11 բնակավայր՝ 1 համայնքում՝ դահուկային սպորտաձևի հայրենիք դառնալու հեռանկարով. Աշոցքում 40 տոկոսն արտագնա աշխատանքի են
|
![]() |
Պետության կողմից գյուղատնտեսության զարգացմանը խթանող տարբեր ծրագրեր են առաջարկվում, սակայն շատ համայնքներ չեն կարողանում օգտվել այդ ծրագրերից. պատճառն այն չէ, որ դրանք անհասանելի են, այլ որ համայնքները չունեն նախագծերն իրականացնելու հնարավորություն:
Շիրակի մարզի Աշոցք համայնքում գյուղատնտեսության զարգացումը շարունակում է մնալ որպես երազանք. պատճառը բնակլիմայական անբարենպաստ պայմաններն են:
Արտագնա աշխատանքը՝ ապրուստի հիմնական միջոց
Համայնքում աշխատատեղեր չկան, արտագաղթը բավականին լայն մասշտաբների է հասնում: Համայնքի ղեկավար Կարեն Մանուկյանի խոսքով, բնակիչների հիմնական եկամուտը գյուղատնտեսությունից է ստացվում, իսկ կլիման անբարենպաստ է:
«Գումար վաստակելու համար հիմնականում արտագնա աշխատանքի են մեկնում: Կոնկրետ տոկոսով դժվարանում եմ պատասխանել. մարդիկ կան երկար տարիներ է չեն վերադարձել, բայց Աշոցքի քաղաքացիներ են: Մոտավոր 40 տոկոսը մեկնում է արտագնա աշխատանքի»:
Համայնքապետը նշում է՝ թեև մեկնողները շատ են, սակայն բնակչության հիմնական թիվը նախորդ տարվա համեմատ քիչ է փոխվել: Պատճառն այն է, որ բնակիչները երկրում չեն, բայց գրանցված են համայնքում և շարունակում են հաշվառվել՝ որպես հիմնական բնակիչ:
Համայնքների խոշորացումը՝ լուսավոր ճանապարհների հիմք
2016 թվականի հոկտեմբերին ձևավորվել է Աշոցք խոշորացված համայնքը, որն իր մեջ ներառում է Աշոցք, Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Սիզավետ, Ղազանչի, Մեծ Սեպասար, Փոքր Սեպասար, Կրասար, Զույգաղբյուր և Կարմրավան բնակավայրերը:
Համայնքի ղեկավարի խոսքով, համայնքի խոշորացումն Աշոցքի դեպքում արդունավետ է: «Մեր համայնքները փոքր են, իրենց ունեցած եկամուտները փոքր են: Ենթադրենք համայնք ունենք, որ սեփական եկամուտը 600 հազար դրամ է: Էդ աշխատավարձին էլ չի բավականացնի: Խոշորացման պարագայում փոփոխություններ կան լուսավորության մասով, գրունտային ճանապարհների աշխատանքներ տանելու հնարավորություն կա»:
Համայնքների խոշորացումը խնդիր չի առաջացնում, քանի որ հեռավորությունը մեծ չէ, ամենահեռու բնակավայրը (Բավրա, խմբ.) Աշոցքից 10 կմ հեռավորության վրա է:
Սուբսիդավորման ծրագրերը և համայնքի սպասելիքները
Համայնքն այս տարի սուբսիդավորման 3 ծրագրի է դիմել: Դրանցից առաջինը համայնքի մշակույթի տան տանիքի վերանորոգում է, մյուս ծրագիրը ֆոտովոլտային կայանների տեղադրումն է, որն ահագին դժվարությունների առջև է կանգնեցրել համայնքին: Եվ երրորդ ծրագիրը ձյունամաքրիչ ձեռք բերելն է:
«Աշոցքում ձյունամաքրիչ ձեռք բերելը շատ կարևոր է, քանի որ մեզ մոտ 7 ամիս ձմեռ է»,- նշում է Կարեն Մանուկյանը:
Մշակույթի տան տանիքի վերանորոգման ծախսերը 60 տոկոսով հոգալու է համայնքը, 40 տոկոսով՝ պետությունը: Ֆոտովոլտային կայանքի դեպքում հակառակն է՝ գումարի 55 տոկոսը պետք է տրամադրի պետությունը, 45 տոկոսը՝ համայնքը:
Ներդրումները և հավանական եկամուտները
Ռուսասնաբնակ հայերից մի քանիսը նպատակ ունեն Աշոցքում ներդրումներ անելու: Համայնքը ջրի աղբյուրներ ունի և հնարավոր է շշալցում իրականացվի և վաճառվի ջուրը: «Մեկ ներդրող արդեն աշխատանքները սկսել է, գործարանի համար տարածքը գնել է»:
Մեկ այլ բիզնես ծրագիր կապված ջրի շշալցման հետ ևս կա, որի իրականանալուն համայնքը մեծ հույսով է սպասում, քանի որ այդ դեպքում 120 աշխատատեղ կստեղծվի:
Տուրիզմը և Աշոցքը
Տուրիզմի առումով, ըստ համայնքապետի, Աշոցքում բավականին առաջընթաց կա: «Դահուկային սպորտաձևը Հայաստանում ամենազարգացածը Աշոցքում է, Եվրամիությունը ծրագրով դահուկային կենտրոն է կառուցել, մենք ունենք շատ չեմպիոններ, ինչն էլ հետաքրքրում է դահուկասպորտով զբաղվողների համար»:
Համայնքապետը նշում է, որ ռուս սպորտսմեններ են գալիս, ովքեր գալիս են Աշոցք, սակայն պայմաններ չկան, և «տնային պայմաններում» են անցկացնում մարզումները:
Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:
Նարե Գնունի