ համբերենք, իրենք էլ են դիմել բարեգործի»,- Globnews.am-ի հետ զրույցում նշում է տիկին Լուսիկը:

Տիկին Լուսիկը խնդրել է օր ասել, որպեսզի հանդիպի Պնախարար Դավիթ Տոնոյանի հետ, սակայն նրան ասել են, որ ընդունելության հատուկ օր նախարարը չունի: «Խնդրեց, որ մեդալները հետ տանեմ, քանի որ ինքն իրավունք չունի դրանք վերցնելու: Ասացի, որ կգնամ, բայց եթե էլի արձագանք չստացավ իմ խնդիրը, բերելու եմ միջանցքում դնեմ ու գնամ»,- նշեց տիկին Լուսիկը:

Globnews.am-ը գրել էր, որ ընտանիքը կանգնած է տունը կորցնելու վտանգի առաջ և սպասում է ՊՆ-ի և իշխանության արձագանքին: Սակայն, ինչպես տիկին Լուսիկն է ասում, իրենց ձայնը ոչ ոք չի լսել, ոչ ոք չի էլ կարդացել այն տասնյակ նամակները, որոնք գրել է ինքը՝ հույս ունենալով որևէ արձագանք ստանալ:

Տիկին Լուսիկը դեռևս ապրիլի 2-ին Եռաբլուր պանթեոնում էր փորձել հանձնել որդու մեդալները, սակայն վարչապետ Փաշինյանին չէր հանդիպել:

«Մինչև դեկտեմբեր սպասում ենք, տեսնենք ինչ կլինի: Տան գումարը չենք վճարել, ու հավանաբար դեկտեմբերին մեզ դուրս կհանեն: Մի տարի ժամկետը երկարացրել էին, թույլ տվեցին, որ ապրենք: Բայց հիմա ով ինձ տեսնում նուն բանն ա հարցնում՝ ձեզ տնից հանում են, հա՞: Հիմա ինչ անեմ, ես 1 որդի եմ զոհել պետությանը, մյուս 3 տղաներս էլ ծառայել են բանակում: Հիմա մեկը չկա, որ ինձ կզանգի ու կհարցնի՝ ոնց ենք, ինչ պայմաններում ենք ապրում»:

Տիկին Լուսիկը պատմում է, որ Ռուբենի երկվորյակ եղբայրը՝ Գարեգինը, մեկնել է արտագնա աշխատանքի և անընդհատ ծնողներին խնդրում է թողնել Հայաստանը և միանալ իրեն: «Ես չեմ ուզում, 2 տղաներիս գերեզմաններն էստեղ են, (տիկին Լուսիկի ավագ որդին ՌԴ-ում դժբախտ պատահարի զոհ է դարձել, խմբ.), բայց Գարիկս ասում ա, որ թողնենք գնանք, երբ ուզենք Ռուբոյի գերեզմանին կգանք: Ես էլ որոշել եմ, տեսնենք ինչ ա լինում, գնալու ենք Հայաստանի անձնագրերը հանձնեք ու լքենք երկիրը: Էստեղ մնալու իմաստ չկա»,- ասում է տիկին Լուսիկը:

Հիշեցնենք, որ Ալեքսանյանների ընտանիքը Կաթնառատ գյուղից է, սակայն տարիներ առաջ բնակարան է ձեռք բերել Տաշիրում և տեղափոխվել մշտական բնակության: Բնակարանի համար ընտանիքը մասնակի վճարում կատարել է, սակայն 17 հազար դոլար պարտք է մնացել: 2019 թվականի հունվարի 21-ին պայմանագրի ժամկետը լրացել է, բայց ընտանիքին տան տերերը դեռևս դուրս չեն արել:

Նարե Գնունի