Երգի առաջարկը իմն է եղել. Շպռոտը՝ Թաթուլ Ավոյանի հետ դուետի և քննադատությունների մասին
|
![]() |
«Աշոտիկ, ջան Աշոտիկ սիրուն տղա Աշոտիկ». վաղուց հայտնի երգի բառեր, որոնք դարձել են քննադատությունների արժանացած նոր հիթի հիմքը:
Օրեր առաջ ամեիրկաբնակ երգչուհի Շպռոտը հանդիսատեսի դատին է ներկայացրել Թաթուլ Ավոյանի հետ դուետ՝ «Բոմ, բոմ» անունով: Հրապարակվելուց հետո երգն անմիջապես մեծ քննարկումների առիթ տվեց. ոմանք նշում էին, որ ուրախ և պոզիտիվ երգ է, մյուսներն էլ նշում էին՝ անճաշակություն:
Globnews.am-ի հետ զրույցում Շպռոտը նշեց, որ դուետի առաջարկն ինքն է արել:
«Վաղուց ուզում էի Թաթուլ Ավոյանի հետ երգել և շնորհակալ եմ, որ չմերժեց: Ես միշտ հին երգերը նորովի եմ ներկայացրել: Եթե հիշում եք, սկսել եմ «Խորոզս տարան» երգի ռոք մշակումով»:
Հարցին, թե արդյոք քննադատությունները չեն հիասթափեցնում, երգչուհին նշեց. «Ես նորմալ եմ նայում քննադատություններին: Առաջին անգամը չի: Ուղղակի, որ անձնական վիրավորանք են հասցնում, շատ եմ ցավում իմ ժողովրդի համար: Այն մաղձը, որ նրանք ունեն իրենց սրտերում, առողջարար չէ: Ես սիրում եմ իմ ժողովրդին, ինչ ասեմ»,- նշում է երգչուհին:
2018 թվականին Հայաստան այցելած երգչուհին նշում է, որ ամեն տարի գալիս է հայրենիք՝ հարազատներին տեսնելու:
«Այս անգամ միայն ընկերներիս և ընտանիքիս տեսնելու համար էի եկել: Ես սիրում եմ Հայաստանը, և մշտական բնակության կվերադառնամ, եթե լուրջ աշխատանքի առաջարկ լինի, անպայման կգամ: Ավելի հաճելի է քո հողում ապրես, ստեղծագործես, և լավ վարձատրվես»:
Երգչուհին նշեց, որ երկար չի սպասեցնի իր երկրպագուներին՝ նոր երգեր շուտով կլինեն: