Այսօր՝ 2023-05-30 | RSS | FACEBOOK

2021-07-08 10:08:06 2021-07-01 08:06:30 2017-10-20 12:23:59 2021-06-21 09:15:55 2019-01-16 10:09:19 2017-09-02 12:20:34 2021-07-09 08:20:34 2019-11-19 09:27:18 2021-07-09 09:25:21 2019-11-21 09:15:52 2021-07-09 08:55:31 2021-07-08 08:41:56

Պետությունը համայնքին թողել է իր հոգսերի հետ, համայնքն էլ դարձել է հարկ խնդրող

 

Հանրապետության մարզերը և համայնքները զարգացնելը եղել է թե՛ նախկին, և թե՛ ներկա իշխանությունների տնտեսությունը զարգացնելու ծրագրային գերնպատակներից մեկը: Դրան միտված շատ քայլեր են արվել և արվում՝ ցածր տոկոսադրույքով գյուղատնտեսական վարկեր, տույժ-տուգանքների ներում (2018 թվականին պետությունը որոշեց ներել գուղատնտեսական վարկերի բոլոր տույժ-տուգանքները՝ գյուղացուն հնարավորություն տալով մարել միայն մայր գումարը) և այլն:

Համայնքների խոշորացում, կամ՝ «իբր թե» փրկում կործանումից

Շիրակի մարզի Ազատան համայնքի ղեկավար Վարդան Իկիլիկյանի խոսքով, համայնքները զարգացնելու համար պետք է ներդրումներ լինեն: «Էսօր եթե դժգոհություններ են առաջանում, որ համայնքները չեն մասնակցում ներդրումային ծրագրերին, ես կասեի, որ մեղավորության ինչ-որ մասը համայնքի ղեկավարներինն է, իսկ մյուսը՝ անտեղյակությունը, որ այսօր բացարձակապես 0 բյուջե ունեցող համայնքներ կան»:

Նրա խոսքերով, կարողությունների շրջանակները շատ փոքր են: «Եվ ինչքան էլ սուբենցիոն ծրագրերի շեմը իջեցվեց, համայնքներ կան, որ շատ դժվարին վիճակում են: Եվ այսօր քայլ է արվում համայնքային խոշորացման՝ իբր թե համայնքները կործանումից փրկելու համար»:

Ազատան խոշորացված համայնքը ներառում է 6 բնակավայր՝ Ազատան, Բայանդուր, Բենիամին, Գետք, Երազգավորս և Ղարիբջանյան:

Համայնքները բարձրաձայնում են, կառավարությունը՝ լռում

Վարդան Իկիլիկյանի խոսքով, հասկանալու համար՝ ինչպես զարգացնել համայնքները, պետք է տիրապետել խնդիրներին, գնահատել դրանք, հետո որոշել՝ ինչ անել:

«Թե գյուղատնտեսության, թե տեղական ինքնակառավարման բնագավառի, և թե կոմունալ-կենցաղային բնագավառի հետ կապված բազմաթիվ առաջարկություններ են ներկայացվել իմ և իմ գործընկերների կողմից, բայց կարծես թե էսօր անփոփոխ են մնում էդ առաջարկությունները»:

Համայնքապետը նշում է՝ առաջարկներ եղել են բոլոր ժամանակներում: «Եթե խոսում ենք համայնքների զարգացման մասին, ապա պետք է ունենանք առաջին հերթին նորմալ կենսակեպ ունեցող ազգաբնակչություն, կենցաղային տարրական պայմաններ, և պետք է հնարավորություն ստեղծել համայնքներում գյուղատնտեսության, անասնապահության, տուրիզմի և այլնի զարգացման համար»:

Որպեսզի համայնքները զարգանան, համայնքի ղեկավարը առաջարկում է, որ համայնքների կողմից սեփական եկամուտների հաշվին գնումներ կատարելու դեպքում պետությունը ավելացված արժեքի հարկից (ԱԱՀ) ազատի:

«Օրինակ՝ 2009 թվականից գնել ենք 5 հակակարկտային կայան: Էն ժամանակ 8 միլիոնից ավել էր, և բանակցային գործընթացում փորձեցինք 7 միլիոն 800 հազաորվ մեկ հակակարկտային կայանը գնել՝ համայնքի միջոցների հաշվին և դիմեցինք կառավարություն, որ եթե ԱԱՀ-ից ազատեն մեզ, 5 հատի փոխարեն 6 հատ կայան կգնենք: Բայց մեր առաջարկը բացարձակապես մերժվեց»:

Հաջորդ խնդիրը, որ մատնանշեց Ազատանի համայնքապետը, այն է, որ կառավարության միջոցներից համայնքներին գումար տրամադրելիս հաշվարկվում են ազգաբնակչության թիվը և սեփական եկամուտները, իսկ ենթակառուցվածքները հաշվի չեն առնվում:

«Այսինքն՝ նույն հարթության վրա գտնվող, նույն ազգաբնակչությունը և սեփական եկամուտներ ունեցող համայնքները ստանում են նույն չափով դոտացիա, էն դեպքում, երբ չունեն ենթակառուցվածքներ՝ արվեստի դպրոց, մանկապարտեզ, մշակույթի տուն, սպորտային խմբակներ և այլն»:

Վարչական բյուջեում գումար չկա, համայնքը դարձել է հարկ խնդրող

Ազատանի համայնքային բյուջեում ներկա պահին մոտավորապես 50 դրամ գումար է մնացել: Համայնքապետը նշում է՝ եթե սեփական եկամուտներ չկարողանան ապահովել, հուլիսի վերջում համայնքը կմնա աշխատավարձերի պարտքերի տակ:

«Սեփական եկամուտներ ապահովում ենք 90 տոկոսից ավել: Միշտ գերակատարել ենք բյուջեն: Հայաստանի բոլոր համայնքները պետությունից ստանում են բյուջեի 8 տոկոսը, որից եկամտահարկը հետ է տարվում, և կարելի է ասել մոտ 5 տոկոս գումար է հատկացվում համայնքներին, մնացած մասով համայնքին թողել են իր հոգսերի հետ»:

Վարդան Իկիլիկյանը նշում է, որ վարչական բյուջեն ապահովելու համար համայնքը դարձել է հարկ խնդրող:

«Ինչ ենք ասում մենք, որ քաղաքացին, ով ունի թանկարժեք մեքենա, գալիս վճարում է իր մեքենայի 150 հազար դրամ գույքահարկը, իր հողի 15000 դրամ հարկը, կամ աղբի վարձը՝ տարեկան 5000 դրամ չի վճարում», ասում է համայնքի ղեկավարը:

Նրա փոխանցմամբ, «վարչական մեթոդներ չունենք, ասում են վարչական վարույթ արեք: Մենք առաջարկում ենք՝ հարկերը դարձնել մեկ պատուհան: Եթե քաղաքացին հասկանում է, որ մեքենայի գույքահարկը չմուծելով տեխզննում չի անցնի, կամ կարող է պետավտոտեսչությունը պատժի դրա համար, ստիպված վճարում է: Իսկ մենք ինչ անենք մեր հարկերի համար, երբ վարչական վարույթ ենք սկսում, քաղաքացին թոշակ չունի, աշխատավարձ չունի, ընդամենը ԴԱՀԿ բաժնից հետ է գալիս մեր որոշումները, ասում են մտեք դատարան, հողի մասնահանձնում արեք: Իսկ էսօր դաարաններում ի՞նչ վիճակ է: Մեկ քաղաքացիական հայցը մոտավորապես 2-3 տարի չի լուծվում»:

Համայնքապետը նշում է, որ այսօր թոշակառում է մուծում հարկերը, հարուստները՝ խուսափում են: Իսկ եթե հարկերը մեկ պատուհանով գանձվեն, ապա բնակչության 80 տոկոսը, որ մեքենա ունի, ավտոման մյուս հարկերն էլ է վճարելու մեքենայի հարկի հետ միասին: Էդ դեպքում կստացվի, որ համայնքը սեփական եկամուտներ կունենա, համայնքը միջոցներ կունենա»:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Նարե Գնունի